Գրքեր

Առանց քեզ ոչինչ եմ, Տե՛ր

Աստծո շնչով գրված Աստվածաշունչ Մատյանը պատմում է մեզ ամենաբարի, ամենախնամ, ամենողորմ Արարչի՝ Իր արարածների հանդեպ ունեցած ամենաառատ ողորմության և աստվածախնամ տեսչության մասին: Արարիչ Աստված մեզ համար արարեց երկինքն ու երկիրը և բոլոր  արարածներին և խնամքով ցույց տվեց Իր սիրո բարերարությունը, քանզի «արարչության սերը ստիպեց Արարչին ստեղծել բոլոր երևելի և աներևույթ արարածներին» (սբ Գր. Լուսավորիչ): Տեր Աստված ստեղծեց աշխարհն ու բոլոր բարիքները՝ ի վայելումն մարդկանց: Իսկ մարդու անկումից հետո՝ ժամանակների լրումին, բարեգութ Աստված, հաղթվելով Իր առատ ու անբավ մարդասիրությունից, խոնարհվեց երկնային անճառ փառքից, Իր անարատ ձեռքով ստեղծվածների համար ծառայի կերպարանք առավ, ճշմարտապես մարդացավ սբ Կույս Աստվածածնից ու հանձն առավ Ադամի հանցանքները: Սուրբ խաչի վրա հաշտարար ու մեղսաքավիչ պատարագով հաշտություն հաստատեց երկնքի ու երկրի միջև՝ առաջնորդելով մեզ երկնաթռիչ ճանապարհով դեպի փրկավետ կյանք: Ահա այսպիսի անճառ փառքի ու անպատում բարիքների հաղորդ դարձրեց մարդկային ցեղին: Մեծ են աստվածային գործերն ու սքանչելիքները, ոչ միտքը կարող է խորհել, և ոչ լեզուն՝ ճառել: Տեր Աստված հանապազ հոգում է յուրաքանչյուրիս ուղիղ ընթացքի համար, քաղցրությամբ խնամում մեզ, ինչպես և մեր հավատի հայր սուրբ Գր. Լուսավորիչն է ասում. «... մեզ աներևութապես խնամում է արարչական սիրով, նստում անարվեստ Աթոռներին և Իր բարերարությամբ խնամում արարածներին»: «Տերը քաղցր է բոլորի հանդեպ, և Նրա գթությունը տարածվում է Նրա բոլոր արարածների վրա» (Սղմ. 144:9): Մինչդեռ շատերս, հանգիստ վայելելով Աստծուց մեզ պարգևված այս կյանքը, անտեսում կամ պարզապես չենք հավատում, որ ամենակարող Աստված է մեզ շնորհել այն, ինչպես նաև այն ամենը, ինչ մենք ունենք, հույս չենք դնում Տիրոջ վրա, չենք ապավինում և վստահում Նրան, այլ ինքներս մեզ վրա ենք հույս դնում, մեծամտանում: Բայց չէ՞ որ Աստված է մեր միակ հույսն ու ապավենը, փրկիչն ու օգնականը: Երբեմն էլ այնքան ենք ամբարտավանանում, որ մեր կյանքում պատահած յուրաքանչյուր հաջողություն, ձեռքբերում վերագրում ենք մեզ, մեր կարողություններին, հպարտանում ենք՝ ամենևին մոռանալով, որ ցանկացած հաջողություն, ձեռքբերում մեզ Աստված է պարգևում: Սբ Եվագր Պոնտացին այս մասին ասում է. «Ովքեր հասել են զորավոր արդյունքի, թող չկարծեն, որ իրենց անձերից է այդ զորությունը, այլ՝ Աստծուց»: Եվ իրապես, ո՞վ է, որ մեզ կյանքում երջանկություն է պարգևում, օգնում, զորացնում մեզ՝ հասած խիստ նեղությունների և վշտերի մեջ, հեղում է մեզ վրա Իր շնորհները և երբեք էլ մեզ չի լքում, այլ միշտ մեր կողքին է, քանի որ մեզ սիրում է: Չգիտակցելով այս՝ վշտացնում ու դառնացնում ենք մեր Արարչին, «որ մեզ առատապես ամեն ինչ տալիս է վայելելու համար» (Տիմ. 6:17), որպեսզի աստվածապատկեր մարդը, այդ ամենը վայելելով, փառաբանի տիեզերքը ստեղծող միակ և ճշմարիտ Աստծուն: Իսկ մենք՝ տկարներս ապաշնորհներս, ապավինելով ոչ թե ամենակարող Աստծուն, այլ ինքներս մեզ, չենք ընդունում առանց Աստծու գործելու մեր անկարողությունն ու տկարությունը, չենք գիտակցում, որ մենք առանց Տիրոջ ոչինչ ենք, ինչպես փոքրիկ երեխան առանց իր հոգատար, իրեն խնամող ու սիրող ծնողի չի կարող միայնակ ապրել, այնպես էլ մարդ արարածն առանց իր Արարչի՝ իր երկնավոր Ծնողի, երկնավոր Հոր չի կարող ապրել և երջանիկ լինել: Ահա այս գիտակցումով է սաղմոսերգուն ասում. «Արդարև, ինձ համար ինչ կա երկնքում, կամ Քեզնից բացի ի՞նչ փնտրեմ երկրի վրա» (Սղմ. 72:25), քանզի անկողոպտելի գանձ է Աստծու սերը, անճառելի ուրախություն, և բերկրում է այն հոգին, որն ունի այդ սերը: Քննենք ինքներս մեզ. արդյոք ունե՞նք այդ գանձը՝ աստվածային սերը: Հաճախ փոխանակ հնազանդվելու Տիրոջը՝ թիկունք ենք դարձնում Նրան, ընթանում ենք զարտուղի ճանապարհով և չենք գիտակցում, որ առանց Տիրոջ ոչինչ անել չենք կարող, որ առանց Տիրոջ ոչ մի հաջողության չենք հասնի, ինչ գործ էլ ձեռնարկենք, միևնույն է, չենք կարողանա իրագործել, իրականացնել առանց Աստծու թույլատու կամքի: Եթե չապավինենք Տիրոջը, ապա ընդունայն են մեր բոլոր ջանքերը, քանզի՝ «Նա է, որ հաջողում է մեր մեջ կամենալն ու կատարելը» (Փիլ. 2:13): Հովհաննու Ավետարանում Հիսուս ասում է. «Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող... Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզեք, խնդրեցե՛ք, և ձեզ կտրվի» (Հովհ. 15:5): Խնդրենք, որ Աստված տա մեզ խոնարհություն՝ ընդունելու մեր անարժանությունն ու ոչնչությունն Իր հանդեպ, որպեսզի երբեք չմեծամտանանք,  չհպարտանանք, այլ ընդունենք, որ առանց մեր Արարիչ Աստծու ոչինչ ենք, անզոր, տկար, ընդունենք, որ Աստված է շնորհում մեզ բարիքներ, քանզի ողորմած է և մարդասեր: Եվ երբ կատարելապես խոնարհվենք, ապա Աստված մեզ կբարձրացնի:

Վստահենք Տիրոջը, քանզի Նա՛ է, որ հոգ է տանում և խնամում է մեզ, «գիտե մեր պետքերն ու կարիքներն առավել, քան խնդրում և իմանում ենք», ինչպես ասվում է երեկոյան ժամերգության աղոթքի մեջ: Իրապես. Ո՞վ, եթե ոչ մեր Տերն ու Արարիչը, մեզ ստեղծողն ու կյանք պարգևողը ավելի լավ գիտե մեր տկարություններն ու թուլությունները, թերություններն ու արատները: Ուստի «ամուր է պահում բոլոր սայթաքողներին և ոտքի կանգնեցնում բոլոր գլորվածներին...  Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն ճշմարտապես: Իրենից ակնածողների կամքը կատարում է Տերը, լսում է նրանց աղոթքն ու փրկում նրանց: Տերը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են Իրեն» (Սղմ. 144:14, 18): Օրհնենք մեր Արարիչ Աստծու անքննելի մեծությունը, սիրենք Աստծուն, քանզի՝ «Նա ապարանք է խոստանում Իրեն սիրողներին և դժոխքով է սպառնում Իրեն ատողներին» (սբ Եփրեմ Ասորի):

 

Անժելա Խաչատրյան

19.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․