Յոթ Խորհուրդներ

Թի՜վ անբավության, որ աստվածային հավիտենություն է նշանակում,

Թիվն այս պանծալի, որ չունի իրեն զույգ ու հավասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,

Կուսություն է մի ընտրությամբ ուրույն  միշտ նվիրական,

Հավիտենության անճառ, անմեկին խորհուրդը խորին, մեր մտքին անհաս:

Աստվածային հավիտենություն խորհրդանշող և մտքին անհաս յոթ թվի մասին է Սուրբ Գիրգոր Նարեկացին իր աղոթամատյանում անդրադառնում:

Մի փոքր կանգ առնենք և այս թվի մասին խորհենք. Աստված վեց օրում աշխարհը ստեղծեց և յոթերորդ օրը հանգստացավ, շաբաթը ունի յոթ օր, երկնքում անձրևից հետո տեսնում ենք ուխտի նշանը՝ ծիածանը, յոթ երկնային գույներով, նվագելու կամ երգելու համար նախ սովորում ենք յոթ նոտաները, Աստծո բոլոր կարգադրությունները Իսրայելի մեջ յոթ թվով են հիմնվել, Աստվածամայրը յոթ վերքեր ստացավ, յոթ թիվը պարփակում է իր մեջ աշխարհի չորս կողմերը և Սուրբ Երրորդությունը, մեզ ծանոթ են յոթ մահացու մեղքերն ու առաքինությունները, ինչպես նաև յոթ խորհուրդները: Թվարկվածներից վերջինին էլ կփորձենք քայլ առ քայլ անդրադառնալ: 

Յոթ խորհուրդներ. յոթ թվի մեծ խորհրդին քիչ թե շատ ծանոթացանք, իսկ ի՞նչ է նշանակում խորհուրդ, այն մեզանից ծածկված կամ անտեսանելի իրողություն է: Խորհուրդ ասելով հասկանում ենք խորհրդավոր՝ աստվածային մի բան, որ տեսանելի կերպով չենք կարող ընկալել, այլ հոգևոր աչքերով, այսինքն՝ հավատով: «Խորհուրդը» հունարեն «միսթէրիոն» բառի թարգմանությունն է, որ նշանակում է ծածկված, թաքնված: Խորհուրդներն աստվածապաշտական արարողություններ են, որոնց մասնակիցները Քրիստոսի եկեղեցու անդամ են ճանաչվում և, Քրիստոսի հետ միանալով, Աստվածային շնորհներին հաղորդ դառնում: Նրանց արարողական մասը տեսանելի է, բայց մենք չենք տեսնում, թե ինչպես է այդ տեսանելի ծեսը Սուրբ Հոգու անտեսանելի շնորհների միջոց դառնում և ներգործում մասնակիցների վրա: «Սուրբ խորհուրդը Աստվածային անտեսանելի շնորհի տեսանելի նշանն է»,- ասում է Սուրբ Օգոստինոսը:

Հայ եկեղեցին արևելյան և արևմտյան եկեղեցիների հետ ընդունում է յոթ սրբարար խորհուրդ: Խորհուրդների յոթի բարձրացումը տեղի ունեցավ 12-րդ դարի սկզբին նախ արևմուտքում, ապա՝ արևելքում: 

Իսկ թե ինչու յոթ խորհուրդներ, Սբ. Գրիգոր Տաթևացին նշում է, որ եկեղեցու վարդապետները հետևյալ պատճառներն են ներկայացրել. նախ խորհուրդները յոթն են` ըստ Եկեղեցու անդամների զանազանության:

Առաջին խորհուրդը մկրտությունն է, որ Եկեղեցուն նոր անդամագրվողների համար է:

Երկրորդը դրոշմն է, որ թշնամու`սատանայի դեմ պատերազմողների համար է:

Երրորդը ապաշխարությունն է, նրանց համար է, ովքեր մեղքերի պատճառով ընկնելով` վերստին կանգնում են ապաշխարության գործերով:

Չորրորդ խորհուրդը` Հաղորդությունը, որը հոգևոր պատերազմում վերստին զորանալու համար է և հանդիսանում է հոգևոր կերակուր:

Հինգերորդ ձեռնադրության կարգն է, որը խորհուրդները սպասավորողների` քահանաների և եկեղեցու մյուս պաշտոնյաների համար է:

Վեցերորդը խորհուրդը պսակն է, որը կոչված է նոր զինվորներ տալու եկեղեցուն մարմնավոր ծննդյան միջոցով:

Յոթերորդ խորհուրդը վերջին օծումն է, որ այս կյանքից ելնողների և հոգևոր պատերազմից ազատվողների համար է:

 

Նաև յոթն են խորհուրդները, որոնք մեզ պատրաստում են ընդունելու յոթ առաքինությունները` հավատը, հույսը, սերը, խոհեմությունը, ողջախոհությունը և արդարությունը: Սբ. Գրիգոր Տաթևացին եկեղեցու մյուս հայրերի հետ յոթ խորհուրդները կապում են յոթ շնորհների (Առակներ 9.1) և յոթ առաքինությունների հետ: Դրանք են.

Մկրտություն. հավատի խորհուրդն է, որովհետև նախ հավատում ենք և ապա մկրտվում:

Դրոշմ. հուսո խորհուրդն է, քանզի հուսալով Սուրբ Հոգու զորությանը` կարողանում ենք մարտնչել ընդդեմ թշնամու` սատանայի:

Ապաշխարություն. արդարության խորհուրդն է, քանզի զղջման, խոստովանության և այլ գործերի միջոցով արդարանում ենք մեղքերից:

Հաղորդություն. խորհուրդն է սիրո, որովհետև սիրով միավորվում և հոդվում ենք Գլխի` Քրիստոսի հետ`լինելով մարմին Նրա մարմնից և անդամ` Նրա անդամներից: Խորհուրդը չարին դիմակայելու և վերստին զորանալու համար է:

Ձեռնադրություն. կարգը խոհեմության և գիտության խորհուրդն է, քանզի Եկեղեցու պաշտոնյան պետք է իմաստությամբ և գիտությամբ ծառայի խորհուրդներին և ուսուցանի ու խրատի ժողովրդին:

Պսակ. ողջախոհության խորհուրդն է, քանզի պսակվածը պետք է ողջախոհ ամուսնությամբ զսպի իր ներսի բղջախոհ ցանկությունը և զերծ մնա շնությունից ու պոռնկությունից:

Վերջին օծում. արդարության լրման խորհուրդն է, քանզի հոգևոր պատերազմից ելնելով` սրբում ենք փոշին ու քրտինքը, ինչպես մարմնավոր պատերազմից ելնողները: Ամոքում է մեր հիվանդությունները:

Խորհուրդներից միայն ձեռնադրությունն է, որ կատարում է եպիսկոպոսը, մնացյալ վեցը քահանայական պաշտոնին են վերապահված: Յոթ խուրհուրդների մեջ կան կրկնելի և անկրկնելի խորհուրդներ: Մկրտությունը, դրոշմը և ձեռնադրությունը անկրկնելի խորհուրդներն են, որ Սուրբ Հոգու նեգործությամբ մի անգամ և ընդմիշտ սրբում է, շնորհագործում: Մկրտությունը, դրոշմը, ապաշխարությունը և Հաղորդությունը ամեն մի հավատացյալի համար անհրաժեշտ խորհուրդներ են, ձեռնադրությունը ու պսակի խորհուրդը կամավոր են անհատ քրիստոնյաների համար, իսկ կարգ հիվանդացը ըստ պարագաների է կատարվում:

Խորհուրդները կատարելու անհրաժեշտ պայմաններն են.

  • Կատարողը. օրինավոր և իրավասու պաշտոնյան՝ եպիսկոպոսը կամ քահանան
  • Խորհուրդի արտաքին նշանը. բաժանվում է երկու մասի՝ նյութ և ծես կամ արարողություն
  • Խորհուրդի հատուկ բանաձևը, խոսքը, աղոթքը, որը սրբագործում է ենթակային
  • Ենթական

Օրինակ՝ մկրտության դեպքում նյութը մյուռոնն ու ջուրն են, բանաձևը՝ «Մկրտի ծառայս յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ», իսկ ենթական՝ մկրտվողը: Այս հատկանիշները բնորոշ են բոլոր յոթ խորհուրդներին:

Սուրբ խորհուրդների ետևում կանգնած է անձամբ Ինքը՝ Քրիստոս, և Ինքն է առաջին ու գլխավոր գործիչը: Ուրեմն, խորհրդի արդյունքը կախված է միայն Քրիստոսից, այսինքն՝ պաշտոնյայի անձը և անձնական հանգամանքները չեն կարող արգելք լինել խորհուրդը կատարելու համար:

Ով ընդունում է սուրբ խորհուրդները հավատով և երկյուղածությամբ, նա կստանա աստվածային օրհնություն և շնորհ, մինչդեռ հավատ չունեցողների համար խորհուրդը կմնա ծածկված. «քանի որ, ինչպես դժվար է ջրային կենդանիներին ցամաքում ապրելը և ցամաքայիններին՝ ջրում, առավել ևս դժվար է առանց հավատի Սուրբ Հոգու պարգևը ընդունել» (Եղիշե):

Այսպիսով հավատն է դարձնում մարդուն վերին շնորհների ընդունարան:                     

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
Մկրտությունը մեր փրկության ուղին է Յուրաքանչյուր մարդ տարվա մեջ ունի մի օր, որ նշում է, հաճելի անակնկալներ ունենում, բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, նվերներ ստանում. դա մեր ծննդյան օրն է՝ մեր աշխարհ գալու օրը: Որքան էլ զարմանալի թվա, քրիստոնյա անձի համար կա նաև երկրորդ ծննդյան օրը՝ մկրտությունը: Այն հոգևոր ծնունդն է, որն անկրկնելի է. «Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ է և մկրտությունը» (Եփեսացիներ 4.5). Ինչպես մարդը ծնվում է մեկ անգամ, .....
ԴՐՈՇՄ
Դրոշմ. Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ սրբության Միւռոնով պայծառացած ճակատին համար կ’ըսենք. «հայո՛ւ ճակատ». միւռոնուած մանուկի համար կ’ըսենք. «հայո՛ւ որդի». երբ մկրտութենէն անմիջապես ետք երեխան դրոշմի օծումն ընդունի իր ճակատին՝ կ’ըսենք. «Ահա հիմա հայացաւ» (Գարեգին Ա): Ստանում ենք Սուրբ Հոգու շնորհները «Նայի՛ր արևի ճառագայթին. յուրաքանչյուր անձ, որի վրա քնքշորեն ընկնում է լույսը, զվարճանում է. կարծես թե արեգակը .....
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապաշխարություն. հաշտեցում Աստծո հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ապաշխարությունը յոթ խորհուրդներից երրորդն է: Այն քրիստոնեական նոր կյանքի սկիզբն է: Մարդու ներքին և արտաքին կյանքի փոփոխությունն է, բաղկացած մեղքի վճռականորեն մերժումից և ցանկություն ապրելու Աստվածային կամքի համաձայն: Ապաշխարությունը ենթադրում է կյանքի ֆունդամենտալ, այսինքն՝ հիմքային փոփոխություն: Մեղավորը ճշմարիտ զղջումով և խոստովանությամբ թողություն է ստանում .....
ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Սիրո խորհուրդ Սուրբ Հաղորդությունը Հացն ու գինին, Տեր կենդանին, Մարութա բարձր Աստվածածին: Ծանոթ տողեր են մեզ քաջ ծանոթ «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսից: Ինչո՞ւ է հացն ու գինին համարվել Տեր կենդանին: Այդ հացն ու գինին այսօր ե՞րբ, որտե՞ղ և ո՞ր դեպքում է, որ կարող ենք ճաշակել որպես Տեր կենդանի: Խորհրդի հաստատումը Քրիստոնյա դառնում ենք այն ժամանակ, երբ սկսում ենք ապրել Քրիստոսով, երբ մասնակից ենք լինում եկեղեցական կյանքին .....
ՊՍԱԿ
Պսակը սիրո և հավատարմության ուխտն է Նրանք շտապում էին եկեղեցի, երջանկության գագաթնակետին էին, քանի որ շատ շուտով Աստծով էր օրհնվելու իրենց միությունը: Եվ մինչ պսակի համար գրանցվելը, քահանան, իր սովորության համաձայն, հետևյալ հարցերն ուղղեց նրանց, հարցեր, որ նրանց մի պահ լռելու և խորությամբ մտածելու առիթ  տվեց: -Սիրո՞ւմ ես այս օրիորդին այնքան, որ պատրաստ ես հանուն նրա քո կյանքը զոհել, ինչպես Քրիստոս, սիրելով եկեղեցին, Իր կյանքը տվեց հանուն .....
ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ձեռնադրություն. Սուրբ կոչում   -Երեխայս զի՞նչ խնդրէ: -Տէր Աստուած, օրհնեսցէ զամենեսեան: -Աստուած թողութիւն շնորհեսցէ: -Օրհնեսցի եւ սրբեսցի սեղանս եւ սիւն եւ ամենայն սարքուածք սորա. այս նշանաւ սուրբ Խաչիւս եւ սուրբ Աւետարանաւս եւ աւուրս շնորհիւ. անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: -Օրհնեսցի եւ սրբեսցի Մեռոնս այս նշանաւ՝ սուրբ Խաչիս, եւ սուրբ Աւետարանաւս, եւ սուրբ Աջիւս, եւ աւուրս շնորհիւ. .....
ԿԱՐԳ ՀԻՎԱՆԴԱՑ ԿԱՄ ՎԵՐՋԻՆ ՕԾՈՒՄ
Կարգ հիվանդաց կամ Վերջին օծում. աստվածային շնորհներով զորացած Կարգ հիվանդացը խորհուրդ է Կարգ հիվանդացը այն սուրբ խորհուրդն է, որով եկեղեցին աստվածային շնորհներ է բաշխում իր հիվանդ հավատացյալների ապաքինության համար: Այս խորհրդի ժամանակ հոգևորականը, ձեռքը դնելով հիվանդի վրա, աղոթում է նրա համար, Ավետարան կարդում, որպեսզի վերջինս հավատքով և Սուրբ Հոգու շնորհիվ կազդուրվի, զորանա և բժշկվի իր մարմնական ու հոգեկան տկարություններից ու հիվանդություններից: .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․