12 Հոկտեմբեր, Շբ
Մի ծառի ստվերի ներքո վարդ էր աճում:
- Այնպես կուզեի, որ այս ստվերում չլինեի, ու արևի նուրբ շողերը միշտ ինձ շոյեին ու զարդարեին,- ասում է վարդը: Այդ օրը այգեպանը որոշում է կտրել ծառի այն ճյուղերը, որոնք ստվերում էին թողել վարդին, ու ծաղկի առջև բացվում է կապուտակ երկնակամարն ու արեգակի ճառագայթները:
Վարդը հիանում է, գեղեցկանում ու որոշ ժամանակ անց ասում.
- Ինչո՞ւ են արևի շողերը միայն ցերեկը լուսավորում, ինձ այնպիսի արեգակ է պետք, որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի:
Մի քանի օր անց կրկին դժգոհում է.
- Ինչո՞ւ են այս ճառագայթներն այսքան տաք ու դեղնավուն:
Ես ուզում եմ, որ դրանք ավելի ջերմ ու գույնզգույն լինեն:
Վարդի շուրջը հավաքված ծաղիկներն ասում են.
- Իրոք, դու ավելի գեղեցիկ ես, քան արեգակը, քեզ անհրաժեշտ է մի արեգակ, որ ցերեկ ու գիշեր միշտ լուսավորի ու քո հմայքին համապատասխան լինի:
Այդ օրն այգեպանը մտնում է այգի, քաղում վարդը, նվիրում մի մարդու, որն էլ տանում է և գիշերային մի խաղատան սեղանը զարդարում:
Վարդը հիանում է, ուրախանում, որ վերջապես գտավ այն, ինչ փնտրում էր, քանի որ այստեղ, թեև փոքր, բայց շատ արեգակներ կային, նույնիսկ գույնզգույն, որ լուսավորում էին իրեն ցերեկ ու գիշեր և այնքան էլ տաք չէին ու նման երկնքի արեգակին: Բայց մի քանի օր անց վարդը թոշնում է ու տխրում` նայելով պատուհանից դեպի իրական արեգակին ու նրա ճառագայթներին...
Այսպես էլ կյանքում մարդիկ հաճախ չեն գնահատում այն, ինչն աստվածային նախախնամությունն իրենց է պարգևում, դրա համար էլ երբեմն Աստված ետ է վերցնում իր պարգևածը:
Հովհաննես Մանուկյան