Առաջնորդների մասին

Խիստ մեծապատիվ  մի եպիսկոպոս կար, որ ոչ միայն եկեղեցական գործերն էր վարում, այլև զբաղվում էր աշխարական այլ գործերով: Մի օր, երբ զորականների բազմության հետ սպառազինված անցնում էր արտերով, մի հողագործի տեսավ, որ գութանը հանդում թողած՝ կանգնել և ուշադիր ու ակնապիշ նայում էր հեծելազորին: Տեսածից զարմացած՝  նա ձին ճանապարհից մի փոքր շեղեց դեպի շինականը և նրան դառնալով՝  քաղցրությամբ ասաց.

- Մի բան եմ ուզում  հարցնել քեզ, բարի՛ մարդ, եթե կամենում ես  հարցիս անկեղծ պատասխան տալ:

Հողագործը խոնարհությամբ պատասխանեց.

- Ո՞վ եմ ես , կամ ովքե՞ր են  իմ  ազգականները, որ քեզ` իմ մեծապատիվ տիրոջը, պատասխան չտամ:

Եվ եպիսկոպոսը հարցրեց.

-Ասա՛  խնդրեմ, ի՞նչ էիր խորհում, երբ ինձ նայելով՝ այդպես ծիծաղում  ու  հրճվում էիր:

- Մտածում  էի,- պատասխանեց հողագործը,-  թե արդյո՞ք սուրբ Մարտինոսը,  որ նույնպես եպիսկոպոս էր, նման սպառազինությամբ և զորականների բազմությամբ էր ճանապարհ գնում:

Եպիսկոպոսը, փոքր-ինչ ամաչելով, ասաց.

- Ես ոչ միայն եպիսկոպոս եմ և եկեղեցական, այլեւ աշխարական կարգով իշխան ու կուսակալ, ինչպես որ այժմ  տեսնում ես ինձ: Իսկ թե ուզում ես եպիսկոպոս տեսնել՝ այսինչ օրն արի՛ եկեղեցի:

Հողագործն այս պատասխանից  մեղմ ժպտաց և  եպիսկոպոսին ասաց.

- Եթե Ձերդ մեծությանը  դժվար չէ, մի բան էլ ես եմ կամենում հարցնել:

-Խնդիր չկա, հարցրո՛ւ,- պատասխանեց եպիսկոպոսը:

Հողագործն ասաց.

- Եթե իշխանը, Աստված մի՛ արասցե,  իր գործերի պատճառով դժոխքի մատնվի, ապա մեր եպիսկոպոսն ո՞ւր կգնա:

Այս հարցից ամաչելով` եպիսկոպոսն,  առանց հողագործին պատասխան տալու, գնաց: Սակայն  նրա խոսքերից քիչ բան չշահեց, քանի որ  դրանից հետո խիստ զգուշանում էր, որ աշխարհական գործերով ավելին չզբաղվի, քան եպիսկոպոսության հոգեբարձությամբ, և չլինի, որ առավելապես իշխանի և ոչ  թե եպիսկոպոսի վարձը ընդունի:

 

Հայելի վարուց

29.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․