25 Նոյեմբեր, Բշ
Մի արհեստավոր լեռնային արահետով ետ ու առաջ է գնում-գալիս: Նույն ճանապարհով մի անցորդ է մոտենում:
Արհեստավորն ասում է.
- Մոլորվել եմ այս վայրերում: Լսել եմ, որ այս կողմերում փայլփլուն խճաքարեր կան, բայց արդեն երկու ժամ է՝ չեմ կարողանում գտնել դրանց վայրը:
Անցորդը պատասխանում է.
- Գիտեմ, թե որտեղ են գտնվում այդ փայլուն քարերը, եկ ինձ հետ, ցույց կտամ դրանց վայրը:
Երբ նրանք հասնում են երփներանգ փայլփլուն խճաքարերով լեցուն վայրը, արհեստավորը հիացմունքով ասում է.
- Ինչ գեղեցիկ են, ինչ սիրուն են ու հմայիչ...
Եվ իր մոտից մեծ պարկ է հանում և ագահորեն խճաքարերն ընտրելով, ծանր ու թեթև անելով այն լցնում:
Անցորդը խորհուրդ է տալիս և ասում.
- Քեզ կարող եմ օգնել ընտրելու համար լավագույնները և պետք չէ այդքան հմայվել այս քարերով ու չափից ավելի հավաքել:
Արհեստավորը պատասխանում է.
- Քեզանից շնորհակալ եմ և քո խորհուրդներից էլ, ինձ այլևս օգնություն պետք չէ, դու կարող ես գնալ. ես գտա այն, ինչ ուզում էի: Պարզապես սիրահարվեցի այս քարերին, ես դեռ երկար կմնամ այստեղ:
Եվ այդպես մինչև երեկո խճաքարեր է հավաքում ու պարկն ամբողջությամբ լցնում և ուշքի է գալիս միայն այն ժամանակ, երբ մոտեցող գայլերի ոռնոց է լսում: Արագ կապում է պարկի բերանը, փորձում այն վերցնել, բայց չի կարող անում: Հեռվում նկատում է պսպղացող գայլերի աչքերը ու հապշտապ մի քանի անգամ ևս անհաջող փորձ կատարում պարկը գետնից պոկել, հետո այն թողնում և փախչում, իսկ նրան գայլերն են հետևում:
Արհեստավորը նայում է երկնքին և խնդրագին աղաչում.
- Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ գայլերից, նրանք արդեն ինձ են հասնում և կհոշոտեն:
Երկնքից լսվում է Աստծո ձայնը.
- Նախօրոք քեզ մոտ ուղարկեցի անցորդին, որ ցույց տար ճանապարհը և օգներ, բայց դու նրանից հրաժարվեցիր ու հրապուրվեցիր ինչ-որ ժամանակավոր արժեքներով: Այժմ քեզ մնում է, որ ինչքան ուժ ունես, վազես և հասնես անցորդին, քանի որ այս գայլերին նա է խնամել ու մեծացրել և, երբ նրան հասնես, նա թույլ չի տա, որ գայլերը քեզ հոշոտեն ուփրկություն ձեռք կբերես:
Երբ Աստծո նախախնամությունը գալիս է և օգնում մարդկանց հասկանալու այն, ինչն իրենց կյանքը կերջանկացնի, մարդիկ հրաժարվում են նրանից` հմայվելով ու հրապուրվելով արտաքին ինչ-որ բաներով և ընկնում են փորձության մեջ և իրենց մնում է, որ կրկին վազեն ու հասնեն Աստծո նախախնամությանը...
Հովհաննես Մանուկյան