Գրքեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում հանդիպում ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ:

Հանդիպման սկզբում ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵԵՄ նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀԵԵՄ պատգամավորական ժողովի ընթացքը` կարևորելով ՀԵԵՄ առաքելության արդյունավորման համար թե՛ Մայր Աթոռի և թե՛ երիտասարդների կողմից ներդրվող ջանքերը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց, որ երիտասարդները վերստին համախմբվել են Մայր Հայրենիքում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նորին Սրբությունը փառք տվեց Երկնավորին, որ ՀԵԵՄ գաղափարը տարիներ առաջ` 2001 թվականին, կյանքի կոչվեց և այսօր արդեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքից ներս շոշափելի իրականություն է դարձել:

Այս առիթով Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքի խոսքը փոխանցեց կառույցի նախագահ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին` նշելով, որ Սրբազան Հոր անխոնջ և անհոգնաբեկ նվիրումի, հետևողական աշխատանքների և երիտասարդության հանդեպ սիրո արդյունքում է հնարավոր դարձել կյանքի կոչել այս կարևոր առաքելությունը:

Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց ՀԵԵՄ վերջին պատգամավորական ժողովներին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնող երիտասարդ միաբանների և երիտասարդների մասնակցության համար: Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներին` երիտասարդական միություններին ցուցաբերվող զորակցության համար:

Խոսքն ուղղելով երիտասարդներին` Գարեգին Բ Հայրապետը նշեց, որ նրանց ներկայությունն ազգային-եկեղեցական կյանքից ներս մեծ ուժ և խանդավառություն է պարգևում, վստահություն է ներշնչում նաև այն առումով, որ եկեղեցական կյանքը պետք է լինի առավել բարօր, իսկ ապագան` փայլուն: Նորին Սրբությունը հավելեց, որ Եկեղեցուց ներս լինելը մեծ օգտակարություն ունի հայ երիտասարդի համար, որովհետև Եկեղեցին ամբողջական իմաստով հայոց ազգի գանձարանն է, որտեղ Աստված է բնակվում, և յուրաքանչյուր հայորդի հնարավորություն ունի հաղորդակցվելու մեր հայրերի ժառանգությանը, ազգի պատմությանն ու արժեքներին:

Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ յուրաքանչյուր հայորդի, ով մուտք է գործում Եկեղեցու սրբազան կամարներից ներս, ապրի զորացած և ներքուստ կերպարանափոխված: Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ երիտասարդ պատգամավորները մշտապես լինեն աստվածասիրության շնորհի մեջ, որպեսզի իրենց սրբազան հայրերի թողած հարուստ ժառանգության կրողը լինեն` ի զորու լինելով արդարության, եղբայրասիրության, նախանձախնդրության ոգով իրականացնել իրենց առաքելությունը:

Նորին Սրբությունը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին ՀԵԵՄ գործունեությանը, երիտասարդական շարժումների համակարգմանը, Հայ Եկեղեցու թեմական և ծխական կյանքին, Մայր Աթոռի կողմից իրականացվող քարոզչական աշխատանքներին, հայապահպանության խնդիրներին:

04.07.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․