Աքաաբը, որ պարզորոշ տեսնում է, որ Եղիայի աղոթքով է անձրև գալիս, հարգո՞ւմ և հնազանդվո՞ւմ է մարգարեին:

Ո՛չ միշտ: Հիրավի, հրաշքի և անձրևի հետևանքով բարկությունն անցնելով` զգուշանում է վնասել Եղիային, սակայն միևնույն ժամանակ չի ցանկանում հնազանդվել նրա պատվիրաններին և ոչ էլ հարգանքով ընդունել նրան, ինչպես  պարտավոր էր: Մանավանդ երբ Աքաաբը Եղիայի հրամանով Բահաղի մարգարեների կոտորվելը պատմում է Հեզաբելին, անզգամ թագուհին մտադրվում է սպանել մարգարեին, սակայն ժողովրդից վախենալով` միառժամանակ հետաձգում է իր մտադրությունը, միայն բացահայտորեն լուր է ուղարկում, որ վաղը` այս ժամին, սպասելու է նրան:

Այս սպառնալիքից վախենալով` Եղիան Հուդայի երկրին պատկանող Բերսաբե կոչվող վայրն է գնում, որտեղ էլ ծառային թողնելով` ինքը միայնակ շարունակում է ճանապարհը դեպի անապատ և մի ամբողջ օր քայլելով` հոգնած հանգիստ է առնում մի ծառի տակ: Ե´վ հոգնությունից, և´ ժողովրդի անկարգ վարքի պատճառով սրտնեղելով` մարգարեն ցանկանում է մեռնել` ասելով. «Ո՜վ Տեր, վերցրո՛ւ հոգիս, ես իմ հայրերից լավը չեմ», և տխրությունից այնտեղ ննջում է:

Ապա նրան արթնացնում է Աստծու հրեշտակը` ասելով. «Վե´ր կաց և կե՛ր», Եղիան արթնանալով տեսնում է, որ մի կտոր հաց և մի կուժ ջուր են դրված իր մոտ, ուտում և խմում է և դարձյալ ննջում: Երկրորդ անգամ հրեշտակը արթնացնում է` ասելով. «Վե´ր կաց և կե´ր, քանի որ գնալիք ճանապարհդ երկար է»: Նա էլ, ըստ հրամանի արթնանալով, ուտում և ըմպում է և ահա այդ հացի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլում է, մինչև Քորեբ լեռանն է հասնում և այնտեղ` մի քարանձավում, բնակություն  հաստատում:

Մի օր Եղիան աստվածային ձայնն է լսում. «Ինչո՞ւ ես այստեղ նստել, Եղիա՛»,  և սա պատասխանում է. «Աստծու փառքին նախանձախնդիր եղա, քանի որ տեսա, որ Իսրայելը, Քեզ թողած, Քո սեղանները կործանեց և մարգարեներիդ կոտորեց, միայն ես մնացի, և ինձ էլ ցանկանում են սպանել» (Գ Թագ. 19:10): Քանի որ մարգարեն սույն պատասխանով Իսրայելի ժողովրդի չար վարքն ու դրա պատճառով իրեն համակած խոր տխրությունն է հայտնում, ուստի ամենաբարի Աստված, ցանկանալով իր հավատարիմ և եռանդուն ծառային վարձատրել և մխիթարել, առաջարկում է հաջորդ օրը Քորեբ լեռ բարձրանալ, քանի որ Աստված այդտեղով պիտի անցնի:

Երբ Եղիան բարձրանում է լեռը, իսկույն աստվածային հրամանով սաստիկ հողմ է սկսում փչել, ապա երկրաշարժ է լինում, և հրե տեսարաններ են տեղի ունենում կամ ժայթքում. այս ամենից հետո մեղմ զեփյուռի ձայն է լսվում, Եղիան իսկույն հասկանում է, որ Աստված այն մեղմ քամու ձայնի հետ է, դրա պատճառով պատկառելով, կաշվե վերարկուով ծածկելով իր դեմքը` վերադառնում է հիշյալ քարանձավը (Գ Թագ. 19:11-13):

