Գրքեր

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան տոնի պատգամը

Ցնծացե՛ք, սիրելինե՛ր և մեծ խնդությամբ երգեցե՛ք. «Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, Տեառն մերոյ և յայտնության»:

Այո՛, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, այսօր տոների սկիզբն է, այսօր Բեթղեհեմի երկնակամարում մի վառ աստղ ծագեց՝ ավետելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի լուսապայծառ Սուրբ Ծնունդը, որի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ամենքիս: Այսօր ցնծում է ողջ Տիեզերքը, քանզի մոտ երկու հազարամյակ առաջ, այս օրը, ականատեսը եղավ հրաշքների հրաշքին՝ բեթղեհեմյան քարայրերից մեկում Սուրբ Կույսից Աստվածորդու լույս աշխարհ գալստյանը: Այսօր ցնծում ենք մենք՝ բոլոր մահկանացուներս, քանզի Նա Մարդու Որդի դարձավ, որպեսզի մենք կրկին ձեռք բերենք Աստծո որդեգիր զավակների անգին կոչումը և ծնվեց մարմնապես, որպեսզի մենք էլ հոգևոր անմահ ծնունդ ունենանք: Ուստի թող աստվածային ուրախությամբ խայտան մեր հոգիներն այսօր և միասնական գոհաբանություն վերառաքենք առ Երկնակալ Աստված այն մեծագույն խորհրդի համար, որ պարգևեց մեզ: Նա խոնարհության մեծագույն դասը տվեց մեզ, երբ Երկնքի անհուններից ցած իջավ, որպեսզի երկրային ծնունդ ունենա և մարդկային մարմին առնի, ու երեսուներեք տարի անց այդ սուրբ մարմինն ու արյունը զոհասեղանին դնի իմ ու ձեզանից յուրաքանչյուրի փրկության համար: Բոլոր հնարավոր վայրերից Նա մսուրն ընտրեց աստվածային Իր ծննդյան համար, այն պարագայում երբ մենք կխորշենք դրա կողքով անցնել նույնիսկ, էլ չեմ խոսում մեր զավակին այնտեղ լույս աշխարհ բերելու մասին…

Նա երկիր իջավ, որպեսզի մեզ Իր հետ Երկինք բարձրացնի, որպեսզի մարդկության առջև բաց անի այնքան բաղձալի Երկնային Արքայության դռները, որ հենց մարդն ինքն էր կորցրել: Եվս մեկ անգամ Աստված հավատարիմ գտնվեց Իր խոստմանը և ծնվեց Նրա խոստացած Փրկիչը, որ պիտի աշխարհ գար ու փրկության ազատարար լույսը բերեր մեղքի գերության մեջ տառապող մարդկությանը: Այսօր կատարվեց Սուրբ Աստվածածնին բերված Գաբրիել հրեշտակապետի ավետիսը, որ ասում էր. «Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, որովհետև Աստված քեզ հետ է: …Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: … Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. 1:28-34):

Աստվածային Լույսը՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի, շողաց մեր կյանքի խավարում, որպեսզի կատարվեն նաև ավետարանչի մեջբերած մարգարեության խոսքերը. «Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր ապրում, տեսավ մի մեծ լույս, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին մահվան աշխարհի ու ստվերի մեջ» (Մտթ. 4:16):

Արդ, լցվե՛նք այդ աստվածաշնորհ կենարար լույսով, սիրելի՛ հավատացյալ բարեկամներ, լցվե՛նք փրկության հույսով: Կրողները լինենք այդ լույսի մեծ պատասխանատվության: Ստանձնե՛նք Սուրբ Ծննդյան լույսը մեր հոգիներում անմար պահելու և շրջապատող աշխարհի խավարում տարածելու առաքելությունը: Նրա հետ նոր կյանքով ծնվենք այսօր՝ Քրիստոսապատգամ անձնազոհ սիրով լցված կյանքով, և թող այդ կյանքից մշտապես ճառագի Տիրոջ ծննդյան փրկչական լույսն ու ավետի ամենքին.

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

05.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․