21 Դեկտեմբեր, Շբ
Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետը Ընդհանրական եկեղեցու սիրված սրբերից է: Նա իր երկրային կյանքը նվիրեց Հիսուս Քրիստոսին և Աստծո խոսքի քարզչությանը, ապրեց սրբությամբ և միշտ հավատարիմ ու հաստատուն մնաց Տիրոջ պատգամներին: Մեծանուն հայրապետը ծնվել է Մծբին քաղաքում (այժմյան Թուրքիայի և Պարսկաստանի սահմանագծին): Նա մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ՝ Խոսրովուհու որդին է: Ըստ վկայաբանության՝ Հայոց Խոսրով Ա Մեծ (211-259) թագավորի սպանությունից հետո, դայակի ձեռքով տարվել է Կեսարիա, որտեղ և կրթվել է քրիստոնեական ոգով: Ավելի ուշ քույրը նրան տարել է Պարսկաստան, որտեղ ապրել է արքունիքում: Պալատական ցոփ ու շվայտ կյանքը չէր հետաքրքրում Հակոբին: Ներքուստ զգալով Աստծո կանչը՝ նա նախընտրում է ճգնավորական կյանքը:
Երանելի Հակոբը հանձն առավ միայնակեցությունը. բնակվում էր անապատում, անտառներում, լեռների գագաթներին, գարնանն ու ամռանը բացօթյա և միայն ձմռանն էր հաստատվում փոքրիկ քարայրում, ուր մարմինն էր միայն տեղավորվում: Կերակրվում էր ոչ ըստ մարդկանց սովորության՝ մարմնականով, այլ սնվում էր Սուրբ Հոգու շնորհներով: Հավաքում էր լեռան վրա եղած ծառերի պտուղները և դրանցով գոհանում, հագնում էր այծի կոշտ մազից պատրաստված հագուստ: Այսպես խստամբերությամբ, զանազան տանջանքներով ճնշում էր իր մարմինը՝ միշտ աչքի առաջ ունենալով հանդերձյալ կյանքը, ինչպես ասված է Պողոսի խոսքում. «Տեսնում ենք որպես հայելու մեջ» (Ա Կորնթացիներ 13.12): Ինչ որ խնդրում էր Աստծուց, անհապաղ տրվում էր նրան: Հանապազօրյա աղոթքների և ճգնությունների շնորհիվ հասնելով մեծ սրբության՝ Հակոբը մարգարեության, ինչպես նաև հրաշքներ գործելու և բժշկություն անելու շնորհ է ստանում Տիրոջից: Իր աղոթքներում այսպես էր ասում. «Մեկ Աստված, ամենալույս, ամենակալ, մեկ իշխանություն, անկարոտ որևէ բանի: Զարմանալիքների զարմանալիք, որ ամեն ինչը ոչնչից ստեղծեցիր: Հզոր և փրկիչ, ազատարար, քավիչ, բժշկապետ, անոխակալ, բարի և խնամածու՝ ոչ միայն արդարների, այլ և մեղավորների: Դու որ ամենակարող ես, մի բաժակ ջրի կարոտ եղար խաչի վրա, և մեկը չտվեց քեզ: Դու որ օվկիանոսները և ծովերը ստեղծեցիր, լեղի և քացախ տվեցին Քեզ: Դու որ Ադամի կողից կին ստեղծեցիր, ահա Քո կողդ խոցեցին: Դու մշտնջենավոր Աստված լինելով համբերում ես մեզ փրկագործելու համար»: Ահա այսպես ապրում էր ճգնությամբ և աղոթքներով:
Ապա Սբ. Հակոբը Սուրբ Հոգու ներգործությամբ մեկնում է Մծբինի վանքերից մեկը՝ Մարուգե ճգնավորի մոտ: Երբ Մարուգեն տեսնում է նրան, շատ է ուրախանում և մարգարեանում է, որ նա օրերից մի օր դառնալու է Մծբին քաղաքի եպիսկոպոսը: Մարուգե ճգնավորը դառնում է Սբ. Հակոբի ուսուցիչն ու խորհրդատուն, նրանք երկուսով լծվում են Հիսուս Քրիստոսի Ավետարանի քարոզչությանն ու տարածմանը՝ իրենց ապրած կյանքով օրինակ դառնալով բոլորին:
Մի օր Հակոբ Մծբնեցին մոտենում է Սաթիթմա գետին, որի մոտ գյուղացիներ էին աշխատում: Երբ երանելին նրանցից խնդրում է ցույց տալ, թե որտեղ է գետի հունը և որտեղով կարելի է գետը անցնել, նրան, ծաղրելով, պատասխանում են. «Դու ճգնավոր ես, ջրի վրայով անցիր»: Սուրբ Հակոբը, հանելով իր վերարկուն, գցում է ջրի վրա և քայլելով անցնում գետը: Սա սրբի գործած առաջին հրաշքն էր:
Մի առիթով Սուրբ Հակոբը տեղեկանում է, որ Մծբինի շրջակայքի բնակիչները թեև դարձի են եկել, սակայն ծաղրում են ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին պատմությունը: Սուրբը որոշում է անձամբ բարձրանալ Արարատ լեռն ու տապանից մասունք բերելով՝ փարատել անհավատների կասկածները: Հակոբ Մծբնեցին լանջերին հոգնում է և ննջում: Եվ ըստ ավանդության, Աստծո հրեշտակը նրա մոտ է դնում Նոյյան տապանից մի մասունք: Երբ արթնանում է, գոհություն է հայտնում ու փառք տալիս Աստծուն այդ շնորհին արժանացնելու համար և վերադառնում Մծբին: Այստեղ կառուցվում է մի վանք, ուր զետեղվում է տապանի մասունքը: Սուրբ մասունքից ճառագայթող զորությունից շատ հիվանդներ են բժշկվում, ովքեր փառաբանում ու օրհնում էին Աստծուն իրենց հանդեպ ցույց տրված ողորմության համար: Հետագայում Սուրբ Հակոբի անունով եկեղեցի է կառուցվում այն վայրում, որտեղ սուրբը հրեշտակից ստացել էր տապանի մասունքը: Այժմ այս մասունքը պահվում է Սուրբ Էջմիածնում:
Ետդարձի ճանապարհին Արտամետ գյուղի աղբյուրի մոտ Սուրբ Հակոբը աղջիկների տեսավ, որոնք հանդերձներն էին լվանում: Երբ տեսան երանելիին, չպատկառեցին նրա երեսի փառքից և չծածկեցին իրենց սրունքներն ու գլուխները, այլ անամոթաբար նրա երեսին էին նայում: Կամենալով խրատել նրանց՝ սուրբը անիծեց աղբյուրը, և այն անմիջապես ցամաքեց, իսկ աղջիկների մազերը սպիտակեց: Երբ այս ամենը տեսան, նրանք, Սուրբ Հակոբի հետևից գնալով, խնդրեցին վերադառնալ և աղբյուրից ջուր բխեցնել: Նա վերադարձավ, աղոթեց, և ջուրը բխեց ինչպես նախկինում: Սակայն աղջիկների մազերը չսևացրեց, որպեսզի այդ տեսնելով՝ Աստծուն չմոռանան:
Մի քաղաքում Սուրբ Հակոբը ականատես եղավ, թե ինչպես է դատավորը երկու եղբայրների դատավարությունը անիրավությամբ անցկացնում: Նա անիծեց վեմը, որն անմիջապես փշրվեց: Սրանով նա կամեցավ հանդիմանել դատավորի անիրավությունը: Այս տեսնելով՝ դատավորը արդարությամբ դատը անցկացրեց:
Սուրբ Հակոբին վերագրվող հրաշագործություններն բազմաթիվ են: Մի գյուղում գյուղացիները, իրենցից մեկին մեռած ներկայացնելով, ցանկանում են խաբեությամբ նրանից դրամ կորզել և խնդրում են թաղման ծախսը: Սուրբը տալիս է դրամը և հեռանում, իսկ մեռած ձևացող գյուղացին նույն պահին մեռնում է: Նրա ընկերները սարսափած՝ զղջում ու ներողություն են հայցում սրբից, և նա աղոթքով նորից վերակենդանացնում է մեռածին:
Երբ Շապուհ պարսից թագավորը մեծաքանակ զորքով հարձակվում է Մծբին քաղաքի վրա, քաղաքի բնակիչները սարսափահար դիմում են Սուրբ Հակոբին՝ խնդրելով նրա օգնությունը: Սուրբն աղոթում է, և մոծակների ու մժեղների մի հսկայական պարս թափվում է պարսիկների ձիերի վրա. ձիերը խուճապահար այս ու այն կողմ են փախչում, իսկ զինվորները՝ հետիոտն նահանջում: Քաղաքի բնակիչները տեսնելով անպատմելի հրաշքը՝ փառք են տալիս Աստծուն:
Երբ վախճանվում է Մծբինի եպիսկոպոսը, կարիք է զգացվում նոր հայրապետ ընտրելու (հնում քաղաքի եպիսկոպոսներին հայրապետ էին կոչում): Եվ Մծբինում մինչ եպիսկոպոսները խորհրդածում էին, թե ով պիտի լինի հաջորդը և պատրաստվում էին ընտրություն կատարել, Աստված տեսիլքի մեջ Մարուգեին հայտնում է, որ արժանի հաջորդը Սուրբ Հակոբն է: Նրան էլ ընտրում են եպիսկոպոս: Եպիսկոպոս ձեռնադրվելով՝ Սուրբ Հակոբ Մծբնեցին իր քարոզներով դարձի բերեց շատերին, հիմնեց դպրոցներ ու եկեղեցիներ, ինչպես նաև կազմակերպեց պարսից Շապուհ արքայի կողմից պաշարված Մծբինի 70-օրյա պաշտպանությունը:
Սուրբ Հակոբը մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325): Եղել է Եփրեմ Ասորու ուսուցիչը: Ըստ ավանդությունների գործել է այլ հրաշքներ ևս. Հիսուս Քրիստոսի անունով բուժել է անդամալույծների, հարություն տվել մի մեռած մանկան և այլն:
Սուրբ Հակոբի մասին ավանդություններից մեկն էլ պատմում է, որ Ռշտունյաց Մանաճիհր իշխանը գերի է տանում շրջակայքում ապրող հոգևորականներին: Սուրբ Հակոբի խնդրանքներին՝ ազատել հոգևորականներին, Մանճիհրը անլուր է մնում: Սուրբն անիծում է նրան և Ռշտունյաց աշխարհը, որից հետո այստեղ սկսվում է անբերրի տարիների երկարատև շրջան: Սուրբ Հակոբի մահից հետո Ռշտունյաց աշխարհի բնակիչները գալիս են Մծբին և խնդրում նրա նշխարներից՝ հուսով, որ դրանց զորությամբ կհեռացնեն երկրին հասած պատուհասը: Սուրբի նշխարների բերելուց հետո միայն երկիրը ազատվեց աստվածադիր պատուհասից:
Երբ Սուրբ Հակոբը հոգին ավանդեց, նրա մարմնից անուշահոտություն բուրեց, և նրա աճյունի վրա լույս էր ճառագում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվեց մի եկեղեցի:
Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետը թողել է ինչպես աստվածաբանական, այնպես էլ կրոնաբարոյախոսական ճառեր ու գրվածքներ:
Սուրբ Գրիգոր Նարեկացին նրա մասին ներբող է գրել, իսկ Սուրբ Ներսես Շնորհալին՝ «Յաղթող և սուրբ հայրապետ» շարականը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի հիշատակը տոնախմբում է Հիսնակաց երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հետ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը