Քրիստոնեության լույսը առաջին դարում, շնորհիվ առաջին Լուսավորիչների՝ Սբ. Թադեոսի և Սբ. Բարդուղիմեոսի, հետզհետե ծավալվում էր Հայաստանի բոլոր կողմերում: Նոր հավատքը աստիճանաբար արմատավորվում էր մարդկանց սրտերում:
Սբ. Թադեոս առաքյալի սերմանած սերմերը իրենց պտուղը տվեցին. դարձի եկան Ոսկյանք:
Ազգային ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի ազնվատոհմ անձեր և կայսերական պալատի արքունի պաշտոնյաներ էին: Թվով հինգ այս պատգամաբերները Հռոմի կայսեր կողմից ուղարկվել էին Հայաստան Հայոց Սանատրուկ թագավորի մոտ: Նրանց գլխավորի անունը Խռուսի էր, որ հունարեն բառ է, նշանակում է Ոսկի: Նրանք պատմության մեջ հայացան ու կոչվեցին Ոսկյանք իրենց գլխավորի անունով:
Հայոց երկրի սահմաններում նրանք հանդիպեցին Սբ. Թադեոս առաքյալին: Երբ տեսան նրան նվաստ կերպարանքով, հարցրեցին.
-Դու ո՞վ ես, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում:
Առաքյալը պատասխանեց.
-Ես ծառան եմ վեհագույն Աստծո, և ավետարանիչը Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի, Ով մեզ կյանք պարգևելու համար Մարդու Որդի եղավ:
Այս խոսքերով սկսեց առաքյալը քարոզել, որից դեսպանները խորապես ազդվեցին, Աստծո խոսքը գրավեց նրանց սրտերը:
Մինչ առաքյալը կենաց խոսքն էր քարոզում, եղջերուների մի երամակ արագընթաց վազքով անցնում էր մերձակա լեռը:
Դեսպանները այդ ժամանակ Սբ. Թադեոսին ասացին.
-Եթե դու բարձյալ Աստծո ծառան ես, և եթե կուզես, որ հավատանք քո խոսքերին, ասա, որ այդ եղջերուները կանգ առնեն, որպեսզի բռնենք նրանցից մեկին և այս գիշեր ուտենք. որովհետև այս անմարդաբնակ վայրում ենք գտնվում, տներից հեռու:
Այդ ժամանակ Սբ. Թադեոսը ձայն տվեց եղջերուներին հանուն Հիսուս Քրիստոսի, որ իր մոտ գան: Եվ նրանք, անսալով հրամանին, եկան կանգնեցին առաքյալի առջև: Որից հետո Սբ. Թադեոսը ասաց մարդկանց, որ եղջերուներից մեկին բռնեն, մորթեն, խորովեն և ուտեն: Որպեսզի հրաշքի զորությունը ավելի լավ տեսնվի, և նրանք ավելի դյուրությամբ իր խոսքերը հասկանան, պատվիրեց դեսպաններին, որ ոսկորները առանձին տեղ պահեն և չկորցնեն:
Պատգամաբերները կատարեցին այնպես, ինչպես ասաց առաքյալը: Սակայն նրանցից մեկը գաղտնի ոսկոր պահեց, որպեսզի տեսնի, թե առաքյալը ինչ պիտի անի:
Հաջորդ օրը Սբ. Թադեոսը կենդանու ոսկորների վրա փռեց մորթին և աղոթեց: Ոսկորները իրար միացան, կենդանին կենդանացավ, և առաքյալի խոսքով լեռն ի վեր բարձրացավ: Բայց լեռը բարձրանալիս եղջերուն կաղում էր և չէր կարողանում համարձակ վազել: Այդ ժամանակ Սբ. Թադեոսը դեսպաններին հարցրեց.
-Նայեցեք, թե արդյոք որևէ տեղ ոսկոր մնացե՞լ է:
Այդ ժամանակ այն զինվորը, որը պահել էր ոսկորը, ուղղակի հայտնեց իր մտադրությունը, թե՝ «պահեցի, որպեսզի ստուգեմ խոսքերիդ իսկությունը: Այսուհետև պիտի հավատանք քո քարոզած Աստծուն, որովհետև արդար ես և խոսքերդ ճշմարիտ»:
Բոլորը ոչ միայն հավատացին ու մկրտվեցին, այլ նաև Հայոց առաջին Լուսավորչի գործակիցները դարձան: Հրաժարվեցին իրենց աշխարհիկ առաքելությունից, վաճառեցին իրենց ստացվածքը՝ զենքերը, ձիերը և բաժանեցին աղքատներին: Երանելի Ոսկին քահանա ձեռնադրվեց Սբ. Թադեոսի կողմից: Բոլորը, նվիրված իրենց նոր կոչումին, հանձն առան հետևել առաքյալին ու ընթանալ խոնարհության ճանապարհով: Նրանք, ընթանալով այդ ճանապարհով, հարստացան հոգևոր գիտության մեջ և ավելի հաստատվեցին Քրիստոսի հավատքի և աստվածպաշտության մեջ:
Սանատրուկ թագավորի կողմից Սբ. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո, Սուրբ Ոսկյանք առանձնացան Եփրատ գետի ակունքի մոտ գտնվող Ծաղկոտն կոչվող լեռան վրա և ապրեցին ճգնավորական կյանքով: Այստեղ, նվիրվելով ճգնության և մշտամրմունջ աղոթքների, փայլեցին հրեշտականման վարքով՝ զատվելով և մաքրվելով իբրև ընտիր ոսկի աստվածային մաքրող կրակով: Այստեղ նրանք վայելում էին սրտի հանդարտություն և խղճի ազատություն: Զրկանքի, աղոթքի, խոկումի և ներքին պաշտամունքի մաքուր կյանք էր նրանց կյանքը: Երկար տարիներ, մինչև խոր ծերություն, ապրեցին նրանք այսպես:
Առաքինի այս ճգնողները, ավելի քան քառասուն տարիներ ճգնելուց հետո, աստվածային դրդումով իջան լեռներից և գնացին Հայոց արքունիք՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու Հայոց Արտաշես թագավորին և Սաթենիկ թագուհուն: Սբ. Ոսկյանք քարոզեցին կենաց խոսքը՝ հայտնելով Քրիստոսի աստվածությունը և ցույց տալով կուռքերի տկարությունը: Թեև թագավորն անտարբեր գտնվեց, բայց մյուս կողմից չարգելեց նրանց քարոզել:
Սբ. Ոսկյանց գործունեությունը անպտուղ չմնաց: Նրանց քարոզչության շնորհիվ դարձի եկան Սաթենիկ թագուհու Ալան ազգականներից 19 պալատականներ, որոնք մկրտվեցին և, պալատից հեռանալով, բնակություն հաստատեցին մի լեռան վրա՝ Բագրևանդ գյուղի դիմաց: Իրենց գլխավորի՝ Սուքիասի անունով նրանք կոչվեցին Սուքիասյանք: Ջերմագին հավատքով ընդունելով Սբ. Ոսկյանց խոսքը՝ նրանք օր ըստ օրե առավել ևս հաստատվում էին իրենց հավատքի մեջ:
Պալատում, երբ իմացան նրանց փախուստը, Արտավազդ արքայորդին իր երկու եղբայրների հետ փնտրեց և ի վերջո գտավ նրանց լեռներում Սբ. Ոսկյանց հետ: Իբրև ազգականներ՝ խնդրեցին, որ թողնեն այդ ամայությունը, ուրանան իրենց նոր կրոնը և վերադառնան պալատ: Սբ. Սուքիասյանք մերժեցին և հանձնառու չեղան Լույսից վերադառնալ դեպի հեթանոսական խավարը: Արաքայորդիները, տեսնելով նրանց անհողդողդ ու անդրդվելի հավատքը, այն ժամանակ հրամայեցին Սբ. Ոսկյանց, որ խրատեն իրենց աշակերտներին՝ այդ ճգնարանից հեռանալու և պալատ վերադառնալու:
-Իրենք թող ընտրեն իրենց օգուտը,- պատասխանեցին Սբ. Ոսկյանք և ավելի հաստատեցին Սուրբ Սուքիասյանց իրենց հավատքի մեջ:
Քրիստոնեությունը չի կաշկանդում կամքի ազատությունը: Չի բռնանում խղճի վրա: Այն սրտի և մտքի կոչում է:
Սբ. Ոսկյանց պատասխանը ավելի զայրացրեց Արտավազդին, որն իսկույն հրամայեց սրախողխող անել Սբ. Ոսկյանց ու հեռացավ: Իսկ Սբ. Սուքիասյանց որպես ազգականներ չհամարձակվեցին վնաս հասցնել:
Սբ. Սուքիասյանք արտասուքով և սաղմոսներով ամփոփեցին սուրբերի նշխարները: Այնուհետև շարունակեցին ճգնել իրենց բնակարաններում, ապա տեղափոխվեցին Սուկավետ կոչվող ջրաբաշխ լեռը, ուր որոշ ժամանակ հետո, իրենք էլ նահատակվեցին:
Հայ եկեղեցին Սբ. Ոսկյանց հիշատակում է Առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը, իսկ Սբ. Սուքիասյանց՝ երեքշաբթի օրը: Նրանք նաև հիշատակվում են Սբ. Պատարագի ժամանակ:
Սբ. Ոսկյանք և Սբ. Սուքիասյանք իրենց կյանքը նվիրեցին Հիսուս Քրիստոսին և, իրենց սուրբ հավատքի վրա ամուր մնալով, նահատակվեցին: Նրանք նմանվեցին ցորենի հատիկների, որոնք, հողի մեջ ընկնելով թեև մեռնում են, սակայն, հետո ծիլեր արձակելով, բազում պտուղներ են տալիս:
Երանելի այս սուրբերի ամուր հավատքը, նվիրումն ու քաջությունը մեզ համար օրինակ պիտի լինի: Նրանց նման մենք էլ ջանանք տոկալ մեզ հանդիպող դժվարություններին ու նեղություններին՝ միշտ աղոթելով: Ով որ մինչև վերջ համբերի ու Աստծուն հավատարիմ մնա, արժանի կլինի Երկնքի Արքայությանը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը