6 Հոկտեմբեր, Կիր
Մի արվեստագետ, ինչ-որ մեկին փնտրելով, օտար քաղաքի մայթերով անցնում է` հանդիպելով տարբեր ուղղություններով գնացող բազմաթիվ մարդկանց: Կանգնում է մի արձանի մոտ ու ասում.
- Գտա նրան, ում այսքան երկար տարիներ պատկերացնում էի: Այժմ կարող եմ նրան նկարել կտավի վրա: Սակայն կարծես ինչ-որ բան պակասում է:
Մի օտարական, որ արձանի մոտով անցնում էր, լսում է այս մարդու խոսքը և պատասխանում.
- Սա Հիսուսի արձանն է, քեզ նման մի արվեստագետ է կերտել` պատկերացնելով այնպես, ինչպես կցանկանար տեսնել Աստծուն և կյանքը: Բայց ճշմարիտ ես ասում, թե ինչոր բան պակասում է: Եվ դա հավատքի պակասությունն է, որպեսզի իրապես մարդիկ զգան Աստծո ներկայությունը:
Արվեստագետն ասում է.
- Ո՛վ օտարական, դու ի՞նչ գիտես Աստծո մասին, ես մանկությունից ի վեր քրիստոնյա եմ եղել և ավելի լավ եմ ճանաչում Նրան:
Օտարականը պատասխանում է.
- Դու ինձ ես փորձում նկարել... և բազում անգամ իմ կողքով անցել ես` ինձ և կյանքը փնտրելով...
Հովհաննես Մանուկյան