23 Հունիս, Կիր Տոն Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը նշում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը: Սբ. Աստվածամորը նվիրված այս տոնը սահմանվել է հետևյալ առիթով: Ավանդությունն ասում է, որ Սբ. Կույսը իր զգեստներից մեկը նվիրել էր իր հետ ապրող մի հրեուհու: Պատմվում է, թե Կ. Պոլսեցի երկու ազնվատոհմիկ հույն եղբայրներ՝ Գալբիասը և Կանտիտասը, որոշում են ուխտի գնալ Երուսաղեմ՝ Պաղեստինի սրբավայրերը: Երբ Նազարեթում էին, ուր Ավետումն էր եղել, նրանք նկատում են, որ տեղաբնակ հիվանդների ու կույրերի հոծ բազմություն է հավաքվել մի տնակի առջև: Հետաքրքրությունից մղված՝ նրանք մոտենում են ամբոխին և տեղեկանում, որ այնտեղ, մի տուփի մեջ է պահպանվում Աստվածամոր զգեստը, որ նախնիներից ժառանգաբար հասել էր տանտիրուհուն և որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Երուսաղեմ հասնելով՝ նրանք նմանօրինակ տուփ են պատվիրում և, վերադառնալով Նազարեթ, ծածուկ կերպով փոխանակում են հրեա կնոջ տան նախօրինակի հետ: Այսպես, լքելով սրբազան վայրերը՝ նրանք ժամանում են Կ. Պոլիս՝ իրենց հետ բերելով այդ սրբությունը: Շուտով ազնվականների տանը սկսվում են հրաշքներ կատարվել, որոնց նախապատճառի մասին նրանք հայտնում են թագավորին: Բյուզանդացի Լևոն Մեծ կայսրի (457-474թթ.) հրահանգով քաղաքի եպիսկոպոսը հիշյալ սրբությունը հանդիսավորապես զետեղում է Սբ. Աստվածամոր անունը կրող եկեղեցում: Այդ հիշարժան դեպքի պատրվակով սահմանվում է «Գյուտ տփոյ Սբ. Աստվածածնի» տոնը, որը Հայ եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից: 1774թ-ին այս տոնը իր կազմած տոնացույցում է ընդգրկել Սիմեոն Երևանցի կաթողիկոսը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․