Եկեղեցական տոնացույցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալների հոգևոր կյանքի կարևոր ուղեցույցն է: Այն մեզ ամբողջ տարին օգնում է սիրով տոնելու և հիշելու Տերունական և մնացյալ բոլոր տոները, սրբերին, առաքյալներին, մարտիրոսներին, նահատակներին, ճգնավորներին և եկեղեցու հայրերին, որոնք մարդկանց համար ճանապարհ հարթեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությունը ըմբռնելու և ընդունելու համար:Եկեղեցական տոները քրիստոնյայի հոգևոր կյանքի անբաժան մասն են կազմում: Տոնացույցում ընդգրկված ամեն մի տոն հավատավորի համար առիթ է արտահայտելու իր հավատքը, աստվածճանաչողությունը և աստվածպաշտությունը: Տոները նաև կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար: Այդ օրերին յուրաքանչյուրը ուրախանում և փառաբանում է Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար:
Հիշատակելով քրիստոնեական եկեղեցու նվիրյալներին՝ մենք մեր կյանքի ընթացքում պարտավորվում ենք հետևել նրանց օրինակին, քանի որ նրանք իրենց կյանքն Աստծո պատվիրանների համաձայն և Հիսուս Քրիստոսի օրինակով ապրելու շնորհիվ դարձան կատարյալ տիպարներ: