13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր մենք տոնում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտներ Սուրբ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպոսի, Հովհաննեսի և Շիղայի հիշատակության օրը: Ինչպես հայտնի է, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուն կից փոքրիկ մատուռը Սուրբ Անանիայի անունն է կրում, քանի որ այդտեղ են ամփոփված նրա սրբափայլ նշխարները, որոնց զորությամբ ցայսօր կատարվում են բժշկություններ և հրաշքներ: Այս փոքրիկ մատուռը դարերի ընթացքում դարձել է վանք, որ կոչվել է «Անանիայի անապատ», ուր մարդիկ ուխտավորաբար եկել են խոնարհվելու ավետարանահռչակ սուրբի մասունքներին: Անանիա առաքյալը Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր: Ձեռնադրվել է Դամասկոսի եպիսկոպոս Պետրոս առաքյալի կողմից: Պետրոս և Անդրեաս առաքյալների գործակիցը լինելով՝ միաժամանակ նաև նրանց աշակերտն է համարվում: Ինչպես պատմվում է «Գործք առաքելոց»-ում, Պողոս առաքյալը, մինչև դարձի գալը, հետապնդում և հալածում էր քրիստոնյաներին: Դամասկոսի ճանապարհին նա կուրանում է, և Անանիա առաքյալը բժշկում է նրան հոգու և մարմնի կուրությունից: Սուրբ Անանիան Տիրոջ կամոք և օրհնությամբ լույս է պարգևում նրա խավարած աչքերին, որից հետո ինքը Պողոս առաքյալն է պատճառ դառնում բազմաթիվ մարդկանց լուսավորության և առ Աստված դարձին: Անանիա առաքյալը Ավետարան էր քարոզում Ասորիքում և Պաղեստինում՝ Քրիստոսի անվամբ հրաշքներ և բժշկություն անելով ու դարմանելով մարդկանց ցավերը: Մի անգամ, երբ նա շրջում և քարոզում էր Հելևթերուպոլսում և նրա գյուղերում, հեթանոսների կողմից ձերբակալվում է և տարվում քաղաքի դատավոր Լիկիանոսի առջև: Լիկիանոսը մոլի կռապաշտ էր և երկրպագում էր չաստվածներին: Նա սկսում է համոզել Սուրբ Անանիային չաստվածներին զոհ մատուցել: Առաքյալը աներկբայորեն պատասխանում է. «Կուռքերին չե՛մ պատվի և խուլ ու համր բագիններին, որ դևերի բնակարան են, չե՛մ երկրպագի, այլ կերկրպագեմ իմ ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին, որ մեզ համար գիտության լույս եղավ, Որին մեր աչքերով իսկ տեսանք, քանի որ մարմնով եկավ աշխարհ և ազատեց մեզ կուռքերի մոլորությունից: Նրա համար ես պատրաստ եմ տանջանքների ու մահվան, քան թե թողնելու ճշմարտությունը և մոլորվելու խաբեությամբ»: Լիկիանոսը այս պատասխանից բարկանում է և հրամայում Անանիային տանջել, որից հետո հրամայում է կախել նրան փայտից և քերել նրա մարմինը: Իսկ Անանիան աղոթում է Աստծուն՝ ասելով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, զորությունների՛ Աստված, … թող ես էլ արժանի լինեմ հանուն Քեզ չարչարանք կրելու և Քո պսակով զարդարվելու՝ իմ կյանքով և մահով Քո ընտրյալ աշակերտների շարքը դասվելու համար»: Դատավորի ջանքերը` տարհամոզելու սուրբին, ապարդյուն են անցնում: Անանիան անդրդվելի է մնում իբրև քրիստոնյա: Սուրբ Անանիային քաղաքից դուրս են տանում և քարկոծում: Նա մարտիրոսվում է հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ անվան: Նրա աշակերտներն ու ծանոթները նրա մարմինը տանում և թաղում են Դամասկոսում Տիրոջ 70 թվականին: Սկզբում նրա մասունքները դրվում են տեղի Հուդայի ապարանքում, որտեղ ժամանակին իջևանել էր Պողոս առաքյալը, և այնտեղ կառուցվում է գեղեցիկ տաճար: Միառժամանակ հետո երանելի սուրբի նշխարները փոխադրվում