Առանց Նրա անհնար է փրկվել

Քրիստոսի հետևյալ խոսքերը, թե՝ «Առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5) ուղղված է մարդուն՝ նրա ողջ կյանքի համար: Աստված մարդկանցից յուրաքանչյուրին անգին մի գանձարան՝ կյանք է պարգևել, որը հանդիսանում է սկիզբը հավիտենական կյանքի: Աշխարհ գալով՝ մարդը հնարավորություն ունի ճանաչելու աստվածային մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը: Աստված մարդուն կյանք պարգևելով՝ նրան անսահման վեր բարձրացրեց կենդանական աշխարհից: Մարդը արարչագործության պսակը կոչվեց ոչ այն պատճառով, որ նա մարդ է, այլ որ ունի այն, ինչ չունի կենդանական աշխարհից և ոչ մի կենդանի: Բանականությունը, ազատ կամքը, խոսելու և հավատի պարգևները չի կարող ունենալ ոչ մի կենդանի: Այս պարգևներն են, որ մարդու և կենդանու միջև սահման են գծում: Հավիտենական կյանքին կոչված մարդը կոչված է նաև անդադար փառաբանելու իր Արարչին:  

Անհավատն ասում է, թե չկա անմահ հոգի և հավիտենական կյանք: Այն, որ մարդն անմահ հոգի ունի, հաստատում և ապացուցում են նաև բազմաթիվ մեծագույն գիտնականներ և ինչը հստակ է հավատավոր անձի համար, ով տեղյակ է Սուրբ Գրքում շարադրված Աստծո խոսքին: Եթե հարցնենք անհավատին, թե ում կարելի է վերագրել այն, որ մարդն ունի ուտելիք, ըմպելիք և հագուստ, նա կպատասխանի՝ ամեն ինչ հասկանալի է և բնական. երբ երեխա էինք, մեր մասին մեր ծնողներն էին հոգ տանում, իսկ երբ մեծացանք ու սկսեցինք աշխատել, մենք մեզ համար ձեռք բերեցինք սնունդ, ըմպելիք և հագուստ: Հավատավորը ևս նույն պատասխանը կտա, բայց կավելացնի, որ առանց Աստծո կամքի ոչինչ տեղի չի ունենում: Ամեն օր «Տերունական աղոթք»-ն ասելով՝ Տիրոջից հանապազօրյա հաց և կյանքի համար անհրաժեշտը և ոչ ավելին ենք խնդրում: Քրիստոնյան հավատում է, որ այն ինչ ունի, Աստծո օրհնությամբ է, որ ունի: Մարդը հիվանդանում է և բժիշկ կանչում, ով, նրան բուժզննում անցկացնելով, դեղորայք է նշանակում: Հնարավոր է հիվանդն առողջանա, հնարավոր է՝ ոչ: Անահավատը կասի, թե՝ բնական է բժշկին դիմելը, որ ախտորոշելով նշանակում է անհրաժեշտ դեղորայքը: Հավատավորը ևս նույնը կասի, բայց և կավելացնի, որ Սուրբ Հոգին է, որ բժշկության շնորհ է տալիս մարդուն (Ա Կորնթ. 12:9) և Աստված է օրհնում բժշկի գործունեությունը, եթե Տերը կամենում է, ապա բժշկի և դեղորայքի միջոցով մարդը կառողջանա, իսկ եթե Աստծո կամք չէ, ապա անգամ ամենափորձառու բժիկը չի կարող ոչնչով օգնել: Ողջ աշխարհով մեկ աստվածային նախախնամությունը միշտ արթուն հսկում է և ոչինչ տեղի չի ունենում առանց Աստծո բարերար կամքի:

Աստված մարդուն շնորհել է զորավոր բանականություն, որի միջոցով ինչպես դարերի ընթացքում, այնպես էլ այսօր մարդիկ բնության և կենդանական աշխարհի մեջ նորանոր գաղտնիքներ են բացահայտում: Եվ այս բազմաթիվ ուսումնասիրությունների և հետազոտությունների մեջ Աստված մարդկային բանականությունը չի սահմանափակել: Մարդկային զորեղ բանականությունն աստվածային ամենակարողության թույլ արտահայտությունն է: Բազմաթիվ գիտնական-աստղագետներ, հրթիռներ բաց թողնելով տիեզերք, փաստել են Աստվածաշնչի Ծննդոց գրքում գրված հետևյալ հատվածը, երբ Աստված ասաց. ««Թող տարածություն առաջանա ջրերի միջև, և ջրերը թող բաժանվեն ջրերից»: Եվ եղավ այդպես: Աստված ստեղծեց տարածությունը, որով Աստված տարածության ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածության վրա եղած ջրերից: Այդ տարածությունը կոչեց երկինք» (Ծննդ. 1:6-9): Դեռևս 4-րդ դարի մեծագույն սրբերից Ս. Բարսեղ Մեծը արարչագործության մասին գրելիս ասել է, որ բոլորին հասկանալի է, որ երկնակամարը, ինչի մասին Սուրբ Գրքում գրված է, օդային տարածություն է, որտեղ Արարչի կողմից տեղադրվել են լուսատուները, իսկ մի քանի հարյուրամյակներ առաջ անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ Նյուտոնը, ով նաև խորը հավատավոր անձ էր, երկնքի և լուսատուների մասին գրելիս վկայակոչել է Սուրբ Բարսեղ Մեծին: Եվ նա իր աստվածաբանական տրակտատներում արարչագործության և Արարչի մեծության մասին խոսելիս ասել է, որ օդային տարածությունն ունի միլիարդավոր աստղեր և այս նյութական աշխարհից այն կողմ հոգևոր աշխարհն է, որին մենք հավատում ենք և որտեղ հավատավոր հոգիները հավիտենապես են ապրելու իրենց Արարչի հետ:

Քրիստոսի «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» խոսքերը քրիստոնյայի համար կյանք պարգևող խոսքեր են, քանի որ Քրիստոսի հետևորդի համար ամենաթանկը հոգու փրկությունն է: Փրկել հոգին և հավիտենական կյանքին արժանանալ հնարավոր չէ առանց Աստծո օգնության, իսկ Աստծո օգնությունն ունենալու համար նախ և առաջ անհրաժեշտ է հոգեպես ծնվել (Հովհ. 3:5-7), Սուրբ Հոգու շնորհներին արժանանալ, դառնալ Քրիստոսի եկեղեցու անդամ, Ս. Պատարագի միջոցով Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվել ու առաքինաբար ապրել, որոնք հավիտենության մեջ Աստծո հետ միավորման գրավականն են կազմում:

Սուրբ Գրքում կարդում ենք, որ ձկնորսները ողջ գիշեր չարչարվել էին, որ ձուկ որսային, բայց երբ Քրիստոս նրանց նավակը նստեց և քարոզից հետո ասաց, որ նավակը ավելի խորը տանեն ու գցեն ուռկանները, նրանք այնքան ձուկ որսացին, որ ուռկաններն էին պատռվում (Ղուկ. 5:1-11): Եկեղեցու հայրերը նշում են, որ այս օրինակն է առանց Աստծո և Աստծո  օգնությամբ արված ամեն մի գործի: Քանի դեռ մարդը միայն իր ուժերով է ցանկանում հասնել իր նպատակին, ապա ձախողում կունենա, իսկ երբ Աստված նրան մոտենա, այդտեղից միայն բարիք կհորդի: Քրիստոսի խոսքը գործում է բոլոր առումներով: Ինչպես ճյուղը, եթե ծառին միացած չէ, ոչ միայն պտուղ չի բերի, այլ չորանալով՝ կենդանությունը կկորցնի, այդպես էլ մարդիկ, եթե Աստծո հետ կենդանի հաղորդակցություն չունենան, ապա հավիտենական կյանքի համար անհրաժեշտ արդարության պտուղները չեն ունենա: Աստված մեծագույն պարգևը՝ կյանքը, շնորհել է յուրաքանչյուրին ոչ թե ուտել-խմելու ու բազմանալու համար, այլ նախ և առաջ հոգու փրկության համար: Ոչ մեկի, եթե ոչ Հիսուս Քրիստոսի միջոցով է, որ մարդը կարող է փրկվել, ինչը և ասաց Ինքը՝ Քրիստոս՝ առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

11.03.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․