22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա´յր, իսկ ի՞նչ է լինելու Հյուսիսային Էպիրի* այն բնակիչների հետ, որոնք չմկրտված են մահանում:
- Դե, նրանցից շատերն իրենց ծնողների կողմից մկրտվել են օդային Մկրտությամբ**: Իսկ շատերն այդ երկրներում օդային Մկրտություն են ստացել դայակներից կամ բուժքույրերից՝ ծննդատանը: Ես մի դեպք գիտեմ, երբ մի բուժքույր նորածնին մկրտել է ջրով լի թասի մեջ: Աստված տեսնում էր այդ կնոջ մղումը… Իսկ որքա՜ն Շնորհներ են ունենում նոր մկրտվածները: Մի անգամ, երեք հարյուր հիսուն հոգանոց խմբում, ես տարբերեցի մկրտված կնոջը: Ես հարցրեցի, թե ով է նա և ինձ ասացին, որ դա մի թրքուհի է, որ Սուրբ Մկրտություն է ստացել: Նրա դեմքը շողում էր: Նրա կողքին մյուսները բարբարոս էին թվում:
- Հա՛յր, իսկ արդյոք ճի՞շտ է, եթե Մկրտության ժամանակ երեխաներին երկու անուն են տալիս:
- Եթե ամուսինները վիճում ու ամուսնալուծվում են այն պատճառով, թե ինչ անուն տան երեխային, ապա թող թեկուզ երեք անուն տան: Բայց ախր ճիշտ քրիստոնեական անուններն այժմ Աստված գիտե, թե ինչի են վերածել… Վիկի, Պեպպի, Միմի…
- Հա՛յր, մի կին կորցրեց երեխային հղիության հինգերորդ ամսում: Նա մահացած ծնվեց, և այժմ այդ կինը վշտանում է, որ հնարավոր չեղավ երեխային նույնիսկ օդային Մկրտություն տալ:
- Եթե նա ինքը մեղավոր չէ դրանում, ապա թող Աստծուն վստահի: Աստված գիտի ինչ անել այդպիսի երեխաների հետ և որտեղ նրանց տեղավորել:
- Հա՛յր, մայրս պատմել է ինձ, որ եղբայրներիցս մեկը մահացել է ծնվելուց մի քանի ժամ անց և նա չի հասցրել մկրտել նրան: Ես խորհուրդ տվեցի նրան խոստովանահորը պատմել դրա մասին:
- Քանի որ նա ուզում էր, սակայն չհասցրեց մկրտել, ապա մեղմացուցիչ հանգամանքներ ունի: Այլ կանայք ընդհանրապես աբորտ են անում ու իրենք են սպանում սեփական երեխաներին: Աստծո դատաստանն անքննելի է մեզ համար: Ծանր մեղք կլիներ, եթե նա չհասցներ երեխային մկրտել անփութության պատճառով և նա չմկրտված մահանար: Դու նման բաների մասին ողջամտության տեսակետից ես դատում: Դա ռացիոնալիզմի աստվածաբանությունն է: Հիշում եմ, մի անգամ ինձ մոտ ուխտավորների մի խումբ եկավ և ես նրանց հետևյալ դեպքը պատմեցի: Հյուսիսային Էպիրից մի փոքրիկի երեք անգամ էին մկրտել: Մի անգամ տատիկը, մյուս անգամ պապիկը, այնուհետև՝ մայրը, մեկը մյուսից թաքուն, որովհետև նրանք բոլորն էլ նորածնին չմկրտված էին համարում: Երբ ես պատմում էի այդ պատմությունը, ուխտավորներից մեկը մոտ ցատկեց ու հայտարարեց. «Դա կանոնական չէ»: «Լսի՛ր,- ասացի նրան,- քո կարծիքով նրանք կարդացել էին ինչ-որ դավանաբանական գրքում, որ երեխային պետք է երեք անգա՞մ մկրտել: Ախր այդ երեխան եռակի օրհնություն է ստացել»:
- Հա՛յր, երբեմն մարդիկ իրենց երազներում մահացած հարազատներին են տեսնում ու խոսում են նրանց հետ: Դա թույլատրվում է Աստծո կողմից այն բանի համար, որպեսզի հավատի ու ապաշխարության մեջ օգնի՞ մարդկանց:
- Այո՛: Մի՞թե ես ձեզ նման դեպք չեմ պատմել: Սուրբ Լեռան վանականներից մեկը ծագումով մի գյուղից էր, որ Բուլղարիայի տարածքում էր գտնվում: Այնտեղ շատ չմկրտվածներ կային: Այդ վանականը պատմեց ինձ, որ դեռևս աշխարհիկ և չմկրտված լինելով՝ երազում իր փոքրիկ զարմիկին էր տեսել, որ վերջերս էր մահացել: Փոքրիկը կանգնել էր մի հրաշալի այգու ցանկապատի ետևն ու լաց էր լինում: Իսկ այգում բազում երեխաներ կային, որ ուրախանում ու խաղում էին: «Ինչո՞ւ այգի չես գնում»,- հարցրեց այդ երազը տեսնող մարդը: «Ինչպե՞ս կարող եմ այնտեղ գնալ,- պատասխանեց երեխան,- Ախր ես մկրտված չեմ»: Այս դեպքից հետո այդ մարդն անմիջապես գնաց ու մկրտվեց, իսկ այնուհետև պատմեց քահանային, թե ինչ էր տեսել երազում: Աստված այդպես դասավորեց, որպեսզի մյուսները նույնպես հասկանան, թե Սուրբ Մկրտությունն ինչպիսի արժեք ունի: Բուլղարական այդ գյուղի բնակիչները նույնպես սկսեցին մկրտել երեխաներին այդ դեպքից հետո:
- Հա՛յր, քաղաքացիական ամուսնությամբ ապրող որոշ ծնողներ ցանկանում են մկրտել իրենց երեխաներին: Կարելի՞ է արդյոք դա անել:
- Իսկ ինչո՞ւ չի կարելի: Ի՞նչ մեղք ունեն խեղճ երեխաները: Այն փաստը, որ քաղաքացիական ամուսնություն ունեցող մարդիկ ուզում են մկրտել իրենց երեխաներին, վկայում է այն մասին, որ նրանց ներսում ինչ-որ (բարի) բան կա, որ այդ մարդիկ լիովին անտարբեր չեն: Հավանաբար այդ մարդիկ ինչ-որ տեղ և ինչ-որ բանում խճճվել են: Եթե ինչ-որ մեկն ուզում է օգնել նրանց, ապա նախ պետք է պարզել, թե ինչու նրանք եկեղեցում չեն պսակադրվել, այնուհետև՝ ինչու են ուզում մկրտել իրենց երեխաներին:
- Հա՛յր, եթե մենաստան գնալուց առաջ միանձնուհին Մկրտությամբ ինչ-որ մեկի կնքամայրն է եղել, ապա այժմ, աղոթքներից զատ, պարտավո՞ր է իր սանիկին նվերներ ուղարկել, ինչպես դա աշխարհիկ կնքահայրերն ու կնքամայրերն են անում:
- Դե, միանձնուհին այժմ ազատված է այդպիսի պարտականություններից: Վանականը (իր սանիկին) աղոթքով է օգնում: Իսկ ահա նրա ծնողները, եթե ուզում են, կարող են իրենց միանձնուհի դստեր սանիկի հետ նման կապեր ունենալ:
- Այսինքն, եթե միանձնուհու ծնողներն իրենք կամենան, կարո՞ղ են այդպիսի կապ ունենալ իրենց դստեր սանիկի հետ:
- Այո՛, իրենց կամքով: Միանձնուհին չպետք է պարտադրի դա նրանց: Թող նա աղոթի, որպեսզի Աստված նրանց լուսավորի: Բայց ինչ էլ որ լինի, կնքահայրը մեծ պատասխանատվություն է կրում: Երբ ես դեռ աշխարհիկ էի, ծնողներս խոստացել էին մի ծանոթ ամուսնական զույգի, որ իրենց երեխաներից մեկի կնքահայրը մեր ընտանիքից է լինելու: Երբ նրանք երեխա ունեցան, բոլոր հարազատներս բացակայում էին, ուստի ինձ խնդրեցին դառնալ երեխայի կնքահայրը: Այն ժամանակ ես տասնվեց տարեկան էի և չէի ուզում մկրտել նրան, քանի որ զգում էի, որ ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում: Այսպիսով, հայտնվելով դժվարին կացության մեջ՝ սկսեցի աղոթել: «Տե՛ր Աստված,- խնդրեցի ես,- եթե այդ մանկիկը բարի մարդ է դառնալու, ապա վերցրու իմ կյանքի մնացած բոլոր տարիներն ու նրան տուր: Սակայն, եթե նա վատ մարդ է դառնալու, ապա վերցրու նրան Քեզ մոտ հիմա, երբ դեռ փոքրիկ հրեշտակի է նման»: Ես մկրտեցի երեխային ու Պողոս անվանեցի: Մի շաբաթից նա մահացավ: Այժմ նա Երկնքում է և այն կորցնելու վտանգը չունի:
* Հյուսիսային Էպիր – հույներով բնակեցված Բալկանյան թերակղզու մաս: 1912թ.-ից Ալբանիայի տարածքի մասն է կազմում:
** Ըստ հունական պրակտիկայի, եթե չմկրտված նորածնի կյանքին անմիջական վտանգ է սպառնում՝ նրա վրա կարելի է այսպես կոչված օդային Մկրտություն կատարել: Քրիստոնյան երեխային իր ձեռքն է վերցնում և օդում երեք անգամ խաչի նշան է պատկերում, ասելով. «Մկրտվում է Աստծո ծառա (այսինչը) հանուն Հոր: Ամեն: Եվ Որդու: Ամեն: Եվ Սուրբ Հոգու: Ամեն»: Եթե նորածինը մահանում է, ապա նա մկրտված է համարվում, եթե ողջ է մնում, ապա Հույն Եկեղեցու Սինոդի որոշմամբ՝ Մկրտության Խորհուրդը կրկնվում է ամբողջությամբ:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի