Գանձը

Մի կալվածատեր մշտապես գալիս էր իր անմշակ հողատարածքը և գանձ գտնելու երազանքներով լեցուն տխուր նայում իր հողին, այնուհետև հեռանում: Եվ մի օր էլ այդտեղ գտնվելիս ասում է.

- Աստված իմ, ասում են, թե այս հողամասում իմ պապերը գանձ են թաքցրել, բայց որ հատվածում են թաքցրել, ոչինչ չեն հայտնել: Եթե ինձ օգնես այն հայտնաբերել, իմ ամողջ կյանքում երախտապարտ կլինեմ և քեզ կփառաբանեմ:

Իր հողի եզրին մի բահ է նկատում: Մտածում է, որ Աստված լսեց իր խնդրանքը և ոգևորված վերցնում է բահն ու հսկայական փոսեր գոյացնում իր հողատարածքում` հույս ունենալով գտնել գանձը: Այնուհետև հուսահատված բողոքում.

- Ինչ իմաստ ուներ այս բահը, երբ պիտի այսքան ապարդյուն չարչարվեի...

Ապա գոտեպնդվելով կրկին մի քանի օր շարունակում շուրջբոլորը փորել, և իվերջո բահը հանդիպում է մի սնդուկի:

Մարդն ուրախությունից և երջանկությունից մի կողմ է գցում բահն ու ձեռքերով սկսում մաքրել սնդուկի վրայի հողը: Դժվարությամբ բացում է սնդուկը և միայն մի գիրք է գտնում այնտեղ:

Թերթում է գրքի էջերը և կարդում մի հատված.

<<Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեք ձեզ համար երկնքում, որտեղ ոչ ցեց և ոչ ժանգ չեն ոչնչացնում և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում, քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն>>:

Կալվածատերը, զայրացած ու սրտնեղած, դուրս է գալիս փոսից` վերցնելով Ավետարանը և ասում.- Չեմ հասկանում, մի՞թե իմ պապերն այս գիրքն էին գանձ համարում, իսկ հիմա ի՞նչ գնով կարող եմ վաճառել այն, որ և՛ ինձ համար գումար վաստակեմ, և՛ Աստծուն էլ փառաբանեմ:

Իրապես, նրանք, ովքեր ասում են, թե Աստծուն են փնտրում, սակայն նպատակ համարում երկրավոր նյութական արժեքները, իրենց շահն ու հարստությունը, ինչքան էլ հոգևոր ճշմարտությունը լսեն ու տեսնեն, միևնույն է, չեն ընդունի ու դրանով չեն ապրի... ուր նրանց գանձերն են, այնտեղ և նրանց սրտերը կլինեն:

 

Հովհաննես Մանուկյան

16.07.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․