Հայր Պաիսիոսին հաճախ էին հարցնում, թե ինչ է արդարությունը: Ինչպե՞ս արդար վարվել: Հայր Պաիսիոսն ասում էր.
- Կա մարդկային արդարություն, և կա աստվածային արդարություն:
- Իսկ աստվածային արդարությունը ո՞րն է,- հարցնում էին նրան:
Այնժամ ծերը մի այսպիսի օրինակ էր բերում.
- Պատկերացրու, որ մարդը հյուր է եկել իր ընկերոջ մոտ և նրանք տաս սալոր ունեն: Նրանցից մեկը ութ սալոր կերավ, իսկ մյուսին երկուսը բաժին հասավ: Արդա՞ր է:
- Ո՛չ,- միահամուռ պատասխանում էին բոլորը,- արդար չէ:
Հայր Պաիսիոսը շարունակում էր.
- Ուրեմն այլ կերպ նայենք: Երկու ընկեր տաս սալոր ունեին: Նրանք հավասար բաժանեցին սալորներն ու յուրաքանչյուրը հինգ սալոր կերավ: Արդա՞ր է:
- Այո՛, արդար է,- ասում էին բոլորը:
- Բայց դա մարդկային արդարություն է,- նկատում էր Հայր Պաիսիոսը,- Աստվածային արդարություն էլ կա: Պատկերացրեք, որ ընկերներից մեկն, ով տաս սալոր ուներ, կռահելով, որ մյուս ընկերը շատ է սալոր սիրում, ասաց.
- Խնդրեմ կեր այս սալորները, ես այնքան էլ չեմ սիրում: Փորս էլ ցավում է դրանցից: Կարող եմ միայն մեկն ուտել:
- Ուրիշին տուր այն, ինչ նա ուզում է, այլ ոչ թե կեսը: Լավը տուր նրան, իսկ քեզ վատը պահիր: Հենց դրանում կլինի աստվածային արդարությունը,- իր պատմությունը եզրափակեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի