25 Նոյեմբեր, Բշ
Անտառում որսորդի դրած թակարդի մեջ մի գայլ է ընկնում: Որսորդը վիրավոր գայլին գցում է վանդակի մեջ և բերում իրենց գյուղը, ուր բոլորի մոտ պարծենում է, որ կարողացել է բռնել այդ գայլին, որը երկար տարիներ համագյուղացիներին վնաս էր պատճառում: Վանդակի մեջ բանտարկված կենդանուն դնում է իր ոչխարների և գառների մոտ ու թողնելով այդտեղ պարծենկոտությամբ ասում.
-Հիմա տեսնում եմ, թե ինչքան անզոր ես, անիրա´վ գայլ: Լա´վ նայիր, լա´վ, այլևս ոչխարի ու գառան միս չես ուտելու:
Կեսգիշերին գայլը ժամերով ոռնում է, իսկ որսորդը հանգիստ քնում է:
Առավոտյան երբ արթնանում է, տեսնում է, որ իր բոլոր ոչխարների ու գառների ոսկորներն են մնացել, և վանդակի մեջ նստած գայլն էլ ոչխարի միս է ուտում:
Շփոթահար և զայրացած որսորդը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Այնուհետև գլխի է ընկնում, որ կեսգիշերին գայլը ոռնալով իր ոհմակին էր հրավիրում, որոնք էլ եկել էին ու այդ սպանդը սարքել:
Այդպես էլ, երբ մարդ մակերեսային ու անլուրջ է մոտենում մեղքին ու դիվական զորություններին` ապրելով հին կենցաղավարությամբ ու կարծելով, թե արդեն հաղթել է տվյալ մեղքն ու դիվային զորություններին, մարդու կողմից զսպված այդ զորություններն ու մեղքն ավելի են բազմապատկվում ու անհատի ներսում բնակվող առաքինություններն ավիրում:
Հովհաննես Մանուկյան