12 Հոկտեմբեր, Շբ
Եթե երեխա չունեցող կինն իր վիճակի նկատմամբ հոգևոր վերաբերմունք չի ունենում, ապա նա տառապում է: Որքա՜ն ես տանջվեցի մի անզավակ կնոջ հետ: Այդ դժբախտի ամուսինը բարձր պաշտոն էր զբաղեցնում: Այդ կինը մի քանի տուն ուներ, որ վարձով էր տալիս: Բացի այդ, նրանք մեծ տուն ունեին, որտեղ ապրում էին ամուսնու հետ: Բայց ամեն ինչ բեռ էր այդ կնոջ համար` թե՛ շուկա գնալը, թե՛ կերակուր պատրաստելը… Չնայած իսկի ճաշ եփել էլ չգիտեր: Տանը նստած զանգում էր ռեստորան և այնտեղից բերում էին պատրաստի կերակուրները: Նա ամեն ինչ ուներ, սակայն տառապում էր, որովհետև ոչինչ նրան ուրախություն չէր պատճառում: Օրեր շարունակ նստում էր տանը, մեկ` այս բանն այսպես չէր, մեկ` այն մեկը: Մի գործը ձանձրալի էր, մյուսը` դժվար… Հետո նրան սկսեցին տարբեր մտքեր տանջել և նա ստիպված էր դեղահաբեր ընդունել: Նրա ամուսինը գործերը տուն էր բերում և տանն էր աշխատում, որպեսզի կնոջ օրը մի քիչ ուրախ անցներ, իսկ կինը, չիմանալով, թե ինչպես ժամանակը սպանի, ամուսնու գլուխն էր տանում: Իհարկե, վերջիվերջո նա ձանձրացրեց այդ խեղճին, չէ՞ որ ամեն ինչից զատ պետք է իր աշխատանքը կատարեր: Հանդիպելով այդ կնոջը` ես խորհուրդ տվեցի. «Օրերով տանը մի՛ նստիր: Ախր լրիվ կբորբոսնես: Հիվանդանոց գնա, այցելիր հիվանդներին…»: «Էհ, ո՞նց գնամ, հա՛յր, - պատասխանեց նա,- մի՞թե այդպիսի գործն իմ ուժերով է»: «Այդ դեպքում,- ասում եմ,- ահա՛, թե ինչ արա. երբ առաջին ժամը* կարդալու ժամանակը գա, կարդա՛, հետո իր ժամանակին երրորդը կարդա և այդպես շարունակ: Մեկ-երկու ծնրադրություն էլ արա…»: «Չեմ կարող»,- պատասխանում է: «Է՜հ,- ասում եմ,- այդ դեպքում անցիր Սրբոց Վարքն ուսումնասիրելուն»: Ես պատվիրեցի նրան կարդալ բոլոր այն կանանց վարքը, ովքեր սրբության էին հասել, որպեսզի կարդացածից ինչ-որ բան նրա հոգուն դիպչեր և օգներ: Մեծագույն դժվարությամբ հաջողվեց նրան նորմալ հունի վերադարձնել, որպեսզի հոգեբուժարան չհասնի: Այդ կինն ինքն իրեն անպիտանիության էր հասցրել: Ուժեղ շարժիչ` ներսում չորացած յուղով:
Սրանով ուզում եմ ասել, որ կանացի սիրտը անպիտան է դառնում, եթե իր բնական էության մեջ ունեցած սերը ելք չի գտնում: Տե՛ս` մեկ այլ կին կարող է հինգ, վեց կամ նույնիսկ ութ երեխա ունենալ: Խեղճը կարող է նույնիսկ մի գրոշ էլ չունենալ, բայց ուրախ է: Նա վեհանձն մեծահոգություն ունի և առնական տոկունություն: Ինչո՞ւ: Որովհետև գտել է իր նպատակը:
Մի դեպք է մխրճվել ու մնացել հիշողությանս մեջ: Իմ ծանոթը երկու քույր ուներ: Մեկը շուտ էր ամուսնացել և շատ երեխաներ էր ունեցել: Այդ կինն իրեն զոհաբերում էր: Ամեն ինչից զատ, դերձակուհի լինելով, նա հագուստ էր կարում և այդ կերպ օգնում էր աղքատներին: Օրերս էլ ինձ մոտ եկավ և ասում է. «Այժմ թոռնուհիներ էլ ունեմ»: Եվ նրա սիրտն ուրախությունից թրթռում էր: Իսկ մյուս քույրը չէր ամուսնացել: Սակայն հոգևոր օգուտ էլ չէր քաղել իր անհոգ վիճակից: Ու ի՜նչ վիճակում էր նա գտնվում: Ինչպես էր ապրում` ավելի լավ է նույնիսկ չհարցնել… Նա սպասում էր, որ իր ծեր մայրն իրեն սպասարկի և դեռ բողոքում էլ էր, որ բավական եռանդով դա չի անում: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է պատահում: Նա մայր չէր դարձել և այդ պատճառով էլ նրա ներսում ոչինչ չէր փոխվել: Բայց կարիքավորներին օգնելով` նա կարող էր գործի դնել այն սերը, որն առկա է կանացի բնության մեջ, և դրանից օգուտ քաղել: Սակայն նա չարեց դա:
Այդ պատճառով էլ ասում եմ, որ կնոջն անհրաժեշտ է իրեն զոհաբերել: Տղամարդը, եթե նույնիսկ սեր չմշակի էլ իր մեջ, առանձնապես մեծ վնաս չի կրի: Սակայն կինն իր մեջ սեր ունենալով և այն անհրաժեշտ հունով չուղղելով` նմանվում են միացրած հաստոցի, որը հումք չունենալով` ապարդյուն է աշխատում, և՛ ինքն է ցնցվում, և՛ ուրիշներին է ցնցում:
* Ժամեր – կարճ ժամերգության հերթականություն, որը մտնում է օրվա ժամերգությունների մեջ: Սահմանված ժամերին կարդացվող ժամերգությունները նվիրված են այն ժամերին, որոնց բաժանվում էր օրը Հռովմեական դարաշրջանում: Առաջին ժամը կարդացվում է մոտավորապես առավոտյան ժամը 6–ին, երրորդը` ժամը 9–ի կողմերը, վեցերորդը` կեսօրին մոտ և իններորդը` մոտավորապես ցերեկվա ժամը 3–ին:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի