Ժամերգությունը ընդհանրական աղոթք է, որ կատարվում է եկեղեցում ամեն օր, որոշակի ժամին (այստեղից էլ՝ ժամ-երգություն բառը): Ժամերգությունները եկեղեցու աղոթական կյանքի հիմքն են, առանց որի եկեղեցում չի կարող լինել հոգևոր կյանք: Հավատացյալները միասնական կերպով մասնակցում են հոգևոր արարողությանը՝ երգերով, աղոթքներով և օրհնաբանություններով: Ընթերցվում է Սուրբ Գիրքը, շարականների միջոցով բացատրվում է օրվա խորհուրդը, իսկ սարկավագի քարոզներից իմանում ենք, թե ինչպես պետք է մոտենալ սրբություններին և ինչպես մեր աղոթքները միահյուսել ընդհանուր աղոթքին:
Ընդհանրական այս աղոթքը խորհրդանշում է աղոթողների միաբանությունն ու միակամությունը:
Ժողովրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ, այսինքն՝ եկեղեցի գնալ ծիսական արարողության ներկա լինելու իմաստով: Այս իմաստով եկեղեցական արարողությանը ներկա հավատացյալներն էլ կոչվում են ժամվոր: Իսկ ժամկոչն այն անձն է, որ եկեղեցու կոչնակը կամ զանգակը հնչեցնում է արարողության հրավիրելով հավատացյալներին: Ժամերգությունների կարգը պարունակող գիրքն էլ կոչվում է Ժամագիրք (աղոթքներ, քարոզներ, հոգևոր երգեր, բացառությամբ՝ շարականների): Սկզբնական շրջանում կոչվում էր «Կարգաւորութիւն հասարակաց աղօթից», հետագայում անվանվել է «Գիրք աղօթից» և «Աղօթամատոյց», իսկ 15-րդ դարից՝ «Ժամագիրք»: Ընդհանրական աստվածպաշտությունը Հայ եկեղեցում կատարվում է ոսկեդարյան շրջանի գրաբարով, որը մեր եկեղեցու ծիսական լեզուն է: Առաջին անգամ Հայ եկեղեցում «Ժամագիրքը» ներմուծեցին և հիմնավորապես ժամասացությունը կարգի դրեցին Սուրբ Սահակ Պարթևն (387-436) ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439): Հետագայում Հայ եկեղեցու մյուս հայրերը շարունակեցին Ժամագրքի կազմավորման գործը՝ համալրելով իրենց կողմից նոր աղոթքներով:
Համաձայն Հին Կտակարանյան ավանդության՝ հրեաները օրը յոթն անգամ էին հավաքական աղոթքի կանգնում, ինչպես Դավիթն է ասում. «Օրվա մեջ յոթն անգամ Քեզ պիտի օրհնեմ» (Սաղմոս 118:164): Հրեաների ամենօրյա աղոթքների համար սահմանված առաջին ժամը երեկոն էր, որովհետև օրվա սկիզբը երեկոն էր համարվում համաձայն Դավիթ մարգարեի խոսքի՝ «Ես Աստծուն ձայն տվի, և Տերը ինձ լսեց: Երեկոյան, առավոտյան և կեսօրին պատմեցի ու խոսեցի, և Նա իմ ձայնը կլսի» (Սաղմոս 54:17-18): Այնուհետև հաջորդում էր Հանգստյան ժամի աղոթքը և ապա՝ Գիշերային ու Առավոտյան ժամերինը: Ինչպես Դավիթն է ասում՝ «Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու քեզ» (Սաղմոս 118: 62), և՝ «Առավոտյան կանուխ խոսում էի Քեզ հետ» (Սաղմոս 62:7):
Այս չորս ժամերգությունները, ըստ հին օրենքի, գիշերն էին կատարվում, և ևս երեք ժամերգություններ՝ ցերեկը, որոնք են՝ Երրորդ ժամը, Վեցերորդ ժամը և Իններորդ ժամը, որը և նրանց վերջին աղոթաժամն էր:
Իսկ Նոր Ուխտի քրիստոնեական եկեղեցում ավելանում են ևս երկու ժամերգություններ. դրանք են՝ «Արևագալը», որն Առավոտյան ժամից հետո է կատարվում, և «Խաղաղականը»՝ Երեկոյան ժամից հետո, որպեսզի ինը ժամերգություններ լինեն՝ ըստ հրեշտակների ինը դասերի:
Հայ եկեղեցում տարբեր դարերում ժամերգությունները տարբեր թվաքանակ են ունեցել, այժմ էլ՝ ինն են՝ ըստ հրեշտակների ինը դասերի թվի. դրանք են՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու երրորդ ժամի, Ճաշու վեցերորդ ժամի, Ճաշու իններորդ
ժամի, Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան: Ըստ սուրբ հայրերի սահմանած ավանդույթների ու կանոնների՝ ինն անգամ ենք աղոթում, որովհետև երկնքում հրեշտակների ինը դասերը մշտապես փառաբանում են Ամենասուրբ Երրորդությանը, իսկ մենք՝ հողեղեններս, ինն անգամ աղոթք մատուցելով՝ ընդօրինակում ենք հրեշտակներին՝ Տեր Աստծո երկնային փառաբանիչներին: Ինչպես Դավիթ մարգարեն, հորդորական ձայնով երգելով, ասում է «0րհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ» (Սաղմոս 102:20), և` «0րհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր գործերը» (Սաղմոս 102:22): Այսինքն՝ երկնքի ու երկրի բնակիչներ, օրհնեցե՛ք Աստծո Ամենակալ Տերությունը:
Բոլոր պարգևների համար պետք է օրհնել Պարգևատուին, որպեսզի ապերախտ չգտնվենք: Այս պատճառով առաքյալը սթափեցնում է մեր միտքը, ճանաչելու համար Աստծո երախտիքները, ասելով՝ «Ի՞նչ ունես, որ Աստծուց ստացած չլինես, և եթե Աստծուց ես ստացել, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես» (Ա Կորնթացիներ 4:7): Այսինքն՝ ստանալով պարգևները հանդգնում ենք ուրանալ՝ առանց մտաբերելու ու վկայելու: Իսկ երբ աղոթում ենք, այդպիսով հայտնում ենք, որ չենք մոռացել Աստծո բարիքները:
Յուրաքանչյուր ժամերգության համար հատուկ են.
* կատարվելու ժամը,
* փառաբանումը Սուրբ Երրորդության Անձերից մեկին,
* տնօրինական խորհուրդը:
Ժամերգությունը բաղկացած է հետևյալ հիմնական կետերից. աստվածային խոսքի ընթերցում, հոգևոր երգեր, սաղմոսներ, աղոթքներ և զանազան սրբագործություններ: Արարողության ընթացքում կատարվում են հետևյալ գործողությունները, որոնք ընդհանուր են բոլոր արարողությունների համար. խաչակնքում, երկրպագություն, ծնրադրություն, գլուխ խոնարհել, խնկարկություն, օրհնություն (խաչով, Ավետարանով, մասունքով) և այլն:
Ժամերգություններն ունեն հետևյալ կազմը.
* Տերունական աղոթք
* Սաղմոս
* Մաղթանք
* Քարոզ
* Աղոթք
* Շարական
Նախկինում, հատկապես վանքերում, բոլոր ժամերգությունները կատարվել են ամեն օր, ճիշտ իրենց ժամին: Ներկայումս ամեն օր կատարվում են Գիշերային և Առավոտյան ժամերգությունները միասին` առավոտյան, և Երեկոյան Ժամերգությունը` երեկոյան: Մյուս բոլոր ժամերգությունները կատարվում են Մեծ Պահքի օրերին` շաբաթվա յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, հետևյալ կարգով.
Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգությունները՝ առավոտյան, Ճաշու երրորդ, վեցերորդ, իններորդ և Երեկոյան ժամերգությունները՝ կեսօրին, Խաղաղականը՝ երեկոյան (երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին), Հանգստյանը՝ երեկոյան (չորեքշաբթի և ուրբաթ օրերին):
Ժամերգության խորհրդին հետևյալ բնորոշումն է տվել երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը. «Ժամակարգությունները հորինվեցին վանականներին և հավատացյալներին առիթներ ստեղծելու համար, որպեսզի հավաքականորեն և
տևաբար հաղորդության մեջ լինեն Աստծո հետ պաշտամունքի կրոնաբույր և հոգևոր մթնոլորտում, որ ինքնին անձնական աղոթքի, ներհայեցողության ու խորհրդածության կարելիություն և մղում ստեղծող մի ուժ ունի իր մեջ: Մարդ չի կարող այդ ուժը լիովին զգալ և արժևորել իր կյանքում, մինչև որ հաղորդակից, մասնակից չդառնա ժամերգությունների բովանդակությանը»:
Կազմեց Կարինե Սուգիկյանը