12 Մայիս, Բշ, Հինանց ԻԳ օր
Ծնվել է 1928թ.-ի հոկտեմբերի 30-ին Կահիրեում, Եգիպտոս:
Կրթությունը ստացել է տեղի Գալստյան ազգային վարժարանում, որի միջնակարգ դասընթացը ավարտել է 1946-ին:
1947թ. հայրենադարձվել է Հայաստան և մշտական բնակություն հաստատել Լենինական քաղաքում:
1947-1955թթ. աշխատել է Լենինականի տեքստիլ գործարանում, միաժամանակ որպես դպիր ծառայելով Լենինականի Ս․ Յոթ վերք եկեղեցում։
1955թ․ ավարտելով տեքստիլի տեխնիկումի երկամյա դասընթացը, կարճ ժամանակ աշխատել է որպես ենթավարպետ:
1955թ. հունիսի 26-ին ձեռնադրվել է քահանա՝ ձեռամբ Տ․ Վահան արք․ Կոստանյանի:
1957 և 1965 թթ. Վեհափառ Հայրապետի կողմից, բարեխիղճ ծառայության համար, շնորհվել է լանջախաչ և ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
1973թ. Վեհափառ Հայրապետը տեր հորը շնորհել է ավագության պատիվ:
Տեր Արամը Լենինականի Ս․ Յոթ վերք եկեղեցում ծառայել է 26 տարի։ Նաև ղեկավար է եկեղեցու քառաձայն երգչախումբը։
1981թ․ սկզբին Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ և համաձայնությամբ տեղափոխվել է Երևան և շարունակել իր ծառայությունը Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում որպես ավագերեց և լուսարարապետ։
1986թ.-ին երեցկնոջը՝ Արտաշուհուն կորցնելուց հետո, 1987թ․ փետրվարի 28-ին, համաձայնությամբ և օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի, Մայր տաճարի լուսարարապետ գեր․ Տ․ Հուսիկ արքեպիսկոպոսի ձեռքով ստացել է վեղար կրելու իրավունք և որպես կուսակրոն քահանա ընդգրկվել Մայր Աթոռի միաբանության շարքերը:
Վեհափառ Հայրապետը, նկատի առնելով նրա երկարամյա ծառայությունը Հայ Եկեղեցուն, շնորհել է լանջախաչ կրելու իրավունք:
1987թ․ ապրիլի 30-ին Օշականի Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրության համաձայն, ձեռամբ գեր․ Տ․ Ներսես արք․ Պոզապալյանի, Տ․ Արամ աբեղա Բոյաջյանին շնորհվել է վարդապետական աստիճան։
Վեղար ստանալու օրվանից վարել է Մայր տաճարի փոխլուսարարապետի պաշտոնը։
1988թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, Եգիպտոսի առաջնորդ գեր․ Տ․ Զավեն արք․ Չինչինյանի հրավերով մեկնել է Կահիրե՝ հովվական ծառայության: Առողջության վատացման պատճառով վերադարձել է Մայր Աթոռ։
1988թ. նոյեմբերի 15-ին կնքել է իր մահկանացուն: Վերջին օծման կարգը կատարվել է Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Աճյունն ամփոփվել է Երևանի Շահումյանի շրջանի գերեզմանոցում։