23 Դեկտեմբեր, Բշ
- Հայր, այն հանգամանքը, որ երիտասարդն անհանգստանում է իր կյանքը կարգավորելու համար, պատճառն անհավատությո՞ւնն է:
- Ո՛չ միշտ: Հաճախ այն երիտասարդները, որոնք ցանկանում են լավ դասավորել իրենց կյանքը, սակայն մտածում են նաև Աստծուց չհեռանալու մասին, իրենց կյանքը կարգավորելու մտքից տանջվում են: Դա ցույց է տալիս, որ երիտասարդներն առողջ մտածելակերպ ունեն: Այն, որ երիտասարդը չմտածի և չանհանգստանա իր կյանքը կանոնավորելու մասին, ցույց է տալիս, որ տվյալ երիտասարդը անտարբեր է և հետևանքն այն է, որ անտարբեր երիտասարդը դառնում է ծույլ և դժբախտ: Անհրաժեշտ է, որ երիտասարդներն ուշադիր լինեն, որ այդ անհանգստությունը չանցնի սահմանը, որովհետև սատանան փորձում է այդ անհանգստությունը խեղաթյուրել, դարձնել պայքար և նրանց միտքը պահել տևական շփոթության մեջ:
Երիտասարդները պետք է Աստծուն վստահեն իրենց անձը, որպեսզի խաղաղվեն, որովհետև բարի Աստված՝ որպես գուրգուրող Հայր, գործում է այնտեղ, որտեղ մենք, որպես տկար մարդիկ, չենք կարողանում գործել: Երիտասարդները չպետք է շտապեն և սխալ որոշումներ կայացնեն այն ճանապարհի համար, որին պետք է հետևեն: Գիտեմ երիտասարդներ, որ շատ են վրդովում և փորձում են միաժամանակ բոլոր խնդիրները լուծել: Արդյունքում շփոթության մեջ են ընկնում և թողնում են ուսումը: Օրինակ՝ չնայած որ պետք է ավարտեն համալսարանը, չափից շատ են անհանգստանում իրենց կյանքը կարգավորելու համար, հետևաբար իրենց ուսումից ետ են ընկնում, իսկ հետագայում ամեն ինչ իրար են խառնում: Ոչինչ միանգամից չի լինում, ոչ էլ բոլոր խնդիրներն են միանգամից լուծվում: Երիտասարդները որպեսզի իրենք իրենց օգնեն, պետք է իրենց մեջ հստակություն մտցնեն և ամեն ինչ դասավորեն հերթականությամբ: Սկզբից հոգ տանեն, որ ավարտեն ուսումը, հետո մտածեն աշխատանքի մասին (տղաները վերջացնեն նաև բանակը), հետագայում այլևս հասուն կերպով Աստծու օգնությամբ, եթե որոշել են ամուսնական կյանքով ապրել, մի լավ ընտանիք ստեղծեն, կամ եթե ընտրել են վանական կյանքը, ապրեն վանական կյանքով:
Դրա համար այն երիտասարդները, որոնք սովորում են և նման անհանգստություններ ունեն, ասում եմ, որ քանի որ իրենց մեջ չի հասունացել այն, թե ինչ պիտի անեն իրենց հետագա կյանքում, շարունակեն իրենց ուսումը և հետագայում այն, ինչ-որ կհասունանա իրենց մեջ, դա անեն: Եթե տրամադրված են որևէ ճանապարհի ընտրության հարցում, Աստված սկսում է օգնել և կամաց-կամաց իրենք հստակեցնում են, թե որ կյանքն է իրենց համար և հանգիստ են զգում այն ճանապարհի մեջ, որն ընտրել են:
Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը