26 Դեկտեմբեր, Եշ
«Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը» (Սիրաք 23:28):
Իմաստունի այս խորախորհուրդ խոսքերն ընթերցելիս մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Աստված ամենատես է, ամենագետ և գաղտնիքներ քննող: Մեր Տեր Աստված «սրտերն ու երիկամները քննող Աստված է» (հմմտ. Սղմ.7:10): Հարկ է գիտակցել, ընդունել և աներկմտորեն հավատալ, որ Տերը ոչ միայն տեսնում է մեր կատարած բոլոր գործերը, այլև քննում մեր գաղտնի մտածումները, գիտե յուրաքանչյուրիս սրտի խորհուրդները: Խորհենք, թե օրվա ընթացքում քանի անգամ ենք պղծում մեր միտքը` չար ու զազիր խորհուրդներով, մեր լսելիքը` պիղծ և անբարո խոսքեր ունկնդրելով: Մեր բոլոր զգայարաններով մեղանչում ենք` անդադար վնաս հասցնելով մեր հոգուն: Հարկ է մշտապես զգոն լինել և չարիքից հեռու մնալ, սանձել վատ խորհուրդները և բարին գործել, չէ՞ որ Տեր Աստված տեսնում է մեզ ամեն վայրկյան. «Նրա առջև է ամեն մարմնեղեն էակի գործը, և անկարելի է թաքնվել Նրա աչքից» (Սիրաք 39:24): Նա «հայտնի է դարձնում անցյալն ու լինելիքը, բացահայտում գաղտնի բաների հետքերը: Նրանից չի խուսափում և ոչ մի մտածություն, Նրանից չի թաքնվում և ոչ մի բան» (Սիրաք 42:19-20): Սակայն անհավատ և կամ` հավատի մեջ անկատար մարդիկ այն համոզումն ունեն, որ ամենակարող Աստված չի տեսնում (կամ ոչ միշտ է տեսնում) իրենց կատարած այս կամ այն վատ արարքը, և եթե ականատեսներ էլ չկան, ուրեմն` վերջ, շուտով կմոռացվի, կանցնի, կգնա: Կամ ինչպես գողը, երբ գողություն է անում և հաջողում է, և ինչպես մարդասպանը, երբ մարդ է սպանում, ոճիր է գործում և ճողոպրում ատյանից, չի դատապարտվում, չի հատուցում և շարունակում է հանգիստ խղճով ապրել, ինքն իրեն մտածում է. «Բարձրյալը չտեսավ իմ մեղքը»: Բայց մի՞թե Աստված չտեսավ: Ինքներս մեզ չխաբենք: Լսենք, թե ինչ է ասում Սիրաքն իր Իմաստության գրքում. «Մի՛ ասա, թե` «Կթաքնվեմ Տիրոջից» և «Ո՞վ կհիշի ինձ»: «Բազում ժողովրդի մեջ չեմ նկատվի, որովհետև իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մեջ» (Սիրաք 16:16-17): «Սակայն Աստված մոտ է բոլորին և ոչ` հեռու և գիտե մարդկանց բոլոր բարի և չար խորհուրդները, անսխալ կերպով լսում է, ինչ որ խոսվում է լեզվով և հայտնապես տեսնում այն, ինչ ծածուկ գործում են մարմնով, քանզի չկա մի արարած, որ անտեսանելի լինի Նրան» (սբ. Ն. Շնորհալի): Իսկ սաղմոսերգուն ավելացնում է. «Միթե ականջ ստեղծողն ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն ինքը չի՞ տեսնի... Տերը գիտե մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են» (Սղմ. 93:9, 11): Ուրեմն հավատանք, որ ամեն ինչ իմացող մեկ այլ Դատավոր կա, Ումից չենք կարող թաքցնել մեր գաղտնի չարագործությունները: Ավելի՛ն, Տերը ոչ միայն տեսնում է մեր գործերը, գիտե մեր գաղտնի խորհուրդները, այլև այն, որ տակավին ո՛չ մտածված է և ո՛չ գործված` ըստ այն խոսքի, թե` «Իմ կողմից չգործվածները տեսան քո աչքերը» (Գրիգոր Վարդապետ): Այո՛, Աստծու ամենատես աչքից ոչինչ չի թաքնվում:
Երկյուղենք Տիրոջից, հավատանք ավետարանական ճշմարտություններին, չէ՞ որ Աստծու խոսքն անսուտ է, և Աստված` անխաբելի: Եթե ամբողջ սրտով հավատանք Աստծու ամենակարողությանը, և որ` ամեն պահ տեսնում է մեզ Աստված, չենք հանդգնի սրտում չարություն խորհել, բերանով անիրավություն խոսել կամ հոգով մեղք գործել: Սուրբ Ն. Շնորհալին ասում է. «Նա, ով հավատում է, թե Աստված տեսնում է, ինչպե՞ս կհանդգնի համառորեն չար բան խոսել կամ գործել» («Թուղթ ընդհանրական»): Ուստի մշտապես մեր աչքի առջև ունենանք Աստծուն, որպեսզի չհամարձակվենք չարիք գործել: Հայրերն ասում են, թե «բոլոր հոգևոր և մարմնավոր առաքինությունների լրումն է Աստծուն միշտ աչքի առջև ունենալը»: Հնազանդվենք Տիրոջը և բարիք գործենք, քանզի` «Չար գործեր անելիս դևերին ենք ժառանգակից դառնում և եթե Աստծուն սիրենք, Աստծուն ենք ժառանգում» (սբ. Եվագր): Միավորվենք Աստծուն հավատի միջոցով:
Հիշենք, որ Աստված սահմանել է մի օր, երբ արդարությամբ պիտի դատի աշխարհը` մարդկանց ծածուկ և հայտնի գործերը, մտածումները, և ոչ մի ամբարիշտ չի արդարանա Տիրոջ առջև: Ուստի «Դատապարտվելու դատաստանի ահով ու երկյուղով զգեստավորվենք, որպեսզի հավիտենական կրակի երկյուղով անշեջ լուսավորություն հագնենք» (սբ. Եվագր): Եվ եթե ամեն անգամ չար բան խորհելիս կամ գործելիս հիշենք դատաստանի երկյուղը, Դատավորի սպառնալիքը, անշիջանելի կրակը, անքուն որդը, ձախակողմյան թևը, այծերի բազմությունը և այն, թե ուր են գնում անսահման տանջանքները, ապա կզղջանք և հեռու կմնանք չարիքից: Ականջալուր լինենք Պողոս առաքյալի խոսքին, որ ասում է. «... ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` պարկեշտությամբ, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով, ինչ որ` բարի համբավով, ինչ որ` առաքինությամբ, ինչ որ` գովությամբ,- ա՛յն խորհեցեք» (Փիլիպ. 4:8): Եվ թող Ինքը` բարյաց Պարգևատուն` Աստված, տա մեզ զորեղ և անսասան հավատ` ապրելու մեր այս պանդխտության ժամանակը` բարի կենցաղավարությամբ, խոհեմությամբ և արդարությամբ: Փութանք հասնել երկնքի վայելչությանը, լինել ժառանգորդն անմահ, ախորժելի, փառավորված կյանքի և թագավորելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:
Անժելա Խաչատրյան