Գրիգորիսն ու Հուսիկը Սուրբ Վրթանեսի երկվորյակ որդիներն են և ուխտի զավակներ: Ծնվել են Կեսարիայում, 295թ-ին: Երբ Սուրբ Վրթանեսը 310թ-ին Կեսարիայից գալիս է Հայաստան, իր հետ բերում է Գրիգորիսին ու Հուսիկին, ովքեր կրթվում ու դաստիարակվում են հայոց արքունիքում: Գրիգորիսը նախնական կրթությունը ստանում է Կեսարիայում: Հակառակ հայոց արքունիքում ապրելուն և կրթվելուն, հոգևոր ծառայության է անցնում իր ճգնակենցաղ հորեղբոր՝ Արիստակեսի մոտ և նրանից կուսակրոն քահանա ձեռնադրվում: Իսկ 25 տարեկանում Սբ. Գրիգոր Լուսավորչի ձեռամբ եպիսկոպոս է ձեռնադրվում Աղվանքի և Վիրքի համար և ուղարկվում Կովկաս, այսպիսով դառնալով Աղվանքի եկեղեցու հայրապետը: Մեծ եռանդով նվիրվում է առաքելական գործունեությանը. շրջում է քաղաքից քաղաք, քարոզում ամենուր՝ կառուցելով և նորոգելով եկեղեցիներ: Այստեղ դեռ բոլորը չէ, որ հրաժարվել էին հեթանոսությունից:
Գրիգորիսի համար պահքն ու աղոթքը ներշնչման վճիտ աղբյուրներ էին համարվում: Հսկման և խոկման գիշերներ էր անցկացնում՝ անդրադառնալով իր կոչման պարտականությանը: Մարդասեր էր այդ բառի ամենալայն առումով: Ժողովրդի հանդեպ իր նվիրումը հզոր էր և անսահման: Քաջալերող էր բարի գործերի մեջ, ինչին առաջնորդում էր բոլորին խոսքով և իր օրինակով: Խոր ու բարձր էր իր հավատքը թե՛ իր պաշտոնի կիրառման մեջ, թե՛ իր հաջողություններում: Իր համար մեծ հաճույք էր և կյանքի պայման՝ պայքարել ճշմարիտ հավատքի համար:
Մի քանի տարի անց Սբ. Գրիգորիսն անցնում է ավելի հյուսիս՝ մազքութների լեռնասահմանները, քարոզելու Սուրբ Ավետարանը: Մազքութների թագավորի բանակը, որ բաղկացած էր կովկասյան տարբեր ցեղերի ներկայացուցիչներից և սովոր էր իր ապրուստը հոգալ թալանի և սպանությունների միջոցով, հայոց երկրից եկած քարոզչի խոսքերը չի կարողանում ընդունել և որոշում է նրան մեջտեղից վերացնել: Սուրբ Գրիգորիսին սպանում են կապելով մի կատաղի ձիու պոչից և ձին բաց թողնելով Կասպից ծովի ափամերձ Վատնյա կոչվող դաշտում: Սբ. Գրիգորիսի նահատակությունը տեղի է ունեցել 337թ-ին, երբ նա 40 տարեկան էր: Ընկերները նրա մարմինը ամփոփում են Արցախի Ամարաս գյուղի եկեղեցում: Սբ. Գրիգորիսի գերեզմանն առ այսօր ուխտատեղի է հայ ժողովրդի համար: Նրա հիշատակը նշվում է տարին երկիցս՝ մեկը Սբ. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների շարքում, մյուսը՝ մի քանի հայ ճգնավորների: Այս վերջին հիշատակությունը կապված է Սուրբ Գրիգորիսի նշխարների հայտնաբերման հետ, որը տեղի է ունեցել 489թ-ին հայոց Վահան Մամիկոնյան մարզպանի օրոք: Այդ ժամանակ Աղվանքի թագավորը հայազգի բարեպաշտ Վաչագանն էր, ով փափագում էր գտնել Սուրբ Գրիգորիսի նշխարները: Նա հոգևորականների օգնությամբ փորել է տալիս Սբ. Գրիգորիսի գերեզմանը և գտնելով նշխարները, դրանք տեղավորում է մի արկղի մեջ: Սբ. Գրիգորիսի գերեզմանում գտնում են նաև երկու ապակյա անոթ սրբերի նշխարներով, մեկում զետեղված էր Սբ. Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի նշխարներից,
