5 Հոկտեմբեր, Շբ
Մի առագաստանավ, որ մեծ ունեցվածք էր տանում, փոթորկի հուժկու ալիքներից ջախջախվում և խորտակվում է: Նավաստիներն ու նավապետը փրկվում են` ելնելով ծովի վրա լողացող կոտրատված տախտակամածի կտորների վրա: Երբ ծովը հանդարտվում է, նավապետը կանգնում է տախտակամածի գերանների վրա և հանդարտ ու անխռով նայում արևամուտին:
Կուչ եկած, հուսահատված նավաստիներից մեկն ասում է.
-Նավապե՛տ, մենք վհատվել և ապրելու հույսը կտրել ենք այս անծայրածիր ծովի ալիքների մեջ: Եվ ո՛չ նավ ունեինք, ո՛չ էլ ունեցվածք կորցնելու համար, իսկ դու կորցրեցիր և՛ նավդ, և՛ ամբողջ ունեցվածքդ, բայց վեհությամբ կանգնել և նայում ես արևամուտին…, մեկ ուրիշը քո փոխարեն արդեն հուսահատվել և նույնիսկ ինքնասպան էր եղել այդքան մեծ կորստից…
Նավապետը պատասխանում է .
-Այո՛, զրկվեցի այդ ամենից, բայց հավատում եմ, որ Աստված ինձ հետ է, նշանակում է` ունեմ ամեն ինչ… Մի հուսահատվեք և վհատվեք, պարզապես վեր բարձրացրեք ձեր հայացքները և մայր մտնող արևի եզերքի ներքո կնկատեք դեպի մեզ նավարկող փրկության առագաստանավը: Աստված երբեք չի լքում նրան, ով ի սրտե ապավինում և վստահում է Իրեն, վեր բարձրացրեք ձեր հայացքները և մշտապես կտեսնեք դեպի ձեզ լողացող նավը: