Մի վաճառական իր երկու ծառաների հետ միասին ուխտագնացության է գնում դեպի բարձրաբերձ լեռներում գտնվող հայտնի վանքը՝ իր հետ տանելով թանկարժեք ընծաներ: Ճանապարհին փրկում է խորը ջրափոսն ընկած գայլին, դուրս բերում այնտեղից և բաց թողնում: Իսկ երբ գիշերում են, գողերը հարձակվում և թալանում են նրանց և միայն մնում է նրա ավանակն ու դրա թամբին կախված սուրը:
Այդպես ձեռնունայն հասնում են վանքը, և վաճառականն աղոթում է և ասում.
-Տե՛ր Աստված, զարմացած եմ. ինչո՞ւ ես ինձ կրկին պատժում: Չէ որ որոշել եմ այսուհետ մշտապես լինել ազնիվ, բարեպաշտ ու խոնարհ մի անձ և արդեն մի քանի օր է՝ պահում եմ պատվիրաններն ու ապրում ըստ Քո ամենազոր կամքի համաձայն:
Եվ այսպես մտորելով իջնում է լեռներից և տեսնում մի խաբեբա մարդու, որը շատ տարիներ առաջ իրենից մեծ գումարներ էր շորթել և փախել: Ծառաների հետ հարձակվում է սրա վրա ու բռնելով նրա օձիքից կատաղած պահանջում իր գումարները՝ սպառնալով սպանել այդ մարդուն: Այնուհետև ետ դառնում, որպեսզի ավանակի թամբին կցված սուրը վերցնի, սակայն ո՛չ ավանակին է տեսնում, ո՛չ էլ սուրը, այլ հեռվում մի քարի վրա նստած Աստծո հրեշտակին և ապշած հարցնում.
-Տիրո՛ջ ամենատես հրեշտակ, որտե՞ղ է իմ ավանակն ու սուրը, ինչո՞ւ է Աստված ինձ նորից պատժում և իմ օգնության խնդրանքը մերժում:
Հրեշտակը պատասխանում է.
-Մինչ խաբեբայից գումարդ էիր պահանջում, գողերը վերադարձան և քո ավանակն ու սուրն էլ տարան: Մի՞թե կարծում էիր, թե արդեն խոնարհ ես ու բարի, քանի որ սրով այդ մարդուն էիր ուզում հարվածել: Աստված նախօրոք ամենայն ինչ տեսնում է և արդարացիորեն քո օգուտի համար քեզ նեղությունների մեջ թողնում:
Ճանաչիր իրապես ինքդ քեզ, թե ինչպիսին ես տարբեր իրավիճակներում ու դրվագներում և կհասկանաս, թե ինչու Աստված քո խնդրանքին ցանկությանդ համապատասխան չի արձագանքում: