23 Հուլիս, Գշ Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

Նրանց անվանում են նաև փոքր մարգարեներ ի տարբերություն Եսայի, Երեմիա, Եզեկիել և Դանիել մեծ մարգարեների: Մարգարեներն այն անձերն էին, որոնց միջոցով Աստված խոսում էր և ժողովրդին հայտնում իր կամքը: Նրանք Աստծո խոսնակներն էին երկրի վրա, որոնք խրատում և նախազգուշացնում էին Իսրայելի ժողովրդին վերահաս վտանգների համար` ետ պահելով նրանց մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից: Մարգարեները հստակ գիտակցում էին, որ Աստված է իրենց միջոցով խոսում, այդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Աստված ասաց ինձ», «Այսպես է ասում Աստված» և այլն: Մարգարեները հաճախ ապացուցելու համար Աստծուց ընտրված լինելու իսկությունը Բարձյալի զորությամբ հրաշքներ էին գործում: Ամեն անգամ, երբ արտասանում ենք Հավատո հանգանակը, Ս. Հոգու մասին ասում ենք «Ով խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանի միջոցով», մեկ անգամ ևս փաստելով, որ Աստված խոսել է մեզ հետ նաև մարգարեների միջոցով:

Մարգարեներն իրենց հայտնություններն ստանում էին տեսիլքների, առակների, խորհրդանշանների ձևով: Նրանք կապող օղակն էին Աստված-մարդ հարաբերության մեջ: Սբ. Մարգարեների նպատակն էր բյուրեղացնել և ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցումը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաև ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան և Նրա արքայության նկատմամբ հավատը: Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարություններն իրականացան Նոր Ուխտում` Հիսուս Քրիստոսով: Տարբեր ժամանակներում են ապրել ու գործել 12 մարգարեները: 

Ովսե: Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո 750 թ-ին Ն. Ք.: Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարիայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը 722-721 թթ.: Այդ ժամանակ պետությունը կազմալուծված վիճակում էր, իսկ Ասորեստանը գնալով էլ ավելի էր հզորանում: Ովսեն իր մարգարեության մեջ պարսավում է Իսրայելի բարոյական մեծ անկումը, ընկերային արդարության վերացումն ու հայտարարում վերնախավի անպատասխանատվության մասին: Ովսեի շուրթերով Աստված խոսում է իր սիրո մասին: Իսկ այդ սերը պահանջում է, որ մեզանից վանենք ամեն մի անօրէնություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից:

Ամովս: Ամենահին մարգարեն է, որի գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Եղել է հովիվ` բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում: Գործել է Ը դարի երկրորդ քառորդում: Իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և արդարության, օրենքի, հատկապես պաշտամունքի մասին, կարևորում աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները: Խիստ ձայնով դիմում է հարուստներին, հզորներին, դատավորներին ու քահանաներին:

Միքիա: Մորեստ գյուղից է, որին շատերը նույնացնում են մեր օրերի Թել-ալ-Ջադիդայի հետ: Ապրել է Ն. Ք. Ը դարում: Նա բոլորին նախազգուշացնում է Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանք էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության` կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու հնազանդության Աստծո կամքին: 

Հովել: Նրա ապրած ժամանակաշրջանի եւ մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է: Խոսում է «Տիրոջ օրվա» մասին` հորդորելով ժողովրդին, որ դառնան դեպի Աստված: Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղելու մարդկանց վրա: Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Սբ. Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա:

Աբդիու: Ամենակարճ մարգարեական գիրքն է: Հավանաբար գրվել է Ն. Ք. 587թ.-ից հետո: Մարգարեն հայտնում է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը: Եսավի հետնորդները` հասկացնելով իսրայելացիներին, որ վերջին խոսքն Աստծունն է, որ գալու է դատելու բոլոր ժողովուրդներին:

Հովնան: Այս գրքում պատմվում է մի մարգարեի ձախորդությունների մասին, որն ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին, բայց ապարդյուն: Երեք օր նա մնում է կետ ձկան փորում, սակայն ապաշխարելուց հետո Աստված հրամայում է կետին դուրս ձգել Հովնանին: Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմությունը:

Նավում: Նավում բառը թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող: Գիրքը գրված է 663 թվականին, Ն. Ք. ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման և 612 թ. Ն. Ք բաբելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած ժամանակաշրջանում:

Ամբակում: Այս մարգարեի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում: Ամբակումը տառապել է ուրիշների դժբախտությամբ, դատապարտել չարիքը: Գիրքը գրվել է հավանաբար Է դարի վերջերին և Զ դարի սկզբին Ն.Ք.:

Սոփոնիա: Այս մարգարեն քարոզել է Է դարի վերջին Ն. Ք., նախորդելով Ամբակումի մարգարեությանը: Սոփոնիան պատասխանում է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյո՞ք Աստված հետաքրքրվում է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:

Անգե: Գրքում հիշատակվում է Անգե մարգարեի անունը, որը քարոզում է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգնման: Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է: Փոքր ճառերը գրված են մոտ 520 թվականին Ն.Ք.:

Զաքարիա: Ժամանակակիցն է Անգե մարգարեի: Գիրքը բաղկացած է երկու մասից.առաջին մասում պարունակում է 520-518 թթ.վերաբերող մարգարեություներ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ: 

Մաղաքիա: Գիրքը գրվել է Ե դարի առաջին կեսին Ն.Ք.: Մաղաքիան, տեսնելով տիրող կացությունը, հորդորում է ժողովրդին և քահանաներին, որ փոխեն իրենց վարքը: Մարգարեն հիշեցնում է Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին:

 

Սկզբնաղբյուր՝ www.qahana.am

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․