Մի մեծ մեղու բզզոցով պտտվում է սեղանին դրված շատ քիչ քանակությամբ անուշաբույր հյութով լցված շշի շուրջ: Մեղուն մեծ հիացմունքով նայում է ապակյա շշի հատակին մնացած հյութին և երկար դեգերելով գտնում շշի բերանը, փորձում ներս մտնել, սակայն չի կարողանում ու տխրում է` ասելով.
- Արարիչը ինչո՞ւ չի օգնում. չէ՞ որ բարի գործ եմ ուզում կատարել, հյութ եմ ուզում խմել, դրա նեկտարն եմ կամենում հավաքել և մարդկանց համար մեղր պատրաստել:
Բայց Արարիչը լռում է: Այնուհետև մեծ ջանքերի գնով անցնում է շշի բերանի նեղ արահետով, հայտնվում հյութի մեջ, ինչպես դրախտային մի վայրում, վայելում այն, դրանից պաշար վերցնում: Ինքնագոհ ու երջանիկ ապակյա շշի ներսից նայում է աշխարհին և կրկին բզզոցով թռչում դեպի վեր, դեպի շշի բերանը, բայց ինչքան չարչարվում, տքնում, այս անգամ դուրս գալ չի կարողանում: Սարսափից չռած աչքերով ու կարոտալի հայացքով նայում է ապակյա շշից դեպի արևամուտի ճամփան բռնած բնությանը և աղերսում.
- Տե՛ր Արարիչ, փրկի՛ր ինձ այս բանտից ու մահից:
Արարիչը խոսում է և խրատում.
- Սա քեզ համար թող խրատ լինի, համբերիր մինչև առավոտ, որպեսզի հյութից փքված վիճակդ անցի և մեծ ճիգերի գնով դուրս գաս այս ապակյա բանտից:
Հաճախ Աստված լռում է, որովհետև խնդրում ենք մեզ համար բարի թվացյալ իրողություններ, որոնք մեզ փորձության մեջ են գցելու և ձգտում ենք մտնել այն իրողության մեջ, որտեղ ամենևին էլ պետք չէ լինել:
Հովհաննես Մանուկյան