22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, ո՞ր ցավն եք անտանելի անվանում:
- Այն ցավը, որի ժամանակ արցունքներ են հոսում: Դա զղջման կամ ուրախության արցունքներ չեն: Ի՞նչ եք կարծում, այդ արցունքները ո՞ր կարգին կարելի է դասել:
- Միգուցե մարտիրոսությա՞ն:
- Իհա՛րկե մարտիրոսության կարգին:
- Հա՛յր, երբ ես ուժեղ ցավ եմ ունենում, ապա դժվար է լինում «Փա՜ռք Քեզ, Տեր» ասել:
- Ինչո՞ւ է դժվար: Մտածիր այն մասին, թե ինչերի դիմացավ Քրիստոս: Ծեծ, ստորացում, մտրակում, խաչելություն*: Եվ «Նա մեղք չգործեց» (Եսայի 53:9) և համբերեց այդ ամենին, որպեսզի փրկի մեզ: Եվ դու էլ, երբ ցավ ես զգում, ասա. «Իմ Քրիստոս, հանուն Քո սիրո ես կհամբերեմ»:
- Հա՛յր, ցավը հաղթահարելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
- Արիություն, ջանք:
- Իսկ անտանելի ցավն ինչպե՞ս հաղթահարել:
- Եթե դա աշխարհիկ մարդ է, ապա աշխարհիկ երգով, եթե հոգևոր մարդ է՝ հոգևոր շարականներով… Մի անգամ հորս ջերմությունը շատ բարձրացավ և գլուխն սկսեց ուժեղ ցավել: Գիտե՞ք, թե ինչ արեց: Նա աղ դրած ծովատառեխ կերավ, մի բաժակ գինի խմեց և սկսեց «Զարթնիր իմ խեղճ, իրավազուրկ ժողովուրդ»-ը երգել: Հետո էլի մի քանի պարտիզանական երգեր երգեց և գլխացավն անցավ: Այսպիսով, մենք էլ պետք է հոգևոր շարականներ երգենք, որպեսզի ցավն անցի: Հիշում եմ, մի անգամ մրսել էի և այնպիսի ուժեղ գլխացավ ունեի, որ գլուխս ուղղակի պայթում էր: Դե ինչ, սկսեցի մի շատ գեղեցիկ սաղմոս երգել և գլխացավս անցավ: Իսկապես, սաղմոս երգելն ու Հիսուսի աղոթքը շատ են օգնում նման դեպքերում: Դա քնքշություն է բերում հոգուն, քաղցրացնում է այն, որովհետև անվերջ դառնություններն ու ցավերը ճնշում են հոգին և այն սառում ու անտարբեր է դառնում: Երեկ գիշեր էլ չէի կարողանում ցավից քնել: Նույնիսկ մտածեցի, որ եթե մինչ արևածագը մեռնեմ, ապա հետո ինձ համար երկար մի օր կսկսվի: Որովհետև մյուս կյանքում ո՛չ մայրամուտ և ո՛չ էլ արևածագ կա… Բայց հետո մի «ցավազրկող» ընդունեցի… «Սրբերի կրած տանջանքներով, որ Քեզ համար կրեցին, ողորմյա մեզ Տեր և բժշկիր մեր ախտերը…»**: Այդ հաբի ազդեցությունը շարունակական եղավ և ողջ գիշերվա համար բավարար էր: Բժիշկներն այդպիսի հաբեր ունե՞ն:
- Հա՛յր, ասում են, որ ցավերն ուժեղանում են գիշերը:
- Այո՛, մարդու վիճակը գիշերը վատանում է: Դրանից բացի, հիվանդները ցերեկը շփվում են մարդկանց հետ, խոսում են և մոռանում իրենց ցավի մասին: Գիշերը նրանք առանձին են մնում իրենց հետ, միտքը խորանում է ցավի մեջ և նրանց թվում է, թե այն ուժեղանում է: Հիվանդության ժամանակ ցավերից չես փախչի, բայց խնդիրը նրանում է, որպեսզի (հոգևոր) կարգավորման բռնակն այլ հաճախականության վրա դնես՝ այդ ցավերը մոռանալու համար: Քանի որ, եթե ցավին սխալ ես վերաբերվում, ապա կրկնակի ցավ ես զգում: Եթե մտածում ես ցավի մասին՝ այն խորանում է: Իսկ եթե բարի մտքերն ես գործի մեջ դնում, օրինակ՝ հիշում ես նրանց մասին, ում ցավն ավելի ուժեղ է, քան՝ քոնը կամ ինչ-որ եկեղեցական բան ես երգում, ապա ցավը մոռացվում է:
- Հա՛յր, սովորաբար ցավը նախազգուշացնում է, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ: Ուրեմն դրան ինչպիսի՞ ուշադրության պետք է արժանացնել:
- Պետք է փորձել, տեսնելու համար, թե ուժերդ որքան կբավարարեն և ուշադիր լինել՝ դրան համապատասխան: Հատկապես, եթե խոսքը տարեց մարդու մասին է: Այստեղ անհրաժեշտ է ուշադիր լինել, որովհետև եթե շարունակես հին ավտոմեքենան այն նույն արագությամբ վարել, որով նոր ժամանակ էիր վարում, ապա այն մասերի կբաժանվի՝ անիվները մի կողմ կթռչեն, կարբյուրատորը՝ մյուս… Երբ գոտկատեղս ցավում էր՝ չէի կարողանում կանգնած աղոթք անել համրիչով: Տեսնելով, որ վիճակս մի փոքր լավացել է, փորձեցի ոտքի կանգնել. կանգնած աղոթեցի համրիչի օգնությամբ և մինչև գետին երկրպագություն արեցի: Գոտկատեղս նորից ցավեց: Դրանից հետո զերծ մնացի կանգնելուց և երկրպագությունից, բայց միտքս հանգիստ վիճակում էր:
- Հա՛յր, եթե գիտեմ, որ ցավս օրգանիզմիս վրա այլ կողմնակի հետևանք չի թողնում, ապա այն չի անհանգստացնում ինձ: Սակայն անհանգստացնում է, եթե գիտեմ, որ լուրջ հիվանդություն է ցավի միջոցով արտահայտվում:
- Տես, օրինակ՝ հիվանդ գոտկատեղը կարող է օրգանիզմի վրա լուրջ հետք չթողնել, բայց այդ ցավը կաշկանդում, «կաթվածահար» է անում մարդուն և նա չի կարողանում շարժվել: Իսկ այլ կարգի ցավերին մարմինը կարողանում է դիմանալ:
- Հա՛յր, ցավը դաժանացնո՞ւմ է մարդուն:
- Եթե մարդ ցավին հոգևոր կերպով չի վերաբերվում, ապա այն կարող է դաժանացնել նրան: Սակայն դրան հոգևոր կերպով վերաբերվելով՝ մարդ խաղաղություն է ունենում և մխիթարվում է աստվածային մխիթարությամբ: Այնուհետև հիվանդությունը տոնակատարություն է դառնում: Մարդն ուրախանում է, որովհետև դասվելու է խոստովանողների ու մարտիրոսների շարքը: Սուրբ մարտիրոսները մոռանում էին ցավի մասին, որովհետև իրենց սերն առ Քրիստոս ավելի ուժեղ էր, քան ցավը, ուստի չեզոքացնում էր այն:
- Իսկ մի՞թե մարդը չի մաքրվում, եթե ցավ է զգում, բայց հոգևոր վերաբերմունք չունի դրա նկատմամբ:
- Աշխարհիկ մարդը մաքրվում է, բայց վանականը՝ ոչ:
* Տես, Մատթ. 27:26-44, Մարկ. 15:15-32, Ղուկ. 23:23-43 և Հովհ. 19:1-23
** Սեբաստիայի քառասուն մանկանց նվիրված շարականը, հիշատակությունը մարտի 9-ին:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի