3 Հոկտեմբեր, Եշ
Մի գյուղաբնակ երիտասարդ՝ անհանգիստ ու զայրացած, ցած է իջնում լեռն ի վար, սայթաքում, ընկնում, ոտքը վնասում: Կանգնում է և ասում.
- Հաղթահարելով վտանգավոր դժվարությունները` բարձրացա և մոտեցա լեռան գագաթին:
Որտե՞ղ է Աստծո տված խոստումը` այն քաղաքը, ուր ուզում եմ հասնել: Ինձ ասվեց, եթե բարձրանաս այս լեռը, բարձունքից արդեն կտեսնես քաղաքը, սակայն ես ոչինչ էլ չեմ տեսնում...
Մի ձայն է լսվում.
- Ե՛տ դարձիր ու շարունակիր բարձրանալ դեպի վեր, երբ հասնես գագաթին, մյուս կողմում կտեսնես լեռան ստորոտին փռված քաղաքը:
Երիտասարդը այս անգամ կաղալով նորից սկսում է բարձրանալ լեռն ի վեր...
Երբեմն մարդկանց թվում է, թե այլևս չի իրականանա այն, ինչը ծրագրել էին, և երբ մոտ են լինում նպատակին, այն դեռևս չտեսնելով, նահանջում են, երբեմն էլ նահանջի ճանապարհին իրենց վնասում ու Աստծուն մեղադրում, թե տրված խոստումը չի իրականանում կամ ուշանում է: Բայց պետք է շարունակել ճանապարհը, որովհետև Աստծո տված խոստումը միշտ իրականանում է, իսկ ուշանալը տվյալ մարդու օգտի համար է, թե նրա կամքի, համբերության, հավասարակշռության, հոգու ու անձի կոփման համար է...
Հովհաննես Մանուկյան