են Հռոմ: Նրա նշխարներից մի մաս էլ պահվում է սրբուհի Բրասկետայի եկեղեցում: Ըստ ավանդության՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ սուրբ Անանիայի մասունքները բերվել են նաև Հայաստան: Առաքել Դավրիժեցի պատմիչը վկայում է, որ նրա մասունքներն ամփոփվել են Երևանում՝ մեր եկեղեցուն կից մատուռում, որ կրում է Սուրբ Անանիայի անունը: «Դուք եք աշխարհի լույսը, – ասում է մեր Տերը, – մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:14-16): Սուրբ Անանիան բուժեց Պողոս առաքյալի աչքերը և լույս դարձավ նրա համար, որով դրվեց Պողոսի քրիստոնեական առաքելության ու քարոզչական գործունեության սկիզբը: Շնորհիվ այդ հրաշքի՝ դարձի եկան հազարավոր մարդիկ և բազմաթիվ ազգեր: Յուրաքանչյուր քրիստոնյա Աստվածային այդ լույսի կարիքն ունի: Եվ այդ լույսը կրելով՝ կարող է նաև լույս լինել: Լույս լինել և բաշխել ուրիշներին. նշանակում է Աստծո Որդու հետևորդ լինել և ապրել Նրա նման: Հիսուս Քրիստոս Արդարության Արեգակն է: Նա լույս, սեր և արդարություն է պարգևում ամենքին: Հետևաբար մենք ևս քրիստոնեական մեր հավատքով և ընթացքով աստվածային լույսի կրողներն ենք: Աստվածային Խոսքն ու զորությունը գալիս են լուսավորելու մեր հոգիներն ու սրտերը, մենք պիտի նայենք այդ Լույսին ու ցանկանանք ընդունել այդ Լույսը, մեր հայացքները պիտի հառենք այդ Լույսին և անմասն չմնանք Նրանից, Նրա ճառագայթներից, ստանանք այդ Լույսի ջերմությունը և լույս ու ջերմություն դառնանք մյուսների համար: Աստվածային Լույսը կենարար է և կենսատու, բուժիչ է և ճանապարհ հարթող, ուղենիշ է և փարոս, մշտառկա է և ապաքինող, միայն անհրաժեշտ է նայել ու տեսնել այն, անհրաժեշտ է վստահել Նրա պարգևած բարիքներին: Մենք ամեն պահ չենք գիտակցում արեգակի արժեքը, չենք արժևորում նրա նշանակությունն ու դերը մեր կյանքում, բայց քուն ենք մտնում և արթնանում՝ սպասելով հաջորդ օրվա արևածագին, քանի որ մեր կյանքը գոյություն չի ունենա առանց արեգակնային լույսի: Նույնպես և Աստվածային լույսը, առանց որի կյանքն ինքին դատարկ է, սին ու փուչ: Երկնային Լույսն ու Սերը մարդ պիտի ձգտի տեսնել իր շուրջը և իր կյանքից ներս, որպեսզի կույր չլինի, այլ սնունդ և դարման ստանա ու նաև մխիթարություն ու բժշկություն դառնա իր նմանների համար: Ահա քրիստոնյայի վարքականոնը: Հավատալ Աստծուն, Աստվածային պատվիրանները լսել ու կատարել, դառնալ այդ պատվիրանների մարմնացումը, որպեսզի տեսնեն մեր բարի գործերը և փառավորեն մեր Հորը, որ երկնքում է: Ի՞նչ է հարկավոր մեզ և մեր հարազատներին, մեր մերձավորներին առ Աստված դառնալու, լուսավորվելու և Լույսին հետևելու համար. ընդամենը Երիքովի կույրերի պես բացականչել. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»: Հիսուս տեղում կանգ առավ, կանչեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք կամենում, որ ձեզ անեմ»: Նրանք ասացին. «Որ մեր աչքերը բացվեն, Տե՛ր»: Եվ գթալով՝ Հիսուս դիպավ նրանց աչքերին, և նրանք իսկույն տեսան ու գնացին նրա հետևից (Մատթեոս 20:31-34): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, այսօր հոգևոր բերկրանք ենք ապրում, որ առիթն ունենք սուրբի մասունքին հաղորդակցվելու, նրա բարեխոսությունը հայցելու, բժշկվելու հոգու և մարմնի հիվանդություններից և վայելելու Տիրոջ երկնառաք օրհնությունը: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան