12 Հոկտեմբեր, Շբ
Մի ուսանող՝ հուսահատ և վհատված, նստում է սաղարթախիտ անտառի ճամփեզրի քարին: Նույն արահետով մի քահանա է անցնում ու հարցնում, թե ինչո՞ւ ես տխուր և մտախոհ նստել այս մեկուսի վայրում:
Ուսանողը պատասխանում է.
- Ամեն ինչ շատ անորոշ է, առջևս ոչինչ չեմ տեսնում. մառախուղը, մեգը պատել է չորս կողմը և չի երևում, թե ճանապարհի սկիզբը և վերջը, և թե ի վերջո ուր է այն տանում..., թեև Աստծուն վստահում եմ և զգում, որ Իր կամքն է, որ այս արահետով գնամ:
Քահանան մխիթարում է՝ ասելով.
- Եթե իրոք վստահում ես Աստծուն, մի՛ վհատվիր և մի՛ երկմտիր, այլ համբերատար առաջ քայլիր, ինչքան առաջանաս, ժամանակի մեջ մեգը կպարզվի ու ճանապարհը կամաց-կամաց առջևդ կբացվի: Նույնիսկ ինքդ կզարմանաս, երբ քայլես առաջ` տեսնելով, թե արահետի ուղին, ինչպես է դառնում տեսանելի ու հասկանալի: Իսկ եթե վարանես ու վհատվես, միշտ էլ կթվա, որ այս արահետի վերջն անհայտ է ու անորոշ, քանի որ հեռվից մեգը, մառախուղը ծածկել է այդ ուղին: Ուստի, երբեք հույսդ մի կորցրու. հույսն առաջնորդում է և բացահայտում այն, ինչը դու չես տեսնում, իսկ Աստված տեսնում է նույնիսկ մառախուղի մեջ ու քեզ առաջնորդում:
Հովհաննես Մանուկյան