Ապրիլի 16-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Նոր կիրակին կամ Կրկնազատիկը, որ Հինանց կիրակիների շղթայի սկիզբն է: Այս օրը, ավանդույթի համաձայն, Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում և Արագածոտնի թեմի Մուղնու սբ. Գևորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը (1498թ.), որի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ, առողջանալու դեպքեր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» միությունն այս օրը նշանավորեց Մուղնու սբ. Գևորգ եկեղեցի ուխտագնացությամբ, իսկ մինչ ուխտի ճանապարհ անցնելը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ Ս. Պատարագին:
Հասնելով ուխտատեղի՝ երիտասարդ ուխտավորները սբ. Գևորգի բարեխոսությամբ Տիրոջ ողորմությունը հայցեցին Հայաստան և Արցախ աշխարհի, Հայոց բանակի և Հայ եկեղեցու համար: Երիտասարդների խնդրանքն էր նաև, որ Տերը զորացնի իրենց՝ ի փառս Աստծու և ի շինություն Հայ եկեղեցու գործելու: Այնուհետև ուխտավորները հաղորդ դարձան մեր նախնիներից մեզ ժառանգած մեծագույն հարստության՝ Շուրիշկանի Ավետարանի զորությանը: Մատենադարանի հարուստ ժառանգությունը և վանքերի առկայությունը նկատի առնելով՝ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը հետևյալ խոսքերն է ասել. «Գիրքը դարեր շարունակ եղավ Ավետարան: Վանքը՝ դպրոց: Վարդապետը՝ վարժապետ: Վանականը՝ գրիչ: Վանատունը՝ Մատենադարան: Գանձատունը՝ ձեռագրատուն»:
Երիտասարդների ուխտի ուղին եզրափակվեց Սաղմոսավանք այցելությամբ և սիրո ճաշով: «Զորավոր» երիտասարդաց միությունը ևս մեկ անգամ ամրագրեց իր մտքում Տիրոջ այն խոսքը, որ ասում է՝ մարդ միայն հացով չի ապրում, այլ այն բոլոր խոսքերով, որ Աստված է ասել (Մատթ. 4:4): «Տերը չասաց, թե՝ «Մարդ միայն հացով չի ապրում», և լռեց, որովհետև կան նաև այլ կերակուրներ, որոնցով ապրում են մարդիկ. այլ ավելացրեց, թե՝ «այլ այն բոլոր խոսքերով, որ Աստված է ասել»: Քանի որ մարդը կազմված է հոգուց և մարմնից. ինչպես որ մարմինն է ապրում նյութական հացով, այնպես էլ հոգին՝ աննյութական խոսքով, բայց՝ ոչ մարդկանց ունայն խոսքով, այլ նրանցով, որ Աստծուց են և կյանք են շնորհում մարդկանց»,- ասել է սբ. Ներսես Շնորհալին:
Կարինե Սուգիկյան