Պետք է նկատել, որ սաստիկ քամու, երկրաշարժի և կրակ ժայթքելու ժամանակ Եղիան վերարկուով իր դեմքը չի ծածկում, քանի որ դրանց մեջ Աստծու ներկայություն չկար, սակայն մեղմ զեփյուռի ձայնը լսելուն պես Աստված այդ ձայնի հետ լինելու պատճառով մարգարեն ծածկում է դեմքը: Այսպիսի տեսարաններից հասկացվում է, որ Աստված ցանկանում է Եղիային ցույց տալ իր զորությունը և գթությունը: Քանի որ սաստիկ հողմը երկրաշարժը և կրակը` Նրա կարողությունը, իսկ մեղմ քամու ձայնը Նրա գթությունն են հայտնում: Քանի որ մեղավորին կարող է պատժել խիստ միջոցներով, ինչպիսին փոթորիկը, երկրաշարժը և հուրն են, որոնք իսկույն կործանում են:

Սակայն քանի որ Աստված ողորմած է, և համբերում է, որ մեղավորը հետ դառնա ու ապաշխարի, և թեև մեղավորի չապաշխարելու ժամանակ իսկ պատժի, դարձյալ այդ պատժի մեջ էլ է նշմարվում նրա գթության հետքը, քանի որ այս աշխարհում տրված պատիժներն էլ առանց գթության չեն: Արդարև, վերոհիշյալ հրաշալի երևույթները Եղիային  խրատ էին, որ ժողովրդի մեղանչելու ժամանակ խիստ մեծ բարկությամբ նրան պատուհասելու փոխարեն, ընդհակառակը, մեղմ և քաղցր միջոցներով ջանա նրան ուղղության վերադարձնել:

Ասուհանդերձ, որպեսզի Եղիան չմտածի, որ կուռքեր երկրպագողները պատժից ազատ պիտի լինեն, այլ ընդհակառակը, նրանք իրենց ժամանակին պիտի պատժվեն, և մինչև անգամ Աստված պիտի հայտներ, թե ում ձեռքով պիտի պատժվեն, մարգարեն նորից ձայն է լսում. «Ինչո՞ւ ես նստել այստեղ, Եղիա՛»:  Եվ նա նախկինի նման գանգատվում է ժողովրդից, որին ի պատասխան` Աստված ասում է. «Վե´ր կաց, այս անգամ գնա´ Դամասկոսի անապատի կողմը և Ազայելին ասորիների թագավոր կարգի´ր, և Հեուին` իսրայելացիների, նաև Եղիսեին քո փոխարեն մարգարե´ օծիր»: Քանի որ կուռքեր երկըրպագողները նախ` Ազայելի ձեռքով պիտի կոտորվեին, ապա` Հեուն և Եղիսեն սաստիկ կոտորած պիտի տային նրանց (Դ Թագ. 8:12): Եվ որովհետև դարձյալ ժողովրդի դեմ է գանգատվում` ասելով. «Քո մարգարեներին կոտորեցին, միայն ես եմ մնացել», Աստված նրան հայտնում է, որ միայն ինքը չի մնացել, այլ հենց այդ Իսրայելի ժողովրդի մեջ յոթ հազար մարգարեներ կան, որոնք կուռքերի առջև չեն ծնրադրել և չեն երկրպագել: Սույն հայտնությամբ խեղճ մարգարեն տեսնում է, որ ինքը սխալվել է և երկրպագում է Տիրոջը:

Այնուհետև Եղիան, ըստ աստվածային հրամանի,  նախ գնում և գտնում է Եղիսեին, որը հող էր վարում` տասներկու եզներ լծած, ու իր մաշկեղեն վերարկուն նրա վրա է գցում: Այն ժամանակ Եղիսեն, իսկույն թողնելով իր գործը, մարգարեի հետևից է գնում, քանի որ հասկանում է, որ մարգարեի միջոցով Աստված կանչում է իրեն, որպեսզի հողագործությունը թողնի և իր  անձը Եղիային ծառայելուն նվիրի: Սակայն նախ հրաման է ստանում` գնալու և  ծնողներին վերջին ողջույնի հրաժեշտը տալու, և ապա երկու եզ մորթելով` իր ազգականներին և բարեկամներին պատվելուց հետո հետևում է Եղիային, որից այլևս երբեք չի բաժանվում, մինչև նրա` երկրից վերանալը:

Թեպետ Եղիան վերոհիշյալ երկու անձնավորություններին՝ Ազայելին և Հեուին, ինքն անձամբ թագավոր չի օծում, սակայն նրա հրամանով Եղիսեն է կատարում այդ արարողությունը (Դ Թագ. 8:13 և 9:3):


 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․