23 Դեկտեմբեր, Բշ
Մեկը պատմում էր, թե մի մագիստրոս կար` երիտասարդ և հույժ գեղեցիկ տեսքով, որը թագավորի գործերով շրջում էր: Սա մի քաղաքում ուներ մի հավատարիմ բարեկամ՝ ազնիվ ու հարուստ, քանի որ երևելի մարդկանցից էր: Եվ երբ մագիստրոսը գալիս էր այն տեղ, մեծամեծ պատիվներով հյուրընկալում էր նրան իր տանը, իսկ ինքն ու իր կինը սպասավորում էին նրան: Եվ չարի ազդմամբ նրա կինը ցանկությամբ բռնկվեց մագիստրոսի նկատմամբ, իսկ նրա ամուսինն անտեղյակ էր: Կինն ամաչում էր, դրա համար էլ ոչինչ ցույց չտվեց, սակայն նրա սրտում բորբոքվում էր տռփանքի հուրը: Եվ երբ մագիստրոսը գնաց իր ճանապարհը, կինը ցանկության սաստկությունից հյուծվեց և ընդարմացած անկողին ընկավ: Իսկ նրա ամուսինը, հրավիրելով ճարտար բժիշկների, ցույց էր տալիս, իսկ նրանք զննելով ասացին. «Սա մարմնական ցավեր չունի, իսկ թե հոգու մեջ ինչ ծածուկ հիվանդություն ունի` չգիտենք»: Եվ ամուսինը, կողքը նստելով, երկար հեկեկանքներով աղաչում էր նրան ասել, թե ինչու է վշտանում: Իսկ նա երկնչում և ամաչում էր ասել, բայց հետո խոստովանեց և ասաց. «Իմացի՛ր, տե՛ր իմ, որ դու քո անբիծ սրտով այստեղ ես հավաքում միշտ գեղեցիկ տեսքով երիտասարդների, իսկ ես կին եմ՝ տկար բնությամբ և երիտասարդ հասակով, և խաթարվում եմ նրանց տեսքից: Ահա այն մագիստրոսի նկատմամբ իմ սիրտը մտան չար խորհուրդներ, որից կիզվելով՝ հիվանդացա և ահա ընդարմացած եմ մահճի մեջ»: Երբ լսեց այս բանն ամուսինը, լռեց: Իսկ օրեր անց կրկին այն տեղ եկավ այն մագիստրոսը, և ամուսինն ընդառաջ գնաց նրան: Եվ երբ տեսավ նրան, ասաց. «Դու գիտես, տե՛ր իմ իշխան, թե ինչպես էի սիրում քեզ, և ես ու իմ կինը սեղանակից եղանք քեզ: Ահա իմ կնոջ սիրտն ընկավ քո հանդեպ տռփանքի չար խորհուրդը, և ահա անկար պառկած է»: Իսկ մագիստրոսը, երբ լսեց այս, սաստիկ տրտմեց դրա համար, քանի որ ինքն անպարտ էր այդ խորհուրդից և նրան ասաց. «Մի՛ տրտմիր, Աստված բազումողորմ է»: Եվ գնաց երիտասարդը, խուզեց իր մազերը, մորուքն ու հոնքերը, խոցոտելով վիրավորեց իր երեսն ու ամբողջ գլուխը և մի բորոտ ծերունի դարձավ այն գեղեցիկ երիտասարդը: Ապա հագնելով ժահահոտ և աղտեղի քուրձ` գնաց այդ տունը, ուր պառկած էր կինը, և ամուսինն էլ նստած էր կողքին: Նա, բացելով իր գլուխը, ցույց տվեց իր խոցոտված ու այլանդակված դեմքը և ասաց. «Ահա, մա՛յր, այսպես արեց ինձ Աստված»: Եվ երբ տեսավ կինը երիտասարդի անպատմելի գեղեցկությունն այդպես այլանդակված, տգեղացած և սևացած, սաստիկ զարմացավ: Եվ Աստված, տեսնելով երիտասարդի գործն ու խոնարհությունը, վերցրեց կնոջ սրտից պատերազմը, և նա իսկույն առողջացավ: Եվ մագիստրոսն առանձին ասաց նրա ամուսնուն. «Ահա Աստծո շնորհներով ողջացավ քո կինը, այսուհետև իմ երեսը չի տեսնի»: Ահա այս է անձը դնելը սիրելիի համար, և բարության դիմաց բարությամբ հատուցելը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016