Պատկերագրություն

Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:

 

Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:

Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:

Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:

Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:

Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:

Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)

Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:

Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:

Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:

Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:

Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
  2. Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
  3. Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
  4. «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:
Թագակիր Աստվածածնի ամենաշնորհ պատկերը
Աստվածածինը քրիստոնեական եկեղեցու խորհրդի կրողն է, սրբուհի, երկնային և երկրային թագուհի ու բարեխոս: Սուրբ Գրքի շատ մարգարեություններ Սուրբ Կույսին են վերաբերվում. «…Թագուհին Քո աջ կողմում է կանգնած» (Սաղմոս 44:10): Սուրբ Կույսը բոլոր սրբերի թագուհին է: Պատկերագրության մեջ Աստվածածինը ներկայացվում է Թագուհու կերպավորումով: Թագուհի Աստվածածնի պատկերագրական տիպի առաջացման հիմքում ընկած են 3-րդ Տիեզերական ժողովի ընդունած դավանաբանական .....
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների պատկերները
Պատկերագրութան մեջ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, նրանց զինակից, հայ առաջին նահատակված սրբուհի Սանդուխտ կույսի պատկերներ են ստեղծվել: Հայոց դարձի գլխավոր դեմքերի և մշակույթի գործիչների դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծել Հովնաթանյան տոհմի շնորհալի նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801թթ.), այդ թվում և Ս. Բարդուղիմեոսի կտավը: Տպավորիչ է նկարչի վրձնած առաքյալի կերպարը՝ Աստվածամոր .....
Աստվածածնի պատկերագրությունը և նրա պատկերները ձեռագիր մատյաններում
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը: Համաքրիստոնեական, այդ թվում և հայ միջնադարյան արվեստում, Հիսուս Քիստոսից հետո առավել տարածվածը Աստվածածնի պատկերներն են, որը Աստվածածնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Տիրամոր նկատմամբ անվերապահ հարգանքի մասին .....
Սուրբ Նշանի խորհրդաբանական պատկերը
Քրիստոնեության ընդունման ժամանակներից սկսած՝ սրբապատկերի հետ միասին, որպես հավատի խորհրդանիշ, որպես քրիստոնեական կրոնի հաստատման փաստի հավերժացում, ընդունվել և օգտագործվել է խաչապատկերը: «Խաչի արուեստն ու պաշտամունքը հայոց մեջ,- գրում է Գարեգին Հովսեփյանը,- արժանի է յատուկ ուսումնասիրութեան: Նա իւր զարգացման պատմութիւնն ունի, որպէս հետևանք հայ եկեղեցու դաւանաբանական ուղղութեան: Նորա ուսումնասիրութեան համար առատ նիւթ ունինք հայ .....
Սուրբ Գևորգ զորավարի պատկերագրությունը
Սուրբ զինվորների կերպարների առկայությունն ընդունված սովորույթ էր հայկական միջնադարյան արվեստում: Սուրբ Գևորգ զորավարը ձեռագրերի բազմաթիվ լուսանցազարդերում պատկերվում է վիշապին նիզակահարելիս: Այս հորինվածքը կապվում է քրիստոնեական հավատի հետ (տվյալ դեպքում վիշապը խորհրդանշում է Դիոկղետիանոս կայսրին): Պատկերագրական այս ձևը՝ գեղարդով վիշապին խոցելիս, կարելի է տեսնել Թորոս Տարոնացու մոտ (Ավետարան, 1323թ., Մատենադարան, № 6289): Նկարչի նկարազարդած .....
Պայծառակերպության պատկերագրական խորհուրդը
Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Հիսուս, Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխելով, ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ Թաբոր լեռան .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչին պատկերող նկարները
Ս. Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև զանազան սրբերի պատկերների հանդիպում ենք Բարձր Հայքի վարպետների կողմից նկարազարդած ձեռագրերի լուսանցազարդերում:  Այստեղ, ի տարբերություն բուսական նախշերի, կենդանիների ու թռչունների պատկերների, մարդկանց կերպարների վերարտադրություններն աչքի չեն ընկնում ձևերի և նրանց մշակման կատարելությամբ: Էջմիածնի «Գանձատան» պատկերներից մեկում Ս. Գրիգոր Լուսավորիչը պատկերված է Տիրամոր և մանուկ Հիսուսի մոտ .....
Եղիա մարգարեի պատկերային դրսևորումները
Եղիա մարգարեի պատմությունը գրված է Աստվածաշնչում Թագավորությունների 3-րդ և 4-րդ գրքերում: Նա այն երկու մարդկանցից մեկն է (մյուսը Ենոքն է), որոնց մասին Աստվածաշնչում գրված է, թե երկինք են «փոխադրվել» առանց մահանալու (Ծննդ. 5:18-24): Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո հրեղեն կառքով ու մրրիկով տանում է երկինք: Նա բարձրանում է երկինք Եղիսեի աչքի առաջ՝ առանց մարդկային բնական մահով մեռնելու: Եղիա մարգարեի .....
Հոգեգալստյան նկարների պատկերագրությունը
Հոգեգալուստը Սուրբ Հոգու գալստյան տոնն է, որ տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, առաքելական հավաքի ժամանակ (Գործք Առաքելոց 2:1-13): Զատկի տոնից հիսուն օր անց նշվող տոնի ժամանակ, Տիրոջ խոստման համաձայն, Սուրբ Հոգու շնորհն իջնում է Քրիստոսի աշակերտների վրա: Քրիստոս համբարձվելուց առաջ առաքյալներին խոստացավ, որ կուղարկի Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն և պատվիրեց, որ մնան Երուսաղեմ քաղաքում մինչև, որ երկնային զորությամբ զգեստավորվեն: Այս մասին կարդում .....
«Համբարձման» պատկերագրությունն ու խորհրդաբանությունը
Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին: Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները .....
Ծաղկազարդ. «Մուտք Երուսաղեմ» պատկերի խորհուրդը
Ավետարանական պատկերները պատմում են Հիսուսի երկրային կյանքի դրվագները, ներկայացնում անհասանելին ու անտեսանելին: Նկարները օգնում են հավատացյալին ըմբռնելու աստվածայինը և տեսանելի կերպով հետևելու Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությանը: Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության գլխավոր և վերջին իրադարձությունները ծավալվում են Երուսաղեմում: Խաչելությունից առաջ Քրիստոսի վերջին անգամ Երուսաղեմ գալն անվանվում է Մուտք Երուսաղեմ: Երանելի ավետարանիչները, .....
«Տեառնընդառաջ»-ի պատկերագրական կոմպոզիցիան
«Տեառնընդառաջ» տեսարանի հնագույն պատկերը հռոմեական խճանկար է (432-440 թթ.): Հայկական մանրանկարչության մեջ պատկերը պահպանվել է 11-րդ դարի մատյաններում՝ «Վեհափառի Ավետարան», «Մողնու Ավետարան» և այլն: «Տեառնընդառաջ»-ի պատկերագրական կոմպոզիցիոն կառուցվածքը պայմանավորված է Ղուկասի ավետարանի այն հատվածով, որում պատմվում է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելու մասին: Պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. գործողությունը .....
Սուրբ Սարգսի պատկերագրությունը
Սուրբ Սարգիս զորավարին նվիրված պատկերագրության մեջ նա սովորաբար պատկերվում է հեծյալ զորավարի կերպարանքով՝ վիշապասպանի դերում. մերթ նիզակահարում է վիշապին, մերթ՝ մեկ այլ գազանի: Սուրբ Սարգսին նվիրված պատկերների մեջ գերազանցում է զորավարի որդու՝ Մարտիրոսի հետ պատկերվելու տարբերակը: Սուրբ Սարգսի որդու՝ Մարտիրոսի մասին պատմությունը առկա է միայն հայկական աղբյուրներում և սրբի վարքագրության անբաժանելի մասն է կազմում: Եվ որն էլ արտացոլվել .....
Ավետարանիչների պատկերագրությունը
Ոչ տնօրինական պատկերաշարում հատկապես ուշագրավ են ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի պատկերները: Քրիստոսի և Աստվածածնի պատկերներից զատ քրիստոնեական արվեստում կենցաղավարել են ավետարանիչների պատկերները: Ստեղծվել են ավետարանիչների արտաքինի նկարագրություններ, որոնք հետագայում ներմուծվել են սրբախոսական նյութերի մեջ՝ նրանց վարքերի և վկայաբանությունների մաս կազմելով: Ավետարանիչների նկարները մանրանկարչության մեջ .....
Ավարայրի ճակատամարտին նվիրված պատկերները
Հայկական պատկերազարդ ձեռագրերի գերակշիռ մասը կազմում են Ավետարանները, զգալիորեն քիչ են Աստվածաշնչերը և ավելի քիչ՝ Շարակնոցները, Ճառընտիրները, Ճաշոցները և այլն: Դրանցում պատկերված են գերազանցապես աստվածաշնչյան սյուժեներ և կերպարներ: Պատմական դեպքերի նկարազարդման ժամանակ միջնադարյան նկարիչները սովորաբար գերադասում էին պատկերել արշավանքներ, ճակատամարտեր և ռազմական բնույթի այլ տեսարաններ: Ձեռագրերում պահպանվել են մանրանկարներ, որոնք .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․