Հարց 22 – Հովսեփը, որ Առաքյալներից Բառնաբաս անվանվեց… «Հովսեփը, որ ղևտացի էր, ծագումով՝ կիպրացի, որը առաքյալներից Բառնաբաս կոչվեց (որ թարգմանվում է մխիթարության որդի), մի արտ ուներ. նա վաճառեց այն և գումարը բերեց դրեց առաքյալների ոտքերի առաջ» (Գործք 4:36-37): Արդ՝ եթե Բառնաբասը ղևտացի էր, չպետք է կալվածք կամ գյուղ ունենար, քանզի հին օրենքում գրված է. «Ղևտացիներն իրենց եղբայրների մեջ բաժին ու ժառանգություն չունեն, քանի որ Տերն ինքն է նրանց բաժինն ու ժառանգությունը, ինչպես որ ասաց նրանց» (Բ Օրին. 10:9): Ուստի այդ մարդն ինչպե՞ս կարող էր կալվածք ունենալ:

Պատասխան – Մեկնիչներն ասում են, թե երկու բան պետք է մտաբերել, նախ՝ Աստված չարգելեց ղևտացիներին ավետյաց երկրից դուրս կալվածք ունենալ: Երկրորդ՝ Ավետյաց երկրից ճանապարհի մեկ մղոն հեռավորության վրա, պարսպապատ քաղաքներից հեռու գտնվող տարածքներում, ղևտացիներին տեղ էր հատկացվում՝ իրենց անասունները շատացնելու համար:

Առաջին ասածս հաստատում է Թվոց գիրքը. «Նրանց երկրում ոչ մի ժառանգություն չպիտի ունենաս» (18:20) և այլն: Իսկ նույն գլխի 24 համարում Աստված ասում է. «Իսրայելցիների որդիների մեջ նրանք ժառանգություն չպիտի ունենան», այսինքն՝ Իսրայելի երկրի մեջ, սակայն ուրիշ տեղ կարող էին կալվածք ունենալ, ինչպես գտնում են մեկնիչները:

Երկրորդ ասածիս հաստատումը դարձյալ նույն՝ Թվոց գրքում է. «Հրամայի՛ր իսրայելացիներին, որ իրենց բաժին հասած կալվածքներից բնակվելու համար քաղաքներ, ինչպես և իրենց քաղաքների շուրջն ընկած արոտավայրերը տան ղևտացիներին։ Այդ քաղաքները նրանց բնակության վայրերը թող լինեն, իսկ առանձնացված արոտավայրերը թող լինեն նրանց ոչխարների հոտերի և ամեն տեսակ չորքոտանիների համար արածելու վայրեր» (Թվոց 35:2-3):

Մեկնիչներն այս խոսքից ընդհանրապես տեղեկանում են, որ Բառնաբասի վաճառած գյուղը կամ ագարակը կա՛մ Ավետյաց երկրից դուրս էր, կա՛մ եբրայեցիների քաղաքներից մեկի հեռավոր տարածքն էր: Եթե մտաբերենք, որ Իսրայելի քաղաքների հեռավոր տարածքները միայն ղևտացիները կարող էին գործածել, սակայն վաճառելու իրավունք չունեին, ուստի այստեղից երևում է, որ Բառնաբասի վաճառած ագարակն Իսրայելի երկրում չէր: Քանի որ նրա տունը Կիպրոսում էր, հետևաբար վաճառված ագարակը ևս այդտեղ էր:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․