Գրքեր
Ինչպե՞ս պետք է հասկանալ բոլոր մարդկանց՝ իրար սիրելու պատվերը:

Հնարավորինս և յուրաքանչյուրն իր կարողության չափով բոլորին բարիք անել. և, ոչ ոքի չարիք չգործելուց բացի, ուրիշից անարդարացիորեն զրկանք կրելիս, հակառակորդի հանցանքները ներելով, նրա ուղղվելու համար առ Աստված աղոթել,- ահա սա է ընկերական սիրո հիմքը: Հիրավի,  հին օրենքում գրված է, որ երբ մարդ իր ընկերոջ աչքը հանի, դրա փոխարեն նրա աչքը պիտի հանվի, բայց Հիսուսը պատվիրեց չարիքը չարիքով չհատուցել, այլ ընդհակառակը, «եթե մեկը աջ այտիդ ապտակի, մյուս այտդ  շրջի՛ր, եթե մեկը կամենա շապիկդ վերցնել, բաճկո՛նդ էլ տուր նրան, եթե մեկը քեզ հանիրավի մեկ մղոն տեղ տանել ցանկանա, նրա հետ երկո՛ւ մղոն գնա, և վերջապես, երես մի՛ դարձրու այն մարդուց, որը քեզնից ողորմություն  է ուզում ստանալ կամ փոխ առնել է ուզում»:

Այս կերպ խոնարհությամբ վարվող անձը ոչ միայն իր հակառակորդին է հաղթում, այլև ամենայն չարիքի պատճառ սատանային էլ է ոտքի տակ տալով նվաճում. որովհետև նա է, որ մարդկանց միջև միշտ հակառակություն և ատելություն է սերմանում, որպեսզի միմյանց հետ թշնամացնելով՝ մեղք գործել տա և դժոխքի արժանացնի:  Այս պատճառով  երբ մարդը, անգամ իր թշնամու հետ սիրով վարվելով,  նրա հանցանքները ների, անիծյալ սատանան, իր լարած որոգայթի մեջ ընկնելով, կխայտառակվի: 

Ի՞նչ եք կարծում, երբ մի մարդ ընկնելով վնասվի, նրան տեսնողը, կարեկցելով հանդերձ, չի՞ զգուշանա, որ ինքն էլ չընկնի: Ուրեմն եթե մեկը քեզ չարիք է պատճառում, դու բարկանալով մի՛ փափագիր վրեժխնդիր լինել, այլ նրա տկարամտությանը կարեկցանքով նայելով՝ վախեցի՛ր, որ դու ևս նրա նման չարության մեջ չգլորվես: Եթե մարդ միայն իրեն բարիք անողին սիրի, թեև պարտքը կկատարի, բայց առաքինի չի լինի, քանի որ չար մարդիկ ևս իրենց սիրելիներին կամ բարեկամներին սիրում ու հարգանքով են վերաբերվում:

Սակայն նա է կատարյալ առաքինի, ով իրեն զրկանք և վնաս պատճառող անձի հետ սիրով վարվելով՝ նրա ուղղվելու համար սրտագին աղոթում է Աստծուն  և այս կերպ նմանվում է իր երկնավոր հորը՝ Աստծուն:Արդարև, այսպիսի կատարյալ մարդը բոլորի հետ սիրով է ապրում և ոչ ոքի չի վշտացնում, և ինքն էլ ոչ ոքից չի նեղանում: Որովհետև ոչ թե մարդուն, այլ մարդու չար գործն է ատում ու մերժում, մանավանդ որ վախենում է, թե միգուցե ինքն էլ նրա պես սխալվի և մեղանչի  ի վնաս իրեն և ընկերների:

Ճշմարիտ է, որ վշտակրությունը մարդու կամքին ու բնությանը հակառակ է, և պետք է ցավից և վշտից խույս տալ, բայց երբ մեկն առանց հանցանք գործելու ցավերի է ենթարկվում, գոհությամբ համբերելով, երբեք իր ցավերի և կամ զրկանքների պատճառ եղող անձի դեմ չի բարկանում և մինչև իսկ նրա դարձի և ուղղվելու համար աղոթում է առ Աստված, և այդ կերպ երկնային հավիտենական վարձի է արժանանում: Այս է բարի, առաքինի և կատարելության ձգտում ու տենչ ունեցող մարդու միակ մտադրությունն  ու նպատակը:

Վերոհիշյալ առաքինությունների վերաբերյալ անհրաժեշտ խրատները տալուց հետո Հիսուսը խոսում է նաև ողորմության մասին և պատվիրում ողորմություն տալ, աղոթել ու ծոմ պահել, բայց ոչ թե կեղծավոր մարդկանց պես՝ մարդկանցից փառավորվելու նպատակով, այլ Աստծու փառքի, պատվի և սիրո համար, առանց որևէ մեկին հայտնելու և գաղտնի, որպեսզի Աստված դրա փոխարեն հայտնապես հատուցի, որովհետև մարդկանց ի տես և նրանց գովեստը մուրալու համար առաքինություն գործող անձը երբեք չի կարող և իրավունք էլ չունի երկնային վարձ ակնկալելու:

Այնուամենայնիվ, մի՛ կարծիր, թե հայտնապես ողորմություն տալը, աղոթելը կամ ծոմ պահելը պատշաճ չէ. հարկավոր է, որ դա արվի միայն Աստծու օրհնյալ անվան փառքի  համար, քանի որ ըստ անհրաժեշտության հայտնապես էլ պետք է առաքինություն գործել և պարտականություն կատարել, ինչպես որ Հիսուսն ինքը հրամայում է՝ ասելով. «Թող մարդիկ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն Աստծուն, որ ձեր երկնավոր հայրն է»:

Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, մեզ աղո՛թք սովորեցրու, ինչպես որ Հովհաննեսն իր աշակերտներին սովորեցրեց»: Նա էլ այն մասին, թե ինչպե՛ս պետք է աղոթել,  հակիրճ ասում է. «Երբ որ աղոթքի եք կանգնում, այսպե՛ս ասացեք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի անունդ: Թագավորությունդ թող գա: Կամքդ կատարվի ինչպես երկնքում, այնպես և երկրիս վրա: Մեր ամենօրյա հացը շնորհի՛ր մեզ այսօր, և ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտապաններին: Մեզ փորձության մի՛ տանիր, այլ ազատի՛ր մեզ չարից: Որովհետև թագավորությունը, զորությունն ու փառքը քոնն են: Ամեն»:

Այս աղոթքն ամեն օր՝ առավտյան և երեկոյան, կարդացվում է սուրբ եկեղեցում, և բոլոր քրիստոնյաները, այն սերտելով, աղոթքի կանգնած ժամանակ աղոթում են առ Աստված:

Իսկապես, այս աղոթքում Հիսուսը հայտնում է, թե մարդն ի՛նչ է պարտավոր խնդրել Աստծուց: Բայց դրանից բացի, նա նաև մի առակ է պատմում՝ սովորեցնելու համար, թե  ինչպե՛ս պետք է աղոթել, որպեսզի մեր խնդրանքն ընդունելի լինի: «Մի մարդու,- ասում է նա,- որ ուտելու ոչինչ  չուներ, գիշերով հյուր է գալիս իր  մի բարեկամ: Այդ պատճառով նա ստիպված գնում է իր մեկ այլ բարեկամից երեք հաց ուզելու: Նա էլ պատասխան է տալիս, թե՝ «Նեղություն մի՛ պատճառիր ինձ, որովհետև դուռը փակ է, և երեխաներս պառկած են»: Բայց այսպիսի առարկությամբ նրա մերժողական պատասխանը բարեկամին չի համոզում, և նա կրկին ու կրկին բախում է դուռը: Այդ ժամանակ ոչ թե հանուն բարեկամության, այլ նրա չափազանց թախանձագին խնդրանքի պատճառով ելնում ու տալիս է, ինչ որ պետք է»:

Արդ եթե մարդը թախանձանքով աղաչողի խնդիրը կատարում է, ապա որքա՜ն առավել Աստված մարդկանց աղաչանքն ու խնդրանքը կընդունի և կկատարի, քանի որ նա գթասիրտ է, և իր ողորմությունը ոչ ոքի չի խնայում: Այս պատճառով Հիսուսը վճռաբար հրամայեց՝ ասելով. «Խնդրեցե՛ք, որ տրվի ձեզ, փնտրեցե՛ք, որ գտնեք, և բախեցե՛ք, որ բացվի ձեր առաջ, քանի որ նա, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և, վերջապես, ով բախում է, նրա առջև դուռը բացվում է»: Բայց պայմանով, որ կատարյալ հավատով, մաքուր մտքով, խոնարհ սրտով, սաստիկ ու անկեղծ սիրով, ինչպես նաև առանց ձանձրանալու, հարատևաբար խնդրվի, որովհետև ըստ արժանվույն չխնդրող անձը իր խնդրանքի կատարմանը երբեք չի արժանանա:

Սրանից բացի, մարդ ինչ որ խնդրի, խնդրածը պետք է իր հոգուն օգտակար լինի: Այս պատճառով Հիսուսն ասում է. «Ո՞ր հայրն է, որի որդին հաց ուզի, ինքը քար տա նրան, կամ ձուկ ուզի, և ինքը օձ տա: Եվ կամ ձու ուզի, և ինքը կարիճ տա ձվի փոխարեն»:

Արդարև, երբ մի մանուկ, խելահաս չլինելով,վնասակար որևէ բան խնդրի, իհարկե, հայրը չի տա: Այդպես էլ եթե մեկն առանց իր ճշմարիտ օգուտն ու վնասը զանազանելու մի վնասակար բան խնդրի Աստծուց, նրա խնդրանքն անկատար կմնա:

Ուրեմն այն անձը, որն իր խնդրանքի կատարումն է ցանկանում, թող խնդրի այն, ինչ հոգուն օգտակար է, հատկապես վերոհիշյալ արժանի եղանակով թող խնդրի: Հիսուսը, այսպիսի հոգևոր խրատներով ամենքին կարևոր և օգտակար առաքինության հրահանգները տալով, միևնույն ժամանակ զգուշացնում է բոլորին հեռու մնալ անարժան և անվայելուչ ընթացքից, որպեսզի իրենց վարձը չկորցնեն: Որովհետև մարդը պարտավոր է ոչ միայն առաքինություն գործելու, այլև վատ ու տգեղ որևէ ընթացքից բացարձակ զգուշանալու: Այս պատճառով Հիսուսը նորից պատվիրում է, որ մարդիկ, այլևայլ պատճառներով իրար հանցավոր համարելով, չպետք է դատապարտեն: «Որովհետև,- ասում է,- ինչ չափով կամ դատաստանով որ ուրիշներին դատեք, դուք ևս նույն չափով և կանոնով պետք է դատվեք: Ինչո՞ւ եղբորդ աչքում եղած շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը չես տեսնում: Կամ  ի՞նչ իրավունքով կարող ես եղբորդ ասել՝ «Թո՛ւյլ տուր, որ աչքիդ շյուղը հանեմ»: Նախ քո աչքի գերա՛նը հանիր, հետո ուրիշի աչքի շյուղը հանելո՛ւն նայիր»:  Արդարև, հավասարապես այս են պահանջում թե՛ աստվածային օրենքը և թե՛ մարդկային ողջամտությունը կամ ճշմարիտ մարդասիրությունը:

Այս մասին հարկավոր է լավ և մեծ ուշադրությամբ խորհել, որովհետև հանցավորին պատժելու պաշտոնը Աստծու և նրա կողմից կարգված դատավորներին է պատկանում: Ուստի այն անձը, որը ուրիշներին կեղծավորաբար և հանիրավի մեղադրելով՝ իրեն անմեղ ու արդար է կարծում կամ ձգտում է այդպիսին ցույց տալ, մեծապես մեղանչում է և երբեք չի ուղղվի, քանի որ իր հանցանքը ճանաչելո՛վ մարդը կկարողանա զղջալ:

Այս պատճառով Հիսուսն այդպիսի անուղղելի և կեղծավոր մարդկանց նմանեցնում է շան և խոզի և բացարձակ արգելում է, որ նրանց առջև հոգևոր բաների մասին խոսվի, որովհետև նրանք ոչ միայն որևէ հոգևոր խրատ կամ ճշմարտություն չեն ընդունում,  այլև ջանում են իրենց ամբողջ զորությամբ արհամարհել դրանք ու խափանել դրանց  տարածումը: Մինչև իսկ դրանք քարոզող անձանց պատժելու համար խույս չեն տալիս ոչ մի զոհողությունից, այնքան մեծ է նրանց կամակոր համառությունը:

Արդ, ճշմարտությանն անկեղծորեն հետևող անձինք պարտավոր են ոչ ոքի չմեղադրել, ոչ ոքի գործերը չքննել, այլ իբրև իրենց կյանքի և ընթացքի ուղեցույց ունենալ այս գեղեցիկ կանոնը. «Ինչ կամենում ես, որ ուրիշներն անեն քեզ, դու էլ նո՛ւյնն արա ուրիշներին»: Մանավանդ եթե կամենում ես Աստծու արքայության ժառանգորդ լինել, երկրի վրա պատահած ցավերին դիմացի՛ր ի սեր նրա և հոժարակամ տա՛ր ամեն նեղություն, որովհետև միայն մարմնավոր հաճույքներին հետամուտ եղող անձինք հանդերձյալ աշխարհում դրա փոխարեն պետք է տանջանք կրեն:

Դրա համար Հիսուսն առաքինության ճանապարհը նեղ դռան է նմանեցնում, որով մտնողը երկնային արքայություն կգնա, իսկ աշխարհիկ զբոսանքների վայելքը լայն դռան է նմանեցնում, որով մտնողը կորստյան կմատնվի: Ուրեմն առաքինության սիրով ապրող մարդիկ  թող երբեք չտրտմեն, եթե նեղությունների հանդիպեն, քանի որ այդպիսի նեղությունների վախճանը հավիտենական ուրախությունն է: Սրան հակառակ՝ ամբողջ կյանքում աշխարհային մարմնավոր զվարճությամբ զբաղված մարդը չի ուրախանալու, քանի որ այդ զվարճությունների վախճանը հավիտենական տանջանքները են լինելու: Այսուամենայնիվ, իրողությունն այն է, որ շատերը լայն դռնով են գնում, իսկ նեղ դռնով քչերն են գնում:

Հիսուսը, նկատելով, որ հրեա օրենսգետներն ու փարիսեցիները անձնատուր են եղել մարմնավոր հաճույքների, նրանց նմանեցնում է ոչխարի մորթի հագած հափշտակիչ գայլերի և սուտ մարգարե անվամբ հիշատակելով՝ պատվիրում է զգուշանալ նրանցից և նրանց խոսքերին չնայել, այլ իրենց գործերով ճանաչել նրանց: Որովհետև լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը, բնականաբար, վատ պտուղ է տալիս: Հետևաբար նրանք, չար լինելով, չեն կարող բարի գործեր ունենալ, քանի որ դա իրենց բնությանն իսկ հակառակ է:

Փրկիչը պարզապես հայտնեց, թե այդպիսիները, որքան էլ գիտուն լինեն և մինչև իսկ հրաշք գործեն, դատաստանի օրը պիտի դատապարտվեն, քանի որ (տե՛ս չորրորդ դարի ԻԳ. հարցը) մարդը գիտությամբ և հրաշքով չի կարող արքայություն  մտնել, այլ աստվածային պատվիրանների և օրենքների գործադրությամբ միայն: Այս պատճառով Հիսուսի պատվիրանների համաձայն ապրող մարդը նման է իմաստուն մարդու, որն իր տունը ժայռի վրա է կառուցում, այնպես որ այն անձրևից, հեղեղից ու հողմից չի կործանվում: Իսկ հակառակ կյանք վարողները նման են հիմար մարդու, որն իր տունը ավազի վրա է կառուցում. այն կործանվեց անձրևից, հեղեղից ու հողմից, և նրա կործանումը սաստիկ էր ու կատարյալ:

Այնուհետև, երբ Հիսուսը լեռից ցած իջավ, նրան մեծ բազմություն հետևեց: Մի բորոտ մարդ, Փրկչին տեսնելով, երեսնիվայր երկրպագություն մատուցեց՝ ասելով. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ բժշկել»: Հիսուսը, նրան գթալով, ձեռքը պարզեց և ասաց. «Կամենում եմ, բժշկվի՛ր»: Եվ իսկույն բժշկվեց բորոտը, որին Հիսուսը պատվիրեց ոչ ոքի ոչինչ չասել, այլ գնալ ու իրեն քահանային ցույց տալով՝ օրենքի համաձայն զոհ մատուցել: Բայց նա հեռանալով սկսեց բոլորին պատմել պատահածը: Այդ պատճառով ժողովուրդը այն աստիճան եռանդով էր խումբ-խումբ գալիս Հիսուսի քարոզությունը լսելու, որ ահագին բազմության պատճառով չկարողանալով քաղաք մտնել՝ նա մի ամայի տեղ քաշվեց աղոթելու համար:

Սակայն որքան ժողովուրդը հաճությամբ փառավորում էր Հիսուսի անունը, փարիսեցիները նույնքան նախանձելով փափագում էին վատաբանել նրան: Ինչպես որ մի շաբաթ օր, երբ Հիսուսն անցնում էր արտի միջով, և առաքյալները, քաղցած լինելով, պոկում էին ցորենի հասկն ու ափի մեջ մանրելով ուտում, փարիսեցիներից ոմանք, տեսնելով սա, սկսեցին ասել. «Շաբաթ օրով վայել չէ այդպես վարվել»: Եվ այս մեղադրանքը աշակերտներին ուղղելով ՝ Հիսուսին ասում են. «Տե՛ս, աշակերտներդ ի՛նչ են անում: Ինչ որ շաբաթ օրը չի կարելի անել»: Այս խոսքով ուզում էին նրան ևս մեղադրել:

Հիսուսը, Սուրբ Գրքից օրինակ բերելով, հայտնում է, թե՝ «Դավիթն ինչպե՞ս կերավ խորանում՝ սեղանի վրա դրված հացը, որ քահանայից բացի  ոչ ոք չէր կարող ուտել» (Ա Թագ. 21:6), և որ տաճարում քահանաները շաբաթ օրը զբաղվում են զոհագործությամբ՝ առանց հանցավոր համարվելու, որովհետև շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար: Հատկապես որ այս պատվերն իր հրամանն է, և ինքը շաբաթ օրվան ևս կարող է իշխել իր գերագույն կամքին համապատասխան:

Թեպետև այս խոսքերին փարիսեցիները ոչ մի պատասխան չկարողացան տալ, այսուամենայնիվ, իրենց չար նախանձից և հետևաբար Հիսուսին չարախոսելու մտադրությունից դարձյալ հետ չկանգնեցին:

Որովհետև հաջորդ շաբաթվա շաբաթ օրը Հիսուսը Կափառնայում քաղաքում նրանց ժողովարանն է գնում, իսկ  այնտեղ գոսացած ձեռքով մի մարդ է լինում: Փարիսեցիները հարցնում են Հիսուսին, թե՝ «Շաբաթ օրով կարելի՞ է հիվանդ բժշկել»: Նրանց այս հարցման նպատակը ժողովրդի աչքում նրան հանցավոր ներկայացնելն էր և չարախոսելը, որովհետև գիտեին, որ նա պիտի ասեր, թե՝ «Կարելի է» (քանի որ երեսունութ տարի անդամալույծը  շաբաթ օրով բժշկվել էր, ինչպես հիշատակվեց Ի. հարցում):  Հիսուսը պատասխանում է նրանց. «Եթե ձեզնից մեկի ոչխարը շաբաթ օրը փոսն ընկնի, մի՞թե չեք հանի նրան: Որչա՞փ  ևս առավել է մարդը»:

Արդ, այս օրինակով շաբաթ օրը բարիք գործելու պարտականությունը հաստատելուց հետո գոսացած ձեռքով այն նույն մարդուն ասում է. «Ձեռքդ պարզի՛ր»: Եվ նա, իր ձեռքը երկարացնելուն պես, իսկույն բժշկվում է: Սակայն փարիսեցիները դուրս գալով խորհրդակցում են, թե Հիսուսին ինչպե՛ս կորստյան մատնեն: Քանի որ նրանց այս դիտավորությունը հայտնի էր Հիսուսին, նա այնտեղից գնում է: Նրա հետևից շատ ժողովուրդ ևս գնում է,  և Հիսուսը նրանց բոլոր հիվանդներին բժշկում է՝ միաժամանակ պատվիրելով, որ իր մասին ոչ ոքի ոչինչ չհայտնեն:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․