Աստվածապաշտական գրքեր, եկեղեցական սպասք և զգեստներ

Աստվածապաշտությունը այն ծառայությունն է, որ մատուցվում է Աստծուն, իսկ աստվածապաշտության կարգը այն արարողություններն ու ծեսերն են, որ կատարվում են եկեղեցում:Աստվածապաշտության գլխավոր հիմնադիրը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է:

«Ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ ապրելու, որովհետև եթե մարմնի մարզումները օգտակար են որոշ բաների համար, ապա աստվածապաշտությունը ամեն ինչի համար է օգտակար, քանի որ այն խոստանում է կյանք տալ թե՛ այս, թե՛ հանդերձյալ աշխարհում» (Բ Տիմոթեոս 4. 8-9):

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աստվածապաշտության կարգերի ու արարողությունների հիմքը դրեցին Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալները և հետագայում նրա կարգավորությունը հանձնեցին իրենց հաջորդող եպիսկոպոսներին: Աստվածապաշտության կարգերը հարստացրին և կարգավորեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ թարգմանիչները, Գյուտ կաթողիկոսը և Հովհան Մանդակունի հայրապետը զարդարեցին զանազան երգերով, աղոթքներով և ընթերցումներով:

Աստվածապաշտության կարգը կատարելու համար աշխարհի բոլոր եկեղեցիներում էլ եղել են և կան եկեղեցական անոթներ, սպասքներ, զգեստներ, գրքեր և զարդեր՝ տարբերվելու համար սովորական, ամենօրյա նիստուկացից:

Սուրբ Գրքում հանդիպում ենք Աստծո կողմից տրված զանազան պատվիրան-հրահանգների աստվածապաշտության տարբեր հարցերի վերաբերյալ (Ելք 24; 25, Ղևտական և այլն):

Քրիստոնեական բոլոր եկեղեցիներում էլ կիրառվող սպասքների, անոթների, զգեստների սկիզբը պետք է փնտրել Սուրբ Գրքում:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր բոլոր արարողություններին համապատասխան ունի իր աստվածապաշտական գրքերը, սպասքը և զգեստները:

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանում, Գանձատանը ցուցադրված թանկագին զգեստները, սպասքները վկայում են, որ դարերի ընթացքում դրանք պահպանվել են շատ չնչին փոփոխություններով և որ հարյուրավոր տարիներ առաջ էլ մեր եկեղեցական զգեստներն ու սպասքները նույն ձևն ունեին, ինչ այժմ՝ տարբերվելով մեկը մյուսից աշխատանքի, արվեստի նորանոր կատարումներով և շքեղությամբ:

Այս բաժնի միջոցով յուրաքանչյուր ընթերցող կծանոթանա, թե ե՞րբ և ինչո՞ւ համար են գործածվում եկեղեցական անոթները, սպասքները, զարդերը, որո՞նք են եկեղեցականների ամենօրյա և արարողական զգեստները, ի՞նչ տարբերություններ կան տարբեր աստիճաններ ունեցող հոգևորականների զգեստների միջև, որո՞նք են աստվածապաշտության գրքերը և ո՞ր արարողությունների ժամանակ են դրանք գործածվում:

No results found.

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․