Կյանքի երգը

Հնդկական մի քաղաքի արվարձաններից մեկում սրնգահարը մեղմ հնչյունների ելևէջներով մի խորը փոսի մոտ նվագում է: Ծանր ռոքի սիրահար մի քանի երիտասարդ զինված երաժշտական գործիքներով հավաքվում են նրա շուրջը:

Նրանցից մեկը հարցնում է.

-Դու գիտե՞ս, թե ինչ է ռոք երաժշտությունը.

Սրնգահարը չի պատասխանում, այլ շարունակելով նվագել՝ զարմացած հայացքով նայում է նրանց:

Երիտասարդն այս անգամ հեգնանքով ասում է.

- Ահա ևս մի մարդ, որ հնամենի երաժիշտ է: Մենք հիմա քեզ կներկայացնենք մոդեռն, կյանք պարգևող երգերը և թե ինչ է ծանր ռոքը, ու դու կհասկանաս, որ ժամանակից, կյանքից ինչքան ետ ես ընկել:

Ռոքի սիրահարները հպարտորեն սկսում են բարձրաձայն նվագել և երգել: Այդ պահին փոսի միջից ֆշշոց է լսվում, և երկու հսկա կոբրա են դուրս գալիս ու առաջանում դեպի այդ երիտասարդները, որոնք սարսափից քարանում, լռում են:

Սրնգահարն ասում է.

- Ինչո՞ւ դադարեցրիք ձեր մոդեռն երգերը, միգուցե այս կոբրաները դրանք գնահատեն, հանդարտվեն ու ձեզ իսկապես կյանք պարգևեն...

Սրնգահարը շարունակում է նվագել, և օձերը ետ են քաշվում:

Կան մարդիկ, որոնք կարծում են, թե աղավաղելով աստվածային ներդաշնակությունը, ժամանակակից նորարարություն են հայտնաբերում ու կյանքի հարատևման իմաստ ստեղծում:

 

Հովհաննես Մանուկյան

11.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․