Ծարավ էի և ինձ ջուր չտվեցիք

Տիեզերական հավերժության մեջ առկայծող երկրային ժամանակն իր ամենամյա շրջափուլով արտացոլում է տարվա ավարտն ու նոր սկիզբը: Շրջափուլ, ուր ամփոփվում է մարդու կատարած գործերի արդյունքը, որն ուրվագծում և ձևավորում է նոր տարվա սերմերը, որոնք Փրկչի ծննդյան լույսի ճառագայթներից ծլարձակում են: Ամանորյա ամենամեծ պարգևը մարդու փրկության հույսի մարդեղացումն է, երբ երկնքում մի ժամանակ փայլեց արտասովոր աստղը՝ վկայելով Հիսուս Քրիստոսի՝ Փրկչի ծննդյան լուրը, ՈՒմ սպասում էին դարեդար, և այժմ էլ քրիստոնյաները սպասում են Նրա վերադարձին: Կարելի է ասել, որ այս ամբողջական խորհուրդը դրոշմված է նաև Կենաց ծառի տեսանելի իմաստավորման մեջ, որը ներկայումս ամանորյա գլխավոր զարդերից է եղևնու տեսքով: Արդ, նոր տարին ունի տեսանելի և անտեսանելի արտացոլում, նյութական և հոգևոր կողմ, սակայն ցավալիորեն հարկ է նշել, որ հայաստանյան իրականության մեջ Ամանորի նյութական կողմը գերարժևորված է: Մարդիկ ամեն ինչ անում են «բեռնավորված‰ ճոխ սեղաններ պատրաստելու համար և այդպիսով Ամանորը դարձնում պարզապես կերուխումի, նյութական ճոխ սեղանների «մրցույթի‰ տոն՝ դրա մեջ իմաստավորելով տարվա սկիզբը:

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան մասին շատ է խոսվել, մանրակրկիտ նկարագրվել պատմությունը, տոնելու արարողակարգը, եկեղեցական ծիսակարգը: Մեծ մասամբ մարդիկ բավականին իրազեկ են այս ամենին, բայց իրավամբ կարելի է նշել, որ Երկնավոր Հայրը առաջնահերթորեն մեզնից այլ սպասումներ ունի` անհատի հոգևոր գիտակցության, մտքի նորոգության, սրտի փոփոխության իրողությունը, անցյալի սխալների անդրադարձի ու նորամուտ տարում առաքինություններով լցվելու վերազարթոնքը: Աստված կամենում է մեզ նոր մարդ տեսնել, նոր որակի մարդ, ում հետ ուզում է մշտապես հաղորդակցության մեջ լինել և հավիտենական ուրախություն պարգևել: Այդուամենայնիվ, մեր հասարակությունն Ամանորն ապրում է նյութական երևույթներին տուրք տալով, դրանց վրա կենտրոնանալով, որոնք այդպես էլ չեն փոխում անհատի ներքին կյանքը, ընտանիքը, հասարակությունը, ընդհակառակը, այդ ամենը երբեմն վերածվում է յուրահատուկ ագահության և որկրամոլության մի շրջանի, որի պատճառով հետագա ապրելակերպն ավելի է վատթարանում և երկրում թշվառությունը շատանում: Այս դեպքում ինչպե՞ս կարող է Աստված օրհնել մի հասարակության, որը կարիք ունի բժշկվելու, այնուհետև օրհնություններ ստանալու: Քանի դեռ այս հասարակությունը չի առողջացել, երկնային նախախնամության աստվածային օրհնությունները չեն բաշխվի, ինչքան էլ մեզ կոչենք քրիստոնյա և հավատացյալ ազգ:

Մեզ հաճախ թվում է, թե քրիստոնյա պետք է լինենք եկեղեցում կամ հոգևոր միջոցառումների ժամանակ, իսկ դրանից դուրս կարող ենք վարվել այնպես, ինչպես աշխարհի մեղքն է թելադրում: Հավատը մղելով մասնավոր կյանք, անհատը կորցնում է իր հավատի բովանդակությունը և սահմանափակվում հավատի ձևի մեջ: Այսպիսով անհատի կյանքը, դրանից բխող Ամանորն էլ դառնում է կեղծավորության, փարիսեցիության մի արարողակարգ հասարակության մեջ և կորցնում իր հոգևոր իմաստը: Սակայն Սուրբ Ծննդյան տոնին, մասնավորապես Ջրօրհնեքի ավարտին, տեսնում ենք նաև մի այլ տխուր պատկեր, երբ Սուրբ պատարագի ընթացքում հավատացյալներն ունկնդրում են Քրիստոսի սիրո օրինակով ապրելու խորհուրդը, իսկ քիչ հետո միմյանց հրելով, աղմկելով, անկանոն ամբոխի վերածվում եկեղեցու ներսում, որպեսզի կարողանան օրհնված ջուրը վերցնել:

Երբեմն ասում են՝ լավ է, որ մարդիկ հավատում են այդ խորհրդին և ձգտում անպայման օրհնված ջուրն ունենալ, դա նույնպես հավատի առկայություն է: Սակայն եթե այդ պահին նրանց կողքին Քրիստոս էլ կանգնած լինի, ամենայն հավանականությամբ, առանց ուշադրություն դարձնելու, պարզապես Նրան մի կողմ կհրեն, որպեսզի ամբոխը ճեղքելով շուտափույթ գրոհեն և հասնեն օրհնված ջրին: Ցավալի երևույթ է և մեր հասարակության մեջ առկա է:

Մի՞թե Աստված այս ամենը չի տեսնում, մի՞թե Նրա համար պարզ չէ, որ շատերի համար հավատը անձնական շահով է չափվում: Մի՞թե մարդկանց սրտերում չի հնչում Նրա խոսքը հենց Ջրօրհնեքի ավարտին. «Ծարավ էի և ինձ ջուր չտվեցիք‰ (Մատթ. 25.42): Հնչում է, բայց մարդկային եսասիրությունը փակում է անհատի հոգու դռները և աշխատում չլսել այդ խոսքերը: Դրա համար է, որ Դատաստանի օրը շատերը Տիրոջ հարցին զարմացած կպատասխանեն. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտի մեջ ու քեզ չծառայեցինք‰ (Մատթ. 25.44): Աստված կամենում է, որ մարդիկ իրենց շահադիտական հավատը վերափոխեն սիրո հավատով, հարգեն միմյանց և՛ Ջրօրհնյաց կարգի ժամանակ, և՛ եկեղեցուց դուրս, և առևտուր անելիս, և՛ մշտապես ամենուր՝ ապրելով սիրո լույսով: Ամանորը ևս մեկ քայլով մեզ մոտեցնում է Քրիստոսի Երկրորդ գալստյանը: Բայց Ամանորի կենսակերպը շատերի համար նմանվել է Հիսուսի այն խոսքին, որ ասվում է Ավետարանում, թե Նոյի օրերի նման, երբ ուտում և խմում էին՝ չսպասելով և չիմանալով, որ Աստծո Որդու գալուստը հանկարծակի իրականություն է դառնալու (Մատթ. 24.38): Եվ ամեն անգամ Նոր տարվա գալուստը, որի ուշադրության կենտրոնում զարդարված եղևնին է, որը Կենաց ծառի խորհուրդն է բովանդակում, վերհանում է Հայտնության գրքի խոսքերը. «Կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամեն ամիս` իր պտուղը, և ծառի տերևը ազգերի բուժման համար էր‰ (Հայտն. 22.2): Արդ, Ամանորը ազգի հոգևոր վերանորոգման տոն է, որը կարող է բերել ամեն ամսվա համար նոր հոգևոր օրհնություն և պտուղ, որն առողջացնում է հասարակությանը և նորովի կերտում ազգի պատմությունը` բացելով նրա առջև նոր հորիզոններ և հնարավորություններ:

 

Հովհաննես Մանուկյան

 

25.12.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․