25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ, վանականն իր հոգևոր հոր մոտ եկավ ու ասաց.
- Հա՛յր, քանի անգամ է քեզ մոտ եմ գալիս, խոստովանում եմ մեղքերս, դու ինձ խրատում ես, խորհուրդներ տալիս, սակայն չեմ կարողանում ուղղվել: Ի՞նչ օգուտ ունեմ քեզ մոտ գալուց, եթե մեր խոսակցություններից հետո նորից իմ մեղքերի մեջ եմ ընկնում:
Աբբան պատասխանեց.
- Որդյակ, երկու կավե կճուճ վերցրու՝ մեկը մեղրով, մյուսը՝ դատարկ:
Աշակերտն այդպես էլ վարվեց:
- Իսկ հիմա,- ասաց ուսուցիչը,- մեղրը մի քանի անգամ մի կճուճից մյուսը լցրու:
Աշակերտը կրկին հնազանդվեց:
- Այժմ նայիր դատարկ կճուճին, որդիս, և հոտ քաշիր:
Աշակերտը նայեց, հոտոտեց ու ասաց.
- Հա՛յր, դատարկ կճուճը մեղր է բուրում և հատակին էլ մի քիչ մեղր է մնացել:
- Այդպես էլ իմ խրատներն են հոգուդ վրա հետք թողնում,- ասաց ուսուցիչը,- Եթե առաքինությունների գոնե մի մասը կյանքումդ յուրացնես հանուն Քրիստոսի, ապա Տերն, իր ողորմածությամբ, կլրացնի դրանց պակասն ու հոգիդ կփրկի հավիտենական կյանքի համար: Քանզի տնային տնտեսուհին էլ մեղր բուրող կճուճի մեջ պղպեղ չի լցնում: Այդպես էլ Աստված քեզ չի մերժի, եթե հոգումդ բարեպաշտության գոնե սկիզբը պահպանես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի