Հուդա Իսկարիովտացին, ով տասներկուսից մեկն էր, մատնում է իր ուսուցչին։ Այստեղ, իհարկե, տեսնում ենք, որ մարգարեությունը հասնում է լրմանը, բայց միևնույն ժամանակ Հուդայի մատնությունը չի արդարացվում մարգարեության շղարշի ներքո, քանի որ ամեն ոք, այդ թվում նաև Հուդան, ունի ազատ կամք։ Ազատ կամքով են մարդիկ շարժվում կյանքում, և ոչինչ ու ոչ մեկ չի կարող նրանց կամքը խաթարել։ Այդ իսկ պատճառով ամեն ոք, ով մեղք է գործում, իր ազատ կամքով, իր ցանկությամբ ու ընտրությամբ է գործում, անկախ նրանից՝ ով գիտի դրա մասին, կամ ով ոչ (այդ թվում և Աստված: Աստծո նախապես իմանալու հանգամանքը չի նշանակում, որ այդ մեղքը Աստծո ցանկությունն էր / իմանալ չի նշանակում ցանկանալ)։ Հետևաբար Հուդա Իսկարիովտացին, լինելով Քրիստոսի կողքին, հեռանում է հավատքից և չի կարողանում իր ազատ կամքը ճիշտ տնօրինել, որի հետևանքով էլ տեղի է ունենում մատնությունը։ Սատանան այդ ժամանակ բոլոր աշակերտների վրա է իր ներգործությունը իրականացրել, բայց տեսնում ենք, որ բոլորը հաստատուն մնացին իրենց հավատքի մեջ, իսկ Հուդան թերացավ ու ընկավ իր դիրքից։ Մեր եկեղեցին, անշուշտ, ոչ մի կերպ չի արդարացնում Հուդայի քայլը, քանի որ այն եղավ գիտակցված և ըստ իր ազատ կամքի: