Սուրբ Անանիա առաքյալի մատուռ դամբարան

Այս վայրը դարեր շարունակ համարվել է մեծ սրբավայր և ուխտատեղի, քանզի այս մատուռում են ամփոփված մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտ Ս. Անանիա առաքյալի սրբասուն մասունքները:

«Լիակատար վարք սրբոց»–ում կարդում ենք. «Աշակերտների մեջ անվանի և ընտրյալ դասի մեջ երևելի, Ս. Անանիա առաքյալը Քրիստոսի 72 աշակերտներից մեկն էր, որը համարվում էր նաև սուրբ առաքյալներ Պետրոսի և Անդրեասի աշակերտը և բազում հարցերում՝ նրանց գործակիցը, մինչև որ Վեմի (Պետրոսի) կողմից ձեռնադրվեց Դամասկոսի եպիսկոպոս»:

Սա այն Անանիան է, որը Դամասկոսում, Տերունական պատվերի համաձայն, աղոթքով բացեց Սավուղի կուրացած աչքերը, որը հետագայում անվանվեց Պողոս և դասվեց առաքյալների շարքին, ինչպես որ այդ մասին վկայում է հենց ինքը՝ Պողոս առաքյալը (Գործք առաքելոց 22:12–16):

Աստծո Հոգով լցված, տարբեր շնորհներով զարդարված Քրիստոսի սուրբ առաքյալը ամենուր տարածում էր Ավետարանի բարի լուրը և բազմաթիվ հեթանոսների քրիստոնյա մկրտում: Այդ չհանդուրժելով՝ հեթանոս կառավարիչները նրան մեծ չարչարանքների ենթարկեցին՝ ստիպելով, որ ուրանա Փրկչին և երկրպագի կուռքերին, սակայն արհամարհելով կտտանքները՝ սուրբը ետ չկանգնեց Քրիստոսին դավանելուց՝ ծաղրի ենթարկելով հեթանոս իշխանավորներին, որոնց հրամանով էլ քարկոծվելով նահատակվեց Տիրոջ 70 թվականին:

Հետագայում Դամասկոսում նրա շիրմի վրա եկեղեցի կաtռուցվեց: Սակայն, Ս. Անանիայի մասունքները, որպես օրհնության և բարեխոսության արգասիք, բաժին հասան քրիստոնյա աշխարհի որոշ երկրների:

Ի ուրախություն մեզ, Հայաստանն էլ անմասն չի մնացել հրաշագործ առաքյալ Ս. Անանիայի մասունքներից: Ըստ ավանդության՝ սրբի մասունքները այստեղ են բերվել Անանիա առաքյ ալի նահատակությունից շատ չանցած: Մասունքներն ամփոփում են Երևանում, և այդ վայրում կառուցում մի գեղեցկազարդ մատուռ, որը կոչում են «Անանիայի դամբարան», այնուհետև տեղում վանք կառուցում և կոչում «Անանիայի անապատ»:

Այս մասին վկայող վաղագույն հիշատակությունը հաղորդում է պատմագիր Առաքել Դավրիժեցին (Թավրիզեցի). «Կայր ի վաղեմի ժամանակաց վայելուչ մատուռ մի շինեալ ի վերայ դամբարանի Սրբոյ առաքելոյն Անանիայի, որ էր ի հիւսիսային կողմանէ քաղաքին Երևանայ ի մէջ այգեստանացն»:

Գոյություն ունի նաև այլ տեսակետ, ըստ որի՝ սրբի մասունքները Հայաստան է բերել Ս. Գրիգոր Լուսավորիչը:

Մինչև 1889 թ. Ս. Անանիա առաքյալի դամբարանի մուտքը եղել է եկեղեցու հյուսիսարևմտյան կողմից, սակայն, երբ Ս. Անանիայի դամբարանի վրա գտնվող մատուռը վերակառուցել են, փակել են հին դուռը և արևմտյան կողմից մատուռ դամբարանի համար մի նոր դուռ բացել:

Այս առումով ուշագրավ է ռուս ճանապարհորդ Մուրավյովի գրառումը. «Հայաստանում ես գտա քրիստոնեական ժամանակաշրջանի մի գանձ, որի մասին նույնիսկ շատ հայաստանցիներ չգիտեին: Այն գտնվում էր Երևան քաղաքի ծայրում, գրեթե քաղաքից դուրս, և եկեղեցին կոչվում էր Զորավոր: Եկեղեցու ներսից աստիճաններով՝ ինչպես Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե վանքերում է, ճանապարհ կար դեպի ներքև, որտեղ էլ գտնվում է Ս. Անանիա առաքյալի դամբարանը»:

Բացի մատուռ–դամբարանից, Ս. Անանիա առաքյալից ևս մի մասունք է մեզ հասել, որն այժմ գտնվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում: Այն ամփոփված է աջաձև մասունքարանում:

1874 թ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու կազմած թանգարանի Մայր Տումարում կարդում ենք. «Աջ Անանիա Առաքելոյ արծաթապատ ոսկիզօծ, յիրկուս ծայրս բազկին միակարգ ապարանջանաձև գույնզգույն ակունք, ի բթամատն և ի ճկուտն մատանի զանազան ակամբք, և ի ծայր բազկին գրի՝ Աստուած օրհնէ Սաւրիգեղցի Մատթէոսն ճրեց»:

Ս. Անանիայի հիշատակությունը Հայ առաքելական եկեղեցում կատարվում է Խաչի 5–րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը, որը մեծ շուքով է նշվում Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:

2013 թվականից առավել հանդիսավոր դարձավ տոնակատարությունը, քանզի այդ առթիվ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռից բերվում է նաև սուրբ առաքյալի մասունքակիր աջը, մատուցվում սուրբ Պատարագ, որի ավարտին ներկա հավատավոր ժողովուրդը հնարավորություն է ստանում հաղորդ լինելու Սուրբ աջի օրհնությանը:

Տերը Ս. Անանիային օժտել էր բազում շնորհներով՝ նաև հրաշագործությամբ, որը չդադարեց նրա ննջելուց հետո էլ, քանզի նրա սրբասուն նշխարները կրում են սքանչելագործ զորություն:

No results found.

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․