12 Հոկտեմբեր, Շբ
Այգեպանի որդին տրտնջալով գալիս է իր հոր մոտ ու ասում.
-Ես այդքան հավատում եմ, որ իմ տնկած ծառները լավ պտուղներ կտան, առանց երկմտելու մեծ հավատքով ու հույսով լեցուն Աստծուց խնդրում, որպեսզի իրականանա իմ բարի նպատակը, բայց ոչինչ էլ տեղի չի ունենում և այս տարի էլ կրկին դառն ու անպիտան պտուղներ են տալիս իմ տնկած ծառները:
Այգեպանը պատասխանում է.
-Դու այդպես էլ չկամեցար հասկանալ, որ քո տնկած ծառները վայրի ու անպտուղ ծառեր են և իրենց տված պտուղներն էլ անպիտան ու վնասակար են: Մինչև ինձ չկանչես, որպեսզի դրանք կտրեմ ու դրանց վրա պտղատու ծառեր պատվաստեմ, ինչքան էլ հավատաս, խնամես ու ջրես, միևնույն է, նրանք դառն ու անօգտակար պտուղներ կբերեն:
Մարդիկ հաճախ իրենց հավատքի արժեքը պայմանավորում են այս կամ այն իրողությունների հետ, հատկապես գերբնական նշաններ տեսնելու ու ակնկալելու և երբ չի լինում իրենց ակնկալիքները, հավատքի մեջ ճգնաժամ են ապրում: Սակայն հավատքը աշխարհայացքային փոփոխության ուղին է, երբ փոխվում է մտածողությունդ էապես՝ միտքդ, հոգիդ ու սիրտդ, իսկ այս դեպքում կյանքի վերելքներն ու վայրէջքները հավատքի աչքերով ես տեսնում, հասկանում խնդրի իսկությունը և հոգևոր ճգնաժամ չես ապրում:
Հովհաննես Մանուկյան