Գրքեր

«Ամեն երաժշտության մեջ Բախն է»

Բախի երաժշտության մեջ ինչ-որ համամարդկային, համընդհանուր, համապարփակ բան կա: Ինչպես գրել է բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին. «Ամեն երաժտության մեջ Բախն է, ամեն մեկիս մեջ` Աստված»: Բախը համաքրիստոնեական մասշտաբի երևույթ է: Նրա երաժշտությունը վեր է կրոնական հարանվանությունների սահմաններից, այն էկումենիկ է բառի բուն իմաստով, քանի որ պատկանում է տիեզերքին և նրա յուրաքանչյուր քաղաքացուն: Բախին կարելի է անվանել ուղղափառ կոմպոզիտոր այն իմաստով, որ իր ողջ կյանքի ընթացքում նա սովորել էր ուղիղ փառաբանել Աստծուն, իր պարտիտուրները նա զարդարում էր «Փառքը միայն Աստծուն» (Soli Deo gloria), «Հիսուս, փրկիր» (Jesu, juva) գրառումներով, ընդ որում` նրա համար այդ գրառումները պարզապես բառային բանաձևեր չէին, այլ հավատի խոստովանություն, որն անցնում էր իր ամբողջ արվեստի միջով: Նրա համար երաժշտությունը աստվածապաշտություն էր: Բախն իրական կաթոլիկ էր, բառի սկզբնական հունարեն «կաֆոլիկոս» իմաստով, որը նշանակում է «համընդհանուր», «համապարփակ», «տիեզերական», քանի որ նա եկեղեցին ընկալում էր որպես տիեզերական համակարգ, որպես Աստծուն ուղղված համընդհանուր փառաբանություն, իսկ իր երաժշտությունը համարում էր Աստծուն գովերգող այդ համամարդկային երգչախմբի ձայներից ընդամենը մեկը: Եվ իհարկե, Բախն ամբողջ կյանքի ընթացքում մնաց իր հարազատ լյութերական եկեղեցու հավատարիմ զավակը: Չնայած, ինչպես ասել է Ալբերտ Շվեյցերը, Բախի իրական կրոնը ոչ այնքան օրթոդոքս լյութերականությունն էր, այլ միստիկան: Բախի երաժշտությունը խորապես միստիկ է, քանի որ հիմնված է աղոթքի և Աստծուն ծառայելու այն փորձառության վրա, որը դուրս է գալիս կրոնական հարանվանությունների սահմաններից և հանդիսանում է մարդկության սեփականությունը: Ինչպես ցանկացած մարգարե՝ Բախը ևս իր հայրենիքում և իր ժամանակին ըստ արժանվույն չգնահատվեց: Իհարկե նրան ճանաչում էին՝ որպես փայլուն երգեհոնահար, սակայն ոչ ոք չէր գիտակցում նրա կոմպոզիտորական ահռելի մեծությունը: Այդ ժամանակ Գերմանիայում ցնծում էր Կառլ Ֆիլիպ Տելեմանի անունը՝ մի կոմպոզիտորի, որի մասին այսօր գիտեն քչերը: Իսկ Հենդելով ողջ Եվրոպան էր հիանում: Մահվանից հետո Բախը գրեթե միանգամից և գրեթե ամբողջովին մոռացության մատնվեց: Կոմպոզիտորական վարպետության մեծագույն գլուխգործոց հանդիսացող և հոգևոր անսահման խորություն ունեցող «Ֆուգայի արվեստ» ստեղծագործությունը, որն հրատարակվեց հետմահու, պահանջարկ չունեցավ. որդուն` Կարլ Ֆիլիպ Էմանուելին, չհաջողվեց երեսունից ավել օրինակ վաճառել, և ի վերջո նա ստիպված եղավ աճուրդում չնչին գնով հանձնել այդ հրատարակության ձեռագրերը, որպեսզի ինչ-որ կերպ կարողանա փակել հասցված վնասները:

18-րդ դարում հենց Էմանուել Բախն էր համարվում մեծ կոմպոզիտոր, իսկ նրա հոր՝ Յոհան Սեբաստիանի ստեղծագործությունների մասին գիտեին քչերը: Պատմում են, որ մի անգամ Մոցարտը Լայպցիգում այցելում է սբ. Թովմայի տաճար, որտեղ լսում է Բախի մոտետներից մեկը: Ընդամենը մի քանի հնչյուն լսելով՝ բացականչում է. «Ի՞նչ է սա» և ամբողջովին կլանված ունկնդրում: Կատարման ավարտից հետո խնդրում է, որ իրեն ցույց տան Բախի ստեղծագործությունների գոյություն ունեցող բոլոր պարտիտուրները: Նոտաներ չեն գտնվում, սակայն կային առանձին ձայնաբաժինները: Եվ Մոցարտը, դասավորելով այդ ձեռագրերը իր ձեռքերին, ոտքերին և մոտակա աթոռներին, սկսում է ընթերցել դրանք` մինչև լրիվ չի ավարտում: Բախի ազդեցությունը անկասկած երևում է Մոցարտի ամենահզոր և ամենախորը ստեղծագործություններից մեկում, որն է Ռեքվիեմը: Սակայն Մոցարտը սակավ բացառություններից էր, իսկ 18-րդ դարի շատ ու շատ երաժիշտների նույնիսկ ծանոթ չէր Յոհան Սեբաստիան Բախ անունը: 19-րդ դարում Բախի հանդեպ հետաքրքրության վերածնումը կապված է առաջին հերթին Մենդելսոնի անվան հետ: «Այդ լայպցիգյան երաժիշտը Աստվածային երևույթ է՝ պարզ և միևնույն ժամանակ անբացատրելի»,- ասել է Մենդելսոնը` ծանոթանալով Բախի ստեղծագործությունների պարտիտուրների հետ: Երբ 1928 թ. 28-ամյա Մենդելսոնը Լայպցիգում կատարեց Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը, դա հանդիսացավ իսկական հաղթանակ՝ պատմությանը երբևէ հայտնի մեծագույն կոմպոզիտորներից մեկի երաժշտության իսկական վերածնունդը: Այդ ժամանակվանից սկսած Բախն այլևս մոռացության չմատնվեց, և տարիների հետ նրա փառքն ավելի ու ավելի աճեց: Մենդելսոնից հետո մյուս բոլոր մեծագույն ստեղծագործողները, ներառյալ Բեթհովենը և Բրամսը, Շոստակովիչը և Շնիտկեն, նույնպես դիմել են Բախի երաժշտությանը՝ որպես երաժշտական և հոգևոր ներշնչանքի մի անսպառ ակունքի: Եվ եթե 18-րդ «գալանտ» դարում Բախի երաժշտությունը նորաձև չէր, քանի որ թվում էր հնացած և ձանձրալի, ապա թե՛ 19- րդ, թե՛ 20-րդ և թե՛ հիմա՝ 21-րդ դարի սկզբին, Բախի երաժշտությունը,ինչպես ոչ այլ ինչ, արդիական է: Բախն իր խորությամբ և ողբերգականությամբ հատկապես մոտ է մեր ժամանակների մարդուն, որն անցել է 20-րդ դարի բոլոր արհավիրքների ու ցնցումների միջով և վերջնականապես կորցրել է հավատը բոլոր այն մարդասիրական փորձերի հանդեպ, որոնք ջանում են փրկել աշխարհն առանց Աստծու օգնության: Մարդկությանը դարեր պահանջվեցին, որպեսզի գիտակցի այն, ինչ Բախը գիտակցում էր իր ողջ էությամբ. երկրի վրա չկա և չի կարող լինել առավել մեծ երջանկություն, քան Աստծուն ծառայելը և Նրան փառաբանելը: Ինքը՝ Բախը, առանձնանում էր խորին խոնարհությամբ և երբեք մեծ կարծիք չուներ իր մասին: Իր գլխավոր դրական հատկանիշը համարում էր աշխատասիրությունը: Այն հարցին, թե ինչպես է նա արվեստում հասել այդքան բարձր վարպետության, Բախը համեստորեն պատասխանում էր. «Ես ստիպված եմ եղել լինել շատ ջանասեր: Եթե որևէ մեկը նույնքան ջանասեր լինի, կհասնի նույն արդյունքներին»: Բախն իրեն միշտ համարել է ուսանող, ոչ թե ուսուցիչ: Մանկության և պատանեկության տարիներին մոմի լույսի ներքո ծնողներից թաքուն անդադար արտագրում էր գերմանացի հին վարպետների պարտիտուրները, ոտքով տասնյակ կիլոմետրեր էր գնում, որպեսզի լսի հայտնի երգեհոնահար Դիտրիխ Բուքստեհուդեի կատարումները: Բայց և հասուն տարիքում չէր դադարում արտագրել Պալեստրինայի, Ֆրեսկոբալդիի, Տելեմանի երաժշտությունը, կատարում էր Վիվալդիի և այլ իտալացի կոմպոզիտորների երաժշտության փոխադրումներ, որոնցից խոնարհաբար սովորում էր ստեղծագործական վարպետություն` իր ամբողջ կյանքի ընթացքում: Բախն ապրել է բարոկկոյի ժամանակաշրջանում: Սակայն նրա երաժշտությունը պայմանավորված չէ տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկություններով: Ավելին, որպես կոմպոզիտոր Բախը զարգացել է մի ուղղությամբ, որը լրիվ հակադիր էր իր ժամանակի արվեստի զարգացման ուղղությանը: Բախի ժամանակաշրջանը բնորոշվում է արվեստի սրընթաց ուղղվածությամբ դեպի աշխարհիկացումը, մարդակենտրոնացումը, առաջին պլան մղվում է մարդն՝ իր կրքերով և արատներով, ավելի քիչ տեղ է մնում Աստծուն: Բախի որդիներն արդեն պիտի ապրեին, այսպես կոչված, «գալանտ դարում»՝ իրեն բնորոշ թեթևամտությամբ և մակերեսայնությամբ: Սակայն Բախի մոտ ամեն ինչ հակառակ է, տարիների հետ նրա երաժշտության մեջ ավելի ու ավելի քիչ տեղ է մնում մարդկայինին, և առավել շատ՝ աստվածայինին: Բախի ուշ շրջանի երաժշտությունն ավելի շատ գոթական է, քան՝ բարոկկո ոճի. Գերմանիայի հին գոթական տաճարների նման այն ամբողջովին ձգտում է դեպի երկինք, դեպի Աստված: Բախի վերջին գործերը՝ «Երաժտական նվիրաբերումը» և «Ֆուգայի արվեստը», վերջնականորեն մեզ ետ են տանում բարոկկոյի ժամանակաշրջանից դեպի Բուքստեհուդեի և Պախելբելի ժամանակները: Եվ այստեղ մենք մոտենում ենք առանցքային կետին. Բախի արվեստը «արվեստ» չէր ժամանակակից ընկալմամբ, այն հանուն արվեստի չէր: Հին ժամանակների և միջնադարյան արվեստի ու նոր ժամանակների արվեստի միջև արմատական տարբերությունը կայանում է դրա ուղղվածության մեջ. հին և միջնադարյան արվեստը ուղղված էր դեպի Աստված, իսկ նորը կենտրոնացած է մարդու վրա: Հնագույն արվեստում ճշմարտացիության գլխավոր չափանիշը ավանդույթների հանդեպ հավատարմությունն էր, նախորդ սերնդի փորձառության մեջ արմատավորումը: Նոր ժամանակներում, սակայն, ճշմարիտ արվեստի գլխավոր չափանիշը դառնում է նրա յուրահատկությունը, նորարարությունը, նախկինում ստեղծված որևէ բանին նման չլինելը: Բախը կանգնած էր այդ երկու մշակույթների, երկու աշխարհընկալումների, արվեստի հանդեպ այդ երկու հակադիր կարծիքների հատման կետում: Եվ նա, անտարակույս, մնում էր այն մշակույթի մասը, որը արմատավորված էր ավանդույթի, պաշտամունքի, աստվածպաշտության, կրոնի մեջ, և որը միայն Բախից հետո արմատախիլ եղավ իր կրոնական հիմքերից: Բախը չէր ձգտում լինել յուրահատուկ, չէր ձգտում ամեն գնով ինչ-որ նոր մի բան ստեղծել: Ամեն անգամ, երբ նա սկսում էր ստեղծագործել, առաջին հերթին իր համար նվագում էր այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնցից ստանում էր ոգեշնչում: Նա չէր խուսափում յուրացնել ուրիշների թեմաները, որոնք հաճախ հիմք էին հանդիսանում իր ֆուգաների, խորալների, մոտետների, կանտատների և կոնցերտների համար: Բախն իրեն զգում էր ոչ թե մեկուսացված հանճար, որը վեր է խոյանում իր ժամանակակիցների շրջապատից, այլ՝ հսկա երաժշտական ավանդույթի անբաժան մաս, որին ինքն էլ պատկանում էր: Եվ նրա երաժշտության հիասքանչ յուրօրինակության, անկրկնելիության և նորարարության գաղտնիքն էլ հենց կայանում է նրանում, որ նա չէր հրաժարվում անցյալից, այլ հիմնվում էր իր նախնիների փորձառության վրա, որոնց վերաբերվում էր խորին ակնածանքով: Բախը եկեղեցու մարդ էր: Նա ոչ միայն խորը հավատացյալ լյութերական էր, այլև աստվածաբան, որը բավականին լավ գլուխ էր հանում կրոնական հարցերից: Նրա գրադարանն ընդգրկում էր Լյութերի երկերի ամբողջական հավաքածուն, ինչպես նաև այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին է Առնդտի «Ճշմարիտ քրիստոնեություն» գիրքը, որը Ռուսաստանում 18-րդ դարում կարդում էին սրբեր Դիմիտրի Ռոստովսկին և Տիխոն Զադոնսկին: Բախի և իր ժամանակաշրջանի լյութերականության մասին շատ բան կարելի է ասել, բայց, ըստ իս, գլխավորը կայանում է հետևյալում: Ժամանակակից շատ ուղղափառներ և կաթոլիկներ սովորություն ունեն իրենց համարել եկեղեցական Ավանդույթի (մեծատառով) կրողներ, իսկ լյութերականներին և այլ բողոքականների համարում են ավելի ազատական, հեշտացված, կիսաեկեղեցական քրիստոնեության ներկայացուցիչներ: Բախի ժամանակ իրավիճակը բոլորովին այլ էր: Պատմականորեն լյութերականությունը առաջ եկավ՝ որպես հակազդեցություն միջնադարյան Կաթոլիկ Եկեղեցու այն թերությունների նկատմամբ, որոնք աղավաղում էին քրիստոնեական հավատի և եկեղեցական պրակտիկայի սկզբնական մաքրությունը, խստությունը և հստակությունը: Լյութերականների գլխավոր նպատակն էր վերադարձնել քրիստոնեությանն այն ամենը, ինչը նրանք համարում էին նախնական Ավանդություն, որը սկիզբ էր առել դեռևս քրիստոնեության առաջին դարերից: Մի շարք պատճառներով դա նրանց չհաջողվեց: Բայց կար ահռելի ձգտում դեպի ավանդական քրիստոնեությունը, ճշմարիտ քրիստոնեությունը, այն քրիստոնեությունը, որն, ինչպես Լյութերը և իր հետևորդներն էին կարծում, կորսվել էր միջնադարյան կաթոլիկության մեջ: Եվ լյութերականները ստեղծեցին իրենց Ավանդությունը, որին հետևեցին մի քանի դարեր շարունակ: Մի հայտնի ժամանակակից աստվածաբան, որը կյանքի վերջում լյութերականությունից անցել էր ուղղափառության, իր «Բախը՝ որպես աստվածաբան» գրքում կարծիք է հայտնել, որ եթե Լյութերի բանաստեղծական ստեղծագործությունները ինչ-որ պատճառով այսօր կորսվեին, դրանք առանց մեծ դժվարության հնարավոր կլիներ վերականգնել բախյան պարտիտուրների միջոցով: Իսկապես, Բախը երաժշտություն է գրել Լյութերի եկեղեցական հիմներից մեծ մասի վրա: Հենց այդ հիմները հիմք հանդիսացան եկեղեցական այն ավանդույթների համար, որոնք այդքան մեծ ջանասիրությամբ կերտում էին Բախի ժամանակի լյութերականները: Եվ հենց ինքը՝ Բախը, հանդիսանում էր այդ ստեղծագործական ընթացքի մի մասը: Բախի ժամանակներից սկսած աշխարհն արդեն սկսեց շարժվել դեպի հեղափոխության քաոսի այն անդունդը, որը 18-րդ դարի վերջից 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում պարուրեց ողջ Եվրոպան: Բախի կրտսեր ժամանակակիցն էր Վոլտերը՝ հումանիստ, դեիստ, «Լուսավորության» գաղափարների պատգամախոս: Բախի մահից 40 տարի անց պայթեց ֆրանսիական հեղափոխությունը, որն առաջինն էր արյունալի այն հեղաշրջումների շարքում, որոնք իրականացվել են հանուն «մարդու իրավունքների» և խլել միլիոնավոր մարդկային կյանքեր: Եվ այդ ամենը արվում էր հանուն մարդու, որը կրկին, ինչպես նախաքրիստոնեական, հեթանոսական ժամանակներում, հռչակվել էր «բոլոր իրերի չափ»: Իսկ Աստծու մասին, որպես Արարչի և տիեզերքի Տիրակալի, սկսեցին մոռանալ: Հեղափոխությունների շրջանում մարդիկ կրկնեցին իրենց նախնիների սխալները և մեկը մյուսի հետևից սկսեցին կառուցել բաբելոնյան աշտարակներ: Իսկ դրանք էլ իրենց հերթին մեկը մյուսի հետևից տապալվեցին և թաղեցին ավերակների տակ կառուցողներին: Բախն ապրում էր այդ ընթացքից անկախ, քանի որ նրա ամբողջ կյանքն ընթանում էր այլ չափման մեջ: Այն ենթարկվում էր ոչ թե աշխարհի, այլ եկեղեցական օրացույցին: Ամեն կիրակի նա պետք է գրեր մի «թարմ» կանտատ, Չարչարանաց շաբաթին գրում էր «Չարչարանքներ»՝ ըստ Մատթեոսի կամ ըստ Հովհաննու, Զատիկին գրում էր «Զատկական օրատորիա», Սուրբ Ծնունդին՝ «Սուրբծննդյան»: Հենց այս եկեղեցական տոների, սուրբ հիշատակությունների ռիթմով էր պայմանավորվում նրա կենսակերպը: Նրա ժամանակի մշակույթն ավելի ու ավելի էր հեռանում պաշտամունքից, իսկ նա` էլ ավելի էր մղվում հոգևոր պաշտամունքի, աղոթական բովանդակության խորքերը: Աշխարհն ավելի ու ավելի էր հումանիզացվում և քրիստոնեազրկվում, փիլիսոփաները տարվում էին տեսություններ հնարելով, որոնք պետք է երջանկացնեին մարդկությանը, իսկ Բախն իր սրտի խորքից փառաբանական երգ էր ուղղում Աստծուն: 21-րդ դարի շեմին մենք հստակ տեսնում ենք, որ ոչ մի տեսակի ցնցումներ չկարողացան սասանել Բախի հանդեպ մարդկության սերը, ինչպես չեն կարողանում սասանել մարդկային հոգու սերը Աստծու նկատմամբ: Բախի երաժշտությունը շարունակում է մնալ այն ժայռը, որին բախվելով փշրվում են «կենցաղի ծովի» ալիքները:

 

Միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեև

Ռուսերենից թարգմանեց Անի Բրուտյանը

06.02.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․