մյուսում՝ Սբ. Պանտալիոնի: Վաչագան թագավորը այս նշխարները վերցնելով պահում է թագավորական գանձարանում:
Իսկ Սուրբ Գրիգորիսի եղբայր Հուսիկը իր նախնական կրթությունը նույնպես ստանում է Կեսարիայում: Պալատն իր բոլոր հրապույրներով չի կարողանում եղծել նրա ադամանդյա հոգին: 20 տարեկանում Հուսիկին ամուսնացնում են Տիրան արքայի աղջկա կամ քրոջ հետ: Ըստ պատմիչի վկայության՝ առագաստ մտած գիշերը Հուսիկին երազում հայտնվում է, որ երկվորյակ զավակներ պիտի ունենա, ովքեր, սակայն իրենց վարքով հաճելի չեն լինելու Աստծուն և հոգևորական չեն դառնալու: Հուսիկը զղջում է ամուսնացած լինելու համար և այդուհետև իրեն հեռու պահում կնոջից՝ ամբողջովին նվիրվելով հոգևոր կյանքի իր հայրերի և իր եղբայր Գրիգորիսի օրինակով: Որոշ ժամանակ անց նրա կինը մահանում է: Հուսիկը շարունակում է մտահոգվել իր զավակների համար, քանի որ նրանք ուրեմն չպիտի կարողանային ապահովել հայոց կաթողիկոսությունը Սբ. Գրիգոր Լուսավորչի սերունդներով: Աստված, սակայն, երկրորդ տեսիլքով Հուսիկին մխիթարում է: Նրան հայտնվում է, որ չնայած նրա որդիների ամբարիշտ լինելուն, նրանցից մեկից ծնվելու է Սբ. Լուսավորչին արժանի ժառանգորդ, ով նստելու է կաթողիկոսական գահին: Այդ ժառանգը լինելու էր Սբ. Ներսես Մեծ կաթողիկոսը:
Երբ Սբ. Վրթանես կաթողիկոսը վախճանվում է, իսկ աղվանից կաթողիկոս Գրիգորիսը, արդեն նահատակված էր, հայրապետական պաշտոնը փոխանցվում է Հուսիկին, ով այդ ժամանակ 341թ-ին 40-ից 45 տարեկան էր: Նա ևս ուղարկվում է Կեսարիա՝ կաթողիկոս ձեռնադրվելու համար: Պատմիչը հետևյալ կերպ է նկարագրում նրան. «Քրիստոսի բանավոր հոտը հովվելով՝ ավետարանական պատգամներով էր խրատում բոլորին: Սուրբը պայծառ էր հոգով, երկրավոր բաներով երբեք չէր զբաղվում՝ իբրև Քրիստոսի քաջ սպառազեն. սպառնում էր աներևույթ թշնամուն իր հաղթանակներով: Սուրբ Հոգու խոսքն իբրև սուր ուներ իր մեջքին»: Հուսիկն ապրում է սրբակենցաղ կյանքով և ճշմարտությամբ սովորեցնում Աստծո կամքը՝ հարկ եղած դեպքում խրատելով ու կշտամբելով անօրինություններ ու ոճիրներ գործողներին, որոնց թվում էին նաև հայոց արքան և որոշ մեծամեծներ: Հայրապետի արդար հանդիմանությունները պատճառ են դառնում, որ Տիրան արքան թշնամանա կաթողիկոսի հետ: Եվ երբ մի օր Ծոփքի Բնաբեղ բերդում Սբ. Հուսիկը թույլ չի տալիս արքային եկեղեցի մտնել, վերջինս հրամայում է նրան բրածեծ անել: Կիսամեռ հայրապետին եկեղեցու սպասավորները բերում են Թորդան գյուղը, նրա հայրական կալվածքը և կարճ ժամանակ հետո 347թ-ին Սբ. Հուսիկը վախճանվում է և ամփոփվում հոր ու պապի կողքին, ընդամենը վեց տարի կաթողիկոսական պաշտոն վարելուց հետո:
Հայ եկեղեցին Սուրբ Գրիգորիսին և Սուրբ Հուսիկին հիշատակում է Սբ. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հետ՝ Վարդավառի երրորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը