30 Նոյեմբեր, Շբ
1 Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ 2 տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է, 3 որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստուած ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն. 4 որովհետեւ Աստծոյ բոլոր ստեղծածները լաւ են, եւ խոտան բան չկայ, մանաւանդ՝ երբ դրանք գոհութեամբ են ընդունւում. 5 քանի որ Աստծոյ խօսքով եւ աղօթքով ամէն բան մաքրւում է: 6 Այս խրատը տալով եղբայրներին՝ Քրիստոս Յիսուսի մի բարի պաշտօնեայ կլինես՝ սնուած հաւատի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետամուտ իսկ եղար. 7 բայց պիղծ խօսքերից եւ պառաւական առասպելներից հրաժարուի՛ր. եւ դու քեզ մարզի՛ր աստուածապաշտութեամբ, 8 որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստուածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. եւ նա ունի կեանքի աւետիսը՝ այս կեանքի եւ հանդերձեալի: 9 Ճիշտ է այս խօսքը եւ արժանի է ամենայն ընդունելութեան, 10 որովհետեւ այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ կրում. քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծոյ վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների: 11 Պատուիրի՛ր այդ եւ ուսուցանի՛ր. 12 թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի՛, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ: