Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ….

Մարդեղացյալ Աստվածորդու հիշյալ խոսքերն արդեն շուրջ երկու հազար և ավել տարիներ հնչում են Սուրբ Գրքի խորախորհուրդ էջերից` հասցեագրված աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա` Ինձ հետ « (Հայտն. 3:20): Հայտնության գրքում արձանագրված Տիրոջ խոսքերը, սակայն, պետք չէ բառացիորեն ընկալել: Տերն ամեն վայրկյան, առանց «հոգնելու» բախում է յուրաքանչյուր մարդու «սրտի դուռը», մինչ վերջինս ականջ կդնի Նրա ձայնին և բաց կանի իր սիրտը Տիրոջ առջև: Քրիստոսի մարդեղությամբ և փրկագործության խորհրդով աստվածապատկեր մարդու առջև վերստին բացվեցին դրախտի դռները. Քրիստոսն Իր հրաշափառ Հարությամբ հաղթեց մահվանը` մեզ հարության հույսը պարգևելով: Այլև խոստացավ. «ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ պաշտոնյան», այսինքն` մենք` քրիստոնյաներս, որ կոչված ենք Քրիստոսի հետ լինելու Իր փառքի և արքայության մեջ, որովհետև «Աստված մեզ կոչել է Իր արքայությանն ու փառքին`Քրիստոս Հիսուսի միջոցով, Որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինենք» (Հմմտ. Ա Պետրոս. 5:10): Քրիստոսի փրկագործությամբ մարդը կոչվեց Աստծո որդի, Սուրբ Հոգու տաճար և բնակարան, «համաքաղաքացի սրբերին և ընտանի Աստծուն»…: Տերը մեզ նաև Իր բարեկամներն է կոչում`ասելով. «Դուք Իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ Ես ձեզ պատվիրում եմ: Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտե, թե տերն ինչ է անում, այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ Իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (Հովհ. 15:14-15): Իսկ սուրբ Եղիշե վարդապետն իր «Հայր մեր»-ի մեկնության մեջ գրում է. «Տես, թե ինչպիսի պատվով մեծարվեցիր` մինչև իսկ Աստծուն քեզ Հայր անվանելու իշխանություն ստացար»: Ավելին` մեր Երկնավոր Հայրը մեզ համար երկնքում պատրաստել է «անմահ կենդանություն, անխոնարհելի փառք և անտրտում հանգիստ, միայն թե մարդը կամենա և ըստ արժանվույն խնդրի դրանք» (Պողոս Ադրիանուպոլսեցի): Մարդասեր է Աստված, անասելի մարդասեր, և ինչպես «ժամանակների լրումին», հաղթվելով Իր անբավ մարդասիրությունից, մարդկային կերպարանք առավ, մարդացավ, խաչի անարգ մահը հանձն առավ մեղավոր մարդկության փրկության համար, այնպես էլ Իր հարությունից և երկինք համբարձվելուց հետո ամեն պահ սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձին և ապաշխարությանը, քանզի Իր պատվական արյամբ գնված էակին մշտապես փրկում է կորստաբեր ճանապարհներից, ուղղության բերում, հայրաբար խրատում, զգոնության կոչում… Իսկ մա՞րդը, աստվածապատկեր մարդն արդյո՞ք ականջալուր է լինում Իր Փրկչի ձայնին` բացելով նրա առջև իր սրտի դուռը: Ցավոք, հատկապես մերօրյա մարդը, ում առօրյան այնքան հագեցած է տարաբնույթ հոգսերով և զբաղումներով, կամ բնավ չի լսում Փրկչի խոսքը, կամ էլ լսում է, բայց «ժամանակ չի ունենում» Նրա առջև դուռը բացելու, որովհետև «շատ զբաղված է ավելի կարևոր գործերով»: Թերևս արժե հիշել Ղուկասի Ավետարանում արձանագրված «Մեծ խնջույքի» առակը (Տես Ղուկ. 14:15-24): Խիստ ուսանելի այս առակում Տերը պատմում է, որ մի մարդ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին: Սակայն հրավիրվածները հրաժարվեցին գալ` տարբեր պատճառներով. մեկը պատճառաբանեց, որ ագարակ է գնել, ուստի չի կարող գալ, մյուսը թե` հինգ լուծ եզ, երրորդը պատճառաբանեց, որ կին է առել և, բնականաբար, զբաղված է: Ի վերջո, ընթրիքի տիրոջ հրահանգով ծառաները հրավիրում են աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին, որոնք և մասնակցում են փառավոր ընթրիքին, իսկ «հրավիրվածներից ոչ ոք ընթրիքից չի ճաշակում»: Պարզ է, որ առակում հիշվող «մարդը» մեր Երկնավոր Հայրն է, ով հրավիրում Իր պատկերակցին հավիտենական կյանքի փառավոր ու մշտնջենական բարիքներին հաղորդ լինել, ժառանգել դեռ աշխարհի սկզբից իր համար պատրաստված արքայությունը, որին արժանանալու համար մարդը պիտի ընդունի Տիրոջ փրկության հրավերը, գնա Տիրոջն ընդառաջ` բացելով իր սիրտը Նրա առջև: Սակայն իր ինքնիշխան կամքով մարդը հաճախ մերժում է Աստծո փրկության հրավերը, աստվածային կանչը, մերժում է Նրան, Ով կամավորապես չարչարվեց ու խաչվեց իր մեղքերի թողության համար: Քրիստոսի փրկության հրավերը կամովին մերժող մարդը, անշուշտ, չի գիտակցում փրկագործության Խորին Խորհուրդը, իր «վերստին անմահացումը» և չի էլ կարող հասկանալ, քանի դեռ չի բացել իր սիրտը Տիրոջ առջև, չի գնացել Տիրոջն ընդառաջ, առանց որի իր տկար մտքով չի կարող ըմբռնել փրկագործության վեհ խորհուրդը: Սակայն մարդասեր Աստված չի լքում Իր պատկերակցին, որքան էլ վերջինս համառի մեղքի մեջ: Ընդհանրական եկեղեցու մեծագույն դեմքերից Օգոստինոս Երանելին, առ Աստված դարձից և ապաշխարությունից հետո գրելով իր հայտնի «Խոստովանություններ»-ը, խոստովանում է. «Դու ինձ հետ էիր, սակայն ես Քեզ հետ չէի…»: Ըստ եկեղեցու հայրերի մեկնությունների` Աստված սիրում է մեղավորին, բայց ոչ մեղքը, ուստի նրա կյանքի տարբեր ժամանակահատվածներում այցելում է նրան տարբեր կերպերով` փորձելով սթափեցնել և ուղղության բերել: Նա խոսում է մարդու հետ Իր «ընտրյալ անոթների»` քրիստոնյաների միջոցով, ինչպես դարձյալ Օգոստինոս Երանելին է խոստովանում. «Մորս միջոցով Դու դիմում էիր ինձ…»: Տեր Աստված մեղքի և անօրենության մեջ կարծրացած մարդուն այցելում է հիվանդությամբ, դժբախտությամբ, տարբեր փորձություններով` փորձելով սթափեցնել նրան: Մարդ էակի հանդեպ Աստծո տածած անսահման սերն ու ներողամտությունը լավագույնս ներկայացրել է սուրբ Գրիգոր Նարեկացին իր Աղոթամատյանի հիշյալ հատվածում.

«Պաղատում ես միշտ իմ դարձը առ քեզ` և չես ձանձրանում

Ապերասանիս ետևից վազում`չես լքում բնավ,

Ձայնում ես անվերջ քեզ չլսողիս` ու չես բարկանում,

Աճապարում ես մեղկիս հոգալու` առանց զլացման…» (Բան ԾԸ. Բ):

Անսահման են Աստծո սերն ու ներողամտությունը մարդ էակի հանդեպ: Տերը վկայում է, որ  «Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ. 15:7): Եվ որքան է ափսոսում մարդն իր կյանքի այն տարիների համար, որոնք ապրել է առանց Աստծո` անիմաստ ու աննպատակ կյանք վարելով և միայն աստվածհայտնության քաղցրությունն ապրելուց հետո է գիտակցում, թե ինչից է իրեն զրկել կամովին: Աստված սիրում է մեզ, և երբ մարդը փոխադարձում է այդ սերը, այդժամ նրա մեջ մեծ փոփոխություն է կատարվում. մարդն ընդունակ է դառնում Աստծուն ընդունելու իր սրտի մեջ` այդ կերպ միավորվելով Նրա հետ: Մի՞թե ավելի երանելի ու քաղցր բան կա մարդու համար, քան իր Փրկչի երանավետ ներկայությունն իր կյանքում, աստվածային խաղաղության ճաշակումն ու վայելումը…: «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ…»: Տիրոջ ձայնը լսելու և Նրա առաջ «սրտի դուռը» բացելու համար նախ անհրաժեշտ է վերարթնացնել մեր մեջ հավատը, որն Աստծու շնորհն է և ի վերուստ ուղարկվում է բոլոր մարդկանց` առանց բացառության: Տերն ուսուցանում է, որ առանց հավատի կատարյալ կյանքն անհնար է, քանզի փրկության պարտադիր պայմանը հավատն է. «Ով հավատում է, ունենում է հավիտենական կյանք»  (Հովհ. Զ 47 ): Հիսուս Քրիստոսին` որպես Աստծու Որդու և աշխարհի Փրկչի չհավատացող մարդը կատարյալ կյանք և հավիտենական փրկություն չունի: Քրիստոսին հավատալով է մարդը բացում իր սիրտը Նրա առջև, ընդունում աստվածային փրկության հրավերը, իսկ Տիրոջը հավատալու և ճանաչելու համար պետք է կարդալ Նրա ավանդած պատգամներն ու ուսուցումները, որոնք ամփոփված են Ս. Հոգով գրված Աստվածաշունչ Մատյանում: Զորավոր է Աստծո Խոսքը և կարող է վերափոխել մարդու ներքին աշխարհը, ողջ կյանքը: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Կենդանի է Աստծո Խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. և կտրում-անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները: Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած…» (Եբր. 4:12): Յուրաքանչյուր քրիստոնյա կարող է վկայել, սրտի թրթիռով ու առ Աստված ունեցած անհուն ու անսահման երախտագիտությամբ խոստովանել, որ Տիրոջ` ազդու և ամեն մի երկսայրի սրից էլ ավելի հատու, զորավոր, կյանքեր վերափոխող Խոսքի շնորհիվ և զորությամբ է ինքը սթափվել, ընդառաջ գնացել Աստծուն` բացելով իր սիրտը իր միակ Փրկչի և Տիրոջ առջև, Ով հանապազ հնչեցնում է մեր ականջներին Իր կենսատու, փրկաբեր Խոսքերը, միայն թե մարդը անսա դրանց, ընդունի Քրիստոսին որպես իր միակ Տեր և Փրկիչ` հանձն առնելով չարչարանակից լինել Նրան իր ժամանակավոր կյանքի ընթացքում: Այդպիսի մեկի համար սուրբգրային խոսքերն այլևս «ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են, և քաղցր` մեղրի խորսխից ավելի» (Սաղմ. 18:11): Քրիստոսով ամեն ինչ նոր եղավ. Քրիստոսի փրկագործության ավետիսը ուղղված է ողջ մարդկությանը, որովհետև «այլևս չկա հրեա, ոչ էլ հեթանոս, թլպատություն և անթլպատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ` Քրիստոս, որ ամեն ինչ է ամեն բանի մեջ» (Կողոս. 3:10-12): Քրիստոսը չարչարվեց ու խաչվեց յուրաքանչյուրիս համար, սակայն նաև հարություն առավ և հայրենական փառքի մեջ է Հոր և Ս. Հոգու հետ: Այսօր Նա կանչում է մեզ Իր արքայությանն ու փառքին, երանական, հավիտենական կյանքին: Այսօր, և ոչ վաղը, որովհետև «ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը»,- ասում է սուրբ Պողոս առաքյալը (Բ Կորնթ. 6:2), նաև` «Այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը» (Եբր. 4:7), չէ՞ որ վաղվա օրը մերը չէ, չգիտենք` կապրե՞նք մինչև վաղը, կհասցնե՞նք զղջալ և ապաշխարել մեր մեղքերի համար, ուղղել մեր մեղավոր ընթացքը, դառնալ Աստծուն…: Այսօր բացենք մեր սիրտը Տիրոջ առջև, քանի դեռ Նա նստած է» Իր ողորմության ու շնորհի աթոռին»: Թույլ տանք նրան մտնել մեր սիրտը, վերափոխել մեր կյանքը, հրաշագործել այն, Իր աստվածային լույսով լուսավորել մեր խավար հոգիներն ու մարմինները:

Սիրելի ընթերցող, իսկ դու ականջալուր եղե՞լ ես Տիրոջ փրկության հրավերին, թե՞ տակավին շարունակում ես համառորեն մերժել Իր պատվական արյամբ քեզ մեղքի և մահվան իշխանությունից գնած Փրկչի քաղցրալուր հրավերը, որ ամեն օր ու վայրկյան ուղղակի կամ անուղղակի կերպով հնչում է մեր ականջներին. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ և Նա`Ինձ հետ» (Հայտն. 3:20):

 

Անժելա Խաչատրյան

 

17.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․