12 Հոկտեմբեր, Շբ
Մեկն ասում է.
- Ինչքան տխուր ու գորշ է այս կյանքը: Ոչինչ չի ստացվում, ո՛չ լույս եմ տեսնում, ո՛չ կյանքի գեղեցկությունն ու բնությունը:
Ոչ ոք ըստ արժանվույն ինձ չի գնահատում: Այսքան ժամանակ լռության մեջ եմ, հեռու մեղավոր աշխարհից ու ամեն ինչից, բայց Աստծո ձայնն էլ չեմ լսում...
Արձագանքող մի ձայն է լսվում.
- Խխունջ եղբայր, պատյանիցդ դուրս եկ: Թաքնվել ես քո պատյանում և դժգոհում ես, թե ո՛չ լույս ես տեսնում, ո՛չ էլ բնություն ու կյանք:
Խխունջն ավելի է քաշվում դեպի իր պատյանի խորքը, որպեսզի այդ ձայնը չլսի, նայում չորս կողմն ու ասում.
- Ինչքան տխուր է այս կյանքը. մի՞թե ամբողջ աշխարհում միայն ինքս կամ...
Երբ մարդ պարփակվում է իր <<ես>>-ի մեջ, այն դարձնում կյանքի կենտրոնն ու աշխարհը, երբ մարդ ավելորդ համեստությամբ ու ամաչկոտությամբ փակվում է իր հոգու խորքում, մշտապես նայում իր <<ես>>-ին և սպասում լսելու Աստծո ձայնը, ինչպե՞ս կարող է ունկնդրել Արարչի խոսքը, երբ իրականում ինքն իրենով է հմայված...
Հովհաննես Մանուկյան