Հայր Գելասիոսի մասին ասում էին, թե իր երիտասարդությունից ի վեր անինչ և մենակյաց ընթացք էր բռնել: Այն ժամանակ շատերը կային, որ նույն առաքինությանն էին հասել, որոնցից էր մի սքանչելի և իսպառ անինչ ծեր, որն իր կյանքի բոլոր օրերն ապրեց մի դատարկ քարայրում: Սա աշակերտ ուներ, և երկուսն էլ երբեք երկու զգեստ չունեցան, ոչ էլ հոգս արեցին վաղվա օրվա մասին: Իսկ հայր Գելասիոսը, երբ տեսիլքի մեջ հրաման ստացավ վանք շինել, գեղջուկները նրա համար բերեցին ամեն անհրաժեշտ մանրուք և վանքի սպասավորության համար՝ ավանակներ, եզներ և մեծաքանակ անհրաժեշտ նյութեր, այնքան, որ մինչև անգամ հայր Պախումեոսին ևս տվեց, երբ վերջինս նույնպես վանք էր կառուցում: Վերոհիշյալ հայրը, երբ տեսավ այս ամենը, նրան ասաց. «Երկյուղում եմ, հա՛յր Գելասիոս, թե գուցե քո մտքերը կապվեն քո վանքի պիտույքների համար ագարակներ և գյուղեր ձեռք բերելու ցանկությանը»: Հայր Գելասիոսը նրան ասաց. «Եթե քո մտքերը կապվեն այդ հերունին, որով դու կարում ես, ապա իմ մտքերն էլ կկապվեն նյութական ինչոր բանի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016