Զույգերի միջև հարգանքը

Աստված ամեն ինչ իմաստությամբ է ստեղծել: Այլ շնորհներով է օժտել տղամարդուն, այլ շնորհներով՝ կնոջը: Տղամարդուն տվել է առնականություն, քաջություն, որպեսզի դժվար խնդիրների ժամանակ լուծում գտնի, և որպեսզի կինը նրան ենթարկվի: Որովհետև եթե կնոջն էլ տար նույն քաջությունը, ընտանիքը չէր կարող կանգուն մնալ:

Իպիռոյում խոսում էին մի սարսափելի կնոջ մասին. հագնում էր մինչև ոտքերը հասնող սպիտակ շապիկ և միշտ սուր ուներ իր հետ: Ավազակները նրան իրենց մոտ վերցրին: Պատկերացրեք՝ կինը հրոսակախմբի մեջ: Մի անգամ երեխաների հետ մեկ ժամ ճանապարհ էր գնացել դեպի հեռու մի գյուղ, որ մի տղայի իր աղջկա փեսացուն դարձնի: Բայց որովհետև այդ տղան ընդդիմանում էր, բռնեց նրան, դրեց իր մեջքին և գյուղ բերեց: Այսպիսի դեպքերը բացառություններ են: Եթե կանանց զորակոչես և կանանցից բաղկացած մի գումարտակ ստեղծես և այնպես անես, որ տասը սկաուտներ շարժվեն նրանց ուղղությամբ, բոլո՜րը կփախչեն… Կկարծեն, թե թշնամին է:

«Տղամարդը կնոջ գլուխն է»,- ասում է Սուրբ Գիրքը (Եփես. 5.23): Այսինքն` Աստված այնպես ստեղծեց, որ տղամարդն իշխի կնոջը: Այն հանգամանքը, որ կինն է իշխում տղամարդուն, աստվածհայհոյություն է: Աստված սկզբից ստեղծեց Ադամին, և Ադամը կնոջ համար ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից»(Ծննդ. 2.23): Կինը, ինչպես ասում է Ավետարանը, պետք է վախենա իր տղամարդուց, այսինքն` հարգի նրան, իսկ տղամարդը պետք է սիրի իր կնոջը (տես. Եփես. 5.33): Սիրո մեջ հարգանք կա: Հարգանքի մեջ սեր կա: Այն, ինչ սիրում եմ, նաև հարգում եմ: Եվ այն, ինչ հարգում եմ, նաև սիրում եմ: Այսինքն՝ երկուսն էլ նույն իրողություններն են:

Մարդիկ, սակայն, հեռանում են աստվածադիր այդ ներդաշնակությունից և չեն հասկանում այն, ինչ ասում է Ավետարանը. տղամարդը, սխալ ըմբռնելով այն, ինչ ասում է Ավետարանը, կնոջն ասում է. «Պետք է վախենաս ինձանից»: Բայց եթե կինը տղամարդուց վախենար, չէր ամուսնանա նրա հետ: Կան որոշ կանայք, որ ասում են. «Ինչո՞ւ կինը պետք է վախենա տղամարդուց: Չեմ ընդունում: Ի՞նչ կրոն է սա: Հավասարություն չկա»: Սակայն Սուրբ Գիրքն ասում է.«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. 1.7): Աստծու հանդեպ երկյուղը Աստծու հանդեպ հարգանքն է, պատկառանքը, հոգևոր երկչոտությունը: Այդ երկյուղը Աստուծով հիանալու զգացողություն է արթնացնում: Աստծու հանդեպ երկյուղը սուրբ է:

Այն հավասարությունը, որ կանայք պահանջում են տղամարդկանցից, մինչև ինչ-որ մի կետ կարելի է ընդունել: Այսօր կանայք, քանի որ աշխատում են և ընտրությունների են մասնակցում, մի հիվանդագին վիճակ ունեն իրենց մեջ և կարծում են, որ տղամարդկանց հավասար են: Բնականաբար, և՛ տղամարդկանց, և՛ կանանց հոգիները նույնն են: Սակայն երբ տղամարդը չի սիրում կնոջը, և կինը չի հարգում ամուսնուն, ընտանիքում խնդիրներ են առաջանում: Հին ժամանակներում կնոջ՝ ամուսնուն հակառակվելը շատ վատ էին դիտում: Այժմ այլ վիճակ է տիրում: Այն ժամանակները ի՜նչ գեղեցիկ էր: Ամուսինների եմ ճանաչում, տղամարդը՝ շատ կարճահասակ, իսկ կինը՝ բարձրահասակ և տղամարդկային հատկություններով օժտված: Այնքան տղամարդ-կին էր, որ մի օր սայլից միայնակ մեծ քանակությամբ ցորեն դատարկեց: Մի անգամ աշխատողներից մեկը, որը նույնպես բարձրահասակ էր, խանգարեց նրան, և այդ կինը բռնեց և մի կողմ նետեց նրան: Սակայն պետք է տեսնեիք, թե ի՜նչ հնազանդ էր իր ամուսնուն, ինչպե՜ս էր նրան հարգում: Ընտանիքն այդպես է կանգուն մնում, այլ կերպ չի լինում:

 

Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը

27